Արարատում իր դռները բացեց համայնքի նոր Ինֆոտունը
Արարատ, Հայաստան – Համայնքների ֆինանսիստների միավորումը և գործընկերները հունիսի 8-ին Արարատում կայացած հանդիսավոր արարողությամբ ազդարարեցին Արարատի Ինֆոտան պաշտոնական բացումը։ Արարատի Ինֆոտունը ստեղծվել է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի և ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
2011 թվականից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Ինֆոտների ստեղծմանը՝ խթանելու մեդիա գրագիտությունը և նոր մեդիայի կիրառումը Հայաստանի տարբեր անկյուններում։ Արարատի Ինֆոտունը թվով յոթերորդն է Հայաստանում` միանալով Վանաձորի, Գյումրու, Արմավիրի, Մարտունու, Գորիսի և Իջևանի Ինֆոտների շարքին։ Երիտասարդ ակտիվիստների կողմից գործունեություն ծավալող Ինֆոտները ծառայում են որպես տեղեկատվական կենտրոններ, որոնք ներգրավված են համայնքային կյանքին։ Նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ մեդիա գրագիտության դասընթացներից մինչև ֆիլմերի ցուցադրություններ և «ֆլեշ մոբեր», որոնք բարձրացնում են հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին։ Ինֆոտները իրականացնում են նաև հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, սոցիալական քաղաքականության և տեղական և ազգային մակարդակներում հանրային հաշվետվողականության վերաբերյալ։
Բացման միջոցառման ընթացքում Արմավիրի զարգացման կենտրոնի նախագահ Նաիրա Առաքելյանը կիսվեց Արմավիրի Ինֆոտան իր հնգամյա փորձով: «Ինֆոտունը դա մի վայր է, որտեղ երիտասարդներին հնարավորություն է տրվում զարգացնելու իրենց հմտությունները, ներդնելու իրենց էներգիան համայնքներում՝ խթանելով քաղաքացիների մասնակցությունը բարեփոխումների գործընթացներին։ Այս ներդրումը օգնում է երիտասարդներին զգալ և գործել որպես փոփոխություններ նախաձեռնող»,- նշեց Նաիրա Առաքելյանը։
Ժապավենի կտրման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող երեք ծրագրերի` «ՀաՄաՏեղ», «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հասարակական կազմակերպությունների զարգացման» (ՀԿ Դեպո) պրեզենտացիան` ծրագրերի գործունեության ու Ինֆոտների ցանցի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Իրենց հերթին, նորաստեղծ Ինֆոտան ներկայացուցիչները խոսեցին Արարատի համայնքի խնդիրների և Ինֆոտան մոտակա առաջնահերթությունների մասին։
# # #
«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա նախաձեռնություն է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությունը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարում խթանելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ միասին: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: