Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն՝ հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիտորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագիրը
Իրավազեկ ենք ու պատրաստ պաշտպանելու մեր իրավունքները
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը (Երևան, ՀՀ) և վերջինիս միջազգային գործընկերը՝ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» (ԵՉՔԿ) հասարակական կազմակերպությունը (Ստրասբուրգ, Ֆրանսիա) հայտարարում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանությանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի սկիզբը։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել հաշմանդամների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ու իրազեկմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Վերջիններիս նպատակն է ծանոթացնել շահառուներին Եվրախորհրդի չափանիշներին, որոնք հարկավոր է հաշվի առնել հաշմանդամների շահերը պաշտպանելիս: Ծրագրի հիմնական գործողությունները տեղի կունենան Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում:
Ծրագրի շահագրգիռ կողմերը կհամագործակցեն՝ բացահայտելու հակասությունները ՀՀ օրենսդրության և Եվրոպական սոցիալական խարտիայի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի Կոնվենցիայի դրույթների միջև: Ծրագրի շրջանակներում տեխնիկական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի հասարակական կազմակերպություններին երկու այլընտրանքային հաշվետվություններ պատրաստելու համար: Հաշվետվությունները կներկայացվեն Սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտե և Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով և կբացահայտեն Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության ոլորտում առկա թերացումները: Այսպիսով, ծրագիրը կնպաստի հասարակական կազմակերպությունների ներգրավվածությանը Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին:
Նախքան ծրագրի հիմնական գործողությունների սկիզբը միջազգային փորձագետները Հայաստանում կանցկացնեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության խորքային ուսումնասիրություն: Վերջինիս արդյունքները հանրությանը կներկայացվեն վերլուծական հաշվետվության տեսքով և կներառեն բարեփոխման առաջարկներ՝ ուղղված պատասխանատու պետական մարմիններին:
ԵՉՔԿ հկ-ն կնախապատրաստի ձեռնարկ, որը կանդրադառնա Եվրախորհրդի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության չափանիշներին: Ձեռնարկը կծառայի որպես տեղեկատու հասարակական կազմակերպությունների և առհասարակ բոլոր հետաքրքրված անձանց համար: Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը, հայերեն և անգլերեն լեզուներով, հասանելի կլինի «Փյունիկ» և ԵՉՔԿ հկ-ների կայքերում:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվի նաև վեցամսյա առցանց դասընթաց հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների համար: Դասընթացը հասանելի կլինի Եվրախորհրդի HELP ծրագրի առցանց հարթակում: Դասընթացի նյութերը, որոնց հիմքում ընկած կլինեն Եվրախորհրդի մարդու իրավունքների չափանիշները, կպատրաստվեն միջազգային և տեղական փորձագետների կողմից: Հարթակի հղումը կտեղադրվի «Փյունիկ» ՀԿ-ի կայքում (www.pyunic.am):
Հաշմանդամություն ունեցող անձանց կարողություններն ու անսպառ եռանդը հանրությանը ներկայացնելու համար կկազմակերպվի Մարաթոն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և վերելք դեպի Արագած լեռը: Ծրագրի տարբեր միջոցառումների ժամանակ Երևանում, Գյումրիում և Վանաձորում կցուցադրվի նաև Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավիճակը ներկայացնող լուսանկարների ցուցահանդես:
Ծրագրի տևողությունը: 1 փետրվարի, 2017 – 31 հունվարի, 2019
Ծրագրի բյուջե: 200,000 Եվրո (101,318,000 ՀՀ դրամ)