«Հայաստանում խտրականության դեմ պայքարի առաջընթաց է նկատվում». «Ֆրիդըմ հաուսի» ներկայացուցիչ
Մարտի 1-ը Զրո խտրականության օրն է։ Այն միջազգային տոն է, որը խրախուսում է զանազանությունը և ճանաչում բոլոր մարդկանց հավասարությունը։ «Ամերիկայի Ձայն»- ին տված հարցազրույցում «Ֆրիդըմ հաուս» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը նաև անդրադառնում է խտրականության հարցին Հայաստանում:
Միավորված ազգերի կազմակերպությունը մի շարք այլ նմանատիպ հաստատությունների հետ միասին ակտիվորեն նպաստում է Զրո խտրականության օրվա լուսաբանմանը: Այս տոնի կապակցությամբ մարտի 1-ին զանազան միջոցառումներ են կազմակերպվում մարդկային կյանքը գովաբանելու համար՝ անկախ նրանց տարիքից, սեռից, սեռական կողմնորոշումից, ազգությունից, ազգային պատկանելությունից, մաշկի գույնից, քաշից, մասնագիտությունից, կրթությունից և կրոնից:
Զրո խտրականության օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Դուրս արի՛ և մեկնի՝ր ձեռքերդ», որը միջազգային հանրությանը խրախուսում է միավորվել և հարգել միմյանց միջև առկա տարբերությունները:
Այս տոնի խորհրդանիշը թիթեռնիկն է, որը մարդիկ հաճախ օգտագործում են իրենց պատմությունները կիսելու համար՝ մյուսներին քաջալերելով վերջ տալ խտրականություններին:
Աշխարհի մի շարք երկրներում միլիոնավոր կանայք և աղջիկներ բռնության են ենթարկվում, զրկված են բժշկական օգնությունից և կրթության իրավունքից: Գրեթե 80 պետություններում միասեռականությունը պատժելի հանցանք է համարվում և 38 պետություններում ՄԻԱՎ-ի վարակով տառապող մարդկանց մուտքն արգելվում է:
«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում «Ֆրիդըմ հաուս» վերլուծական կենտրոնի փորձագետներից Էլեն Աղեկյանը նշում է, որ հետխորհրդային երկրների կառավարությունների մեծ մասը աչք են փակում խտրականությունների վրա, կամ նույնիսկ դրանք խրախուսում: Նրա խոսքերով, նման քաղաքականությունը խորապես արտահայտված է Ռուսաստանում:
Աղեկյանն ասում է. «Այս երկրներում խտրականություն են դրսևորում թե՛ փոքր խմբավորումները և թե՛ կառավարությունը: Մարդկանց բացասաբար են վերաբերվում, աշխատանք չեն տրամադրում նրանց ազգային պատկանելիության, հաշմանդամ կամ պարզապես կին լինելու պատճառով»:
Էլեն Աղեկյանի խոսքերով, այս երկրներում խտրականության հաղթահարման համար անհրաժեշտ է երեք հիմնական գործոն:
Աղբյուրը 168․am