Հայաստանի բնակիչների 45%-ը կարող է բարերար լինել
Աղբյուրը՝ www.mediamax.am
Ամեն աշուն անհամբեր սպասում եմ, թե երբ է Charities Aid Foundation-ը հրապարակվելու ամենամյա Բարեգործության համաշխարհային ինդեքսը։ Վերջապես ստացա այս տարվա ուսումնասիրությունը։ World Giving Index-ն անցկացվում է 2010 թվականից գրեթե 150 երկրներում եւ հաշվի է առնում դրանց բնակչության սոցիալական ակտիվության 3 ցուցանիշ.
- մարդկանց որ տոկոսն է օգնում անծանոթներին,
- որ տոկոսն է նվիրատվություն կատարում բարեգործական կազմակերպություններին,
- որ տոկոսն է կամավորական աշխատանք կատարում։
Դեռ նախորդ տարի Ֆեյսբուքում մի փոքր ամփոփում գրեցի Հայաստանի վերաբերյալ։ Այս տարի ուզում եմ ավելի մանրամասն ներկայացնել այն հետաքրքիր թվերն ու փաստերը, որոնք վերաբերում են թե՛ մեր երկրին, թե՛ ամբողջ աշխարհին։ Հիմնականում կխոսեմ այն մասին՝ ինչ պոտենցիալ կա Հայաստանում, ինչու այն չի օգտագործվում, ինչպես սկսել աշխատել այդ ուղղությամբ։
Հայաստանը եւ աշխարհը
Հայաստանը 146 երկրների շարքում այս տարի զբաղեցնում է 123-րդ տեղը։ Նախորդ տարի 139 երկրների շարքում 122-րդն էր։
Օգնություն անծանոթներին
Հետաքրքիր է, որ տարեցտարի Հայաստանը գրեթե նույն, շատ բարձր ցուցանիշն ունի առաջին կետով՝ օգնություն անծանոթներին։ Ըստ ուսումնասիրության, մեր երկրի բնակչության 45%-ն օգնություն է ցուցաբերում անծանոթ մարդկանց (100-րդ տեղ)։ Նախորդ տարիներին ցուցանիշը տատանվել է 41-ից մինչեւ 51%:
Նվիրատվություն բարեգործական կազմակերպություններին
Շատ ավելի ցածր ցուցանիշ ունենք երկրորդ կետով՝ նվիրատվություն բարեգործական կազմակերպություններին՝ ընդամենը 15% (107-րդ տեղ)։ Համեմատության համար՝ այս ցուցանիշով առաջին հորիզոնականում գտնվող Մյանմայի բնակչության 88%-ն է կատարում նվիրատվություն բարեգործական կազմակերպություններին։ Բայց կարելի է նաեւ ուրախանալ, քանի որ այս կետով այս անգամ Հայաստանը գրանցել է իր երբեւէ ունեցած լավագույն ցուցանիշը եւ նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 3%-ով։ 2010-2017 թվականներին այս ցուցանիշը տատանվել է 6%-12%-ի միջակայքում։
Կամավորական աշխատանք
Հայաստանի ամենացածր ցուցանիշն ամեն տարի կամավորական աշխատանք կատարած մարդկանց տոկոսն է, այս տարի՝ ընդամենը 9% (130-րդ տեղ)։ Թեեւ այս տարի ցուցանիշը ավելի քան երկու անգամ բարելավել է իր դիրքերը (նախորդ տարի՝ 4%), համեմատության մեջ այն շատ ցածր է։ Այս կետով առաջին հորիզոնականում գտնվող Ինդոնեզիայի բնակչության 53%-ը կամավորական աշխատանք է կատարում։ Հայաստանում այս ցուցանիշը 2010 թվականին է եղել ամենաբարձրը՝ 12%, այնուհետեւ, նվազելով ամեն տարի, հասել է ամենացածր տոկոսին նախորդ տարում եւ այս տարի կրկնակի աճել։
Ի՞նչ է սա նշանակում
Հայաստանում բնակչության գրեթե կեսն ունի սոցիալական ակտիվություն։ Բնակչության 45%-ն օգնում է անծանոթ մարդկանց (մուրացկաններ, սոցիալական ցանցերում օգնության կոչերի հեղինակներ, անապահով ընտանիքներ, եւ այլն), սակայն դա չի համարվում երկարաժամկետ արդյունք ունեցող աջակցություն, համակարգային ներդրում։ Օրինակ, անապահով ընտանիքին գումար տալով՝ մենք չենք լուծում այդ մարդկանց հիմնական խնդիրը (չկա ֆինանսական կայունություն), այլ պարզապես տալիս ենք մեկ օրվա/ժամվա հացի խդնիրը լուծելու հնարավորություն։ Իսկ օրեր հետո այդ մարդիկ էլի նույն խնդիրն են ունենում։ Այսինքն, մենք ոչինչ դրանով չենք փոխում, մեր ներդրման արդյունքն այդ մարդկանց մեկ օրվա կուշտ ստամոքսն է։
Հայաստանում բնակչության ընդամենը 15%-ն է նվիրատվություն կատարում բարեգործական ծրագրերին, կազմակերպություններին։ Հիմնականում հենց այս կազմակերպություններն են առաջարկում համակարգային լուծում. ստեղծել աշխատանք, տալ կրթություն, փոխել կյանքի որակը։
Բայց ինչո՞ւ Հայաստանում ունենք այս պատկերը՝ շատերը գումար են տալիս հենց անծանոթներին, այլ ոչ թե կազմակերպություններին։ Ես տեսնում եմ հիմնական մի քանի պատճառներ, որոնք վկայում են մեկ բանի մասին՝ բարեգործական ոլորտի կազմակերպությունները պետք է ավելի պրոֆեսիոնալ մոտեցում կիրառեն, ակտիվ եւ համառ պայքարեն բնակչության իրազեկման, վստահության համար։ Որքան ավելի շատ լինի այս մարդկանց տոկոսը, այնքան ավելի կայուն կկարողանա զարգանալ կազմակերպությունը, քանի որ ամենակայուն բարերարները միջին խավի մարդիկ են։
Որո՞նք են խնդիրները.
- Բնակչությունը շատ փոքր մասն է վստահում բարեգործական կազմակերպություններին։
Ցավոք, բայց իրոք այդպես է։ Հայաստանի պատմության մեջ եղան մարդիկ/կազմակերպություններ, որոնք խաղացին մարդկանց վստահության հետ, եւ տուժեց բարեգործության ամբողջ ոլորտը։ Որպես արդյունք՝ մարդիկ ավելի շատ վստահում եւ գումար են տալիս անծանոթ մարդկանց, որոնցից չեն կարող պահանջել թափանցիկություն, հաստատող փաստաթղթեր եւ այլն։ Եվ չեն վստահում կազմակերպություններին, որոնց կարելի է հետեւել եւ ստանալ նվիրաբերված գումարի վերաբերյալ հաշվետվություն։
- Բարեգործական կազմակերպությունները չեն կենտրոնանում հայաստանյան բնակչության ներգրավման, կամ վստահությունը շահելու վրա։
Այս կազմակերպությունները պոտենցիալը տեսնում են հիմնականում արտասահմանյան/սփյուռքի շուկայում, քանի որ ավելի հեշտ եւ արագ է աշխատել այդ ուղղությամբ, այլ ոչ թե փոխել հայաստանյան բնակչության վերաբերմունքը բարեգործության վերաբերյալ։ Որպես արդյունք՝ չի օգտագործվում հայաստանյան բնակչության 45%-ի վճարունակության/աջակցության ռեսուրսը։
- Բարեգործական կազմակերպությունների մեծ մասը չունի համապատասխան մասնագիտական ռեսուրսներ՝ իրավիճակը փոխելու համար։
Հայաստանում չկա որեւէ կառույց, որ սոցիալական/բարեգործական ոլորտի մասնագիտական կրթություն է տալիս։ Այս ոլորտի մասնագետներից յուրաքանչյուրը գալիս է իր փորձով, գիտելիքով, հմտություններով։ Շատ կազմակերպություններ առհասարակ չունեն հանրային կապերի առանձնացված պատասխանատու, ֆոնդահայթայթման մասնագետ։ Հիմնականում կա մեկ մասնագետ, ով անում է եւ մարքեթինգի, եւ ֆոնդահայթայթման, եւ կորպորատիվ գործընկերների ներգրաման, եւ հանրության հետ կապերն ապահովելու աշխատանքը։ Արդյունքում՝ հիմնական աշխատանքը տարվում է միայն հնարավորինս շատ գումար դրսից կամ տեղացի մեծահարուստ մարդկանցից հայթայթելու ուղղությամբ, քանի որ դա է առաջնահերթությունը, իսկ ժամանակը սահմանափակ է հանրության հետ այլ ուղղությամբ աշխատելու համար։
Ի՞նչ անել
Այն, ինչ ուզում էի առաջարկել որպես լուծում, գտա այս տարվա ուսումնասիրության հատուկ արշավի շրջանակներում։
Այս տարվա ինդեքսի հետ մեկտեղ CAF-ը նախաձեռնել է ծրագիր՝ «Նախապատրաստելով նվիրատվությունների աճի համար անհրաժեշտ հիմքը»։ Այս արշավը շեշտադրում է արագ զարգացող երկրների տնտեսական ներուժը` միջին խավը կարող է ավելի շատ ներգրավված լինել բարեգործության մեջ։
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2030 թվականին աշխարհում միջին խավը կկազմի 2,4 միլիարդ մարդ։ Սա է այն ներուժը, որը պետք է օգտագործել։
Այս առիթով արշավը կոչ է ուղղում բարեգործական կազմակերպություններին․
- ապահովել արդյունավետ կառավարում եւ թափանցիկություն, որպեսզի բարձրացնել հասարակության վստահության մակարդակը սոցիալական ոլորտի կազմակերպությունների հանդեպ;
- ակտիվ ներգրավել լոկալ հասարակությունը որոշումների կայացման հարցում, որպեսզի այս տիպի կազմակերպությունները կարգավորվեն տեղական մակարդակով;
- Ճանաչել եւ հիմք ընդունել բարեգործության ավանդական մեթոդները, որպեսզի ստեղծել բարեգործության այնպիսի մշակույթ, որը կխթանի տեղական համայնքի ամրապնդումը։
Այստեղ ավելացնեմ, որ վերջերս մի քանի ընկերներիցս, ովքեր աշխատում են միջազգային բարեգործական կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներում, կամ ստանում են արտասահմանյան դրամաշնորհներ, լսել եմ, որ հաջորդ տարվանից իրենց կազմակերպությունները պետք է զարգացնեն կամ սկսեն տեղական ֆոնդահայթայթումը։ Պատճառը՝ Հայաստանը զարգացող երկրներից անցում է կատարել դեպի զարգացած երկրների շարք։
Հայաստանի զարգացման աստիճանը կարելի է երկար քննարկել եւ վիճել դրա շուրջ, բայց դա չի փոխի այն փաստը, որ տեղի սոցիալական/բարեգործական ոլորտի կազմակերպությունները պետք է սկսեն աշխատել հայաստանյան բնակչության ակտիվ ներգրավման եւ դրա ներուժն օգտագործելու ուղղությամբ։
Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: