Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վեպ-պատմվածաշարըթարգմանվել է հայերեն
Նյութը Զավեն Բոյաջյանի ֆեյսբուքյան էջից
Թուրք կին գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վեպ-պատմվածաշարը՝ պոստմոդեռնիստական ինտելեկտուալ ձևվածքով, բայց և թրթռուն հուզականությամբ ու պոետիզմով դրոշմված մի աննման գործ, Ջունդայի թարգմանական մոդելի կիրառման առաջին փորձն է մեզանում: Այս արտասովոր մոդելի էությունն այն է, որ գրական գործը թարգմանվում է մի խումբ թարգմանիչների միաժամանակյա համատեղ ջանքերով: Տվյալ դեպքում «Հա՛հ»-ը թուրքերենից հայերենի են վերածել յոթ թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյանը, Նարինե Թադևոսյանը, Անի Սարուխանյանը, Արտակ Շաքարյանը, Վարդուհի Բալյանը, Տաթևիկ Սարգսյանը և Սաթենիկ Պետրոսյանը: Նրանց թարգմանածը համադրել ու խմբագրել ենք Արմեն Հայաստանցին (Օհանյան) և ես: Բոլորս էլ շատ ենք ջանք թափել թուրքական ժամանակակից արձակի ուշագրավ նմուշներից մեկը (որ Եվրամիության Գրական մրցանակին է արժանացել) բնագրին վայել մակարդակով ու իր յուրահատուկ շնչով հայերեն հարազատորեն վերարտադրելու համար: Իմ կարծիքով տպավորիչ արդյունք է ստացվել, հուսով եմ՝ շուտով դրանում կհամոզվեն և ընթերցողները, քանի որ գիրքն արդեն մտավ տպագրության փուլ: