Մշակութային հետագիծը ուշադրության կենտրոնում
Այս նյութն առաջին անգամ հրապարկվել է Ալիք Մեդիայի կայքէջում։ Հասանելի է այստեղ։
«Երբ 2021 թվականի սեպտեմբերին ազգագրագետների մեր խումբը ստացավ Մարտունու շրջանի՝ խորհրդային անցյալի եւ հետխորհրդային ներկայի մշակութային կյանքը հետազոտելու առաջարկ, այն առաջին հայացքից անկարեւոր թվաց: Բայց Մարտունի մեր առաջին այցից հետո պարզ դարձավ, թե ինչ խորքային եւ հետազոտության կարոտ նյութի հետ գործ ունենք մենք»,- պատմում է ազգագրագետ Գոհար Ստեփանյանը։
Նա իր գործընկերներ Շուշան Սարատիկյանի եւ Զարուհի Համբարձումյանի հետ ուսումնասիրել ու բացահայտել է խորհրդային ժամանակաշրջանում Մարտունի, Վարդենիս, Զոլաքար, Մադինա, Ծովասար եւ Ներքին Գետաշեն համայնքների մշակութային գործունեության առանձնահատկությունները: Հետազոտությունն արվել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության եւ «Մարտունի ԻնֆոՏան» համատեղ նախագծի շրջանակում:
Ազգագրագետներն իրենց հայտնաբերած մշակութային շինություններն անվանում են իրական գանձեր, որոնք կարող են դառնալ մշակութային կյանքի ծավալման համար նոր ու գրավիչ տարածքներ:
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված առաջին «գանձը» Զոլաքար գյուղի մշակույթի տան գեղմասվար Մխիթար Հարությունյանին պատկանող հացատունն է, որտեղ անցկացվել են Քալաշյան քույրերի պարի փորձերը: Այստեղ նաեւ ընդունված է եղել հանդերձավորել թաղի բոլոր հարսներին:
«Սա մի իսկական գանձարան է,- ոգեւորությամբ նկարագրում է ազգագրագետն ու հավելում,- ավանդական բնակարանային համալիր է, որն իր կառուցվածքով՝ հացատնով, երկու սրահներով, օդայով (գոմին կից սենյակով), ձիթհանքով, կահ-կարասիով, սրբի անկյունով, ավանդական կյանքի կենդանի դրվագ է»:
Զոլաքարի մշակութային այս բացառիկ անկյունն այժմ վերածվել է թանգարանի, ուր այցելում են թե՛ գյուղի աշակերտները, թե՛ բազմաթիվ զբոսաշրջիկներ: Հոլանդացի մի պարուսույց իր տարեց սաներին բերում է այստեղ՝ տանտիրոջից Ալաշկերտի պարերը սովորելու:
Այս հացատունը ավերումից փրկելու համար հարկավոր է նորոգել: Այն կարող է դառնալ Հայաստանի համար եզակի թանգարան-հացատուն-պարասրահ: Ավելին՝ հացատունը կարելի է դարձնել հարսանեկան պարերի ուսուցման վայր:
Խոսելով խորհրդային տարիների մշակույթի տների եւ մշակութային ճարտարապետության ավանդական հիմքի մասին՝ Ստեփանյանն ասում է. «Հայտնի է, որ խորհրդային շրջանում ազգային շատ իրողություններ կարողացան կենդանի մնալ հենց հայ ընտանիքների շնորհիվ: Ընտանիքը դրանց համար դարձավ ինքնատիպ ապաստարան եւ այն սոցիալական միավորը, որը վճռորոշ եղավ այդ տարիներին մշակութային շինարարության իրականացման գործում»:
Խորհրդային շրջանում ազգային երգի ու պարի ժառանգությունը ընտանեկան հարկի տակ էր ծվարել: Այն տեսանելի էր դառնում կամ համայնքային հնչեղություն էր ստանում հատկապես հարսանիքների ժամանակ: Այս առումով ամենատիպականը Բադալյան քույրերի՝ Վարդենիկ գյուղում հիմնած «Մասիս» պարային խմբի եւ Քալաշյան չորս քույրերի՝ Զոլաքարի անսամբլի օրինակներն են:
Մշակութային կյանքի ծավալման բոլորովին այլ հետագիծ ունի Մադինան, որը խորհրդային տարիներին ձեռք է բերում «Նկարիչների գյուղ» անունը: Այդ անունը Մադինային շնորհած նկարչության ուսուցիչ Ներսես Կարապետյանի գործունեությունն ապացուցում է, որ չնայած Խորհրդային Միությունում «անցանկալի թեմաների» եւ «անցանկալի անձանց» առկայությանը՝ որոշ նվիրյալներ կարողանում էին ճեղքել ժամանակի գաղափարախոսական ու քաղաքական պատնեշները:
Նորարարական մեթոդներով աշխատող մանկավարժ Կարապետյանի դասերը աշակերտների պահանջով տեւում էին մինչեւ ուշ գիշեր: Դրանք ունեին ազատ բովանդակություն, ինչը ներառում էր ոչ միայն կերպարվեստի հմտությունների փոխանցում, այլեւ աշխարհայացքի ձեւավորում:
Վերադառնալով մեր օրեր՝ ազգագրագետը կարծում է, որ այսօր բացակայում է մշակութային համակարգված քաղաքականությունը: Օրինակ՝ Ներքին Գետաշենում գործող մշակույթի տունը հետխորհրդային շրջանում երբեք չի վերանորոգվել: Սակայն 2021 թվականին Արամազդ Կյուրեղյանը սեփական միջոցներով նախ վերանորոգել է մարզադահլիճը, ապա համագյուղացիների հանգանակություններով՝ մնացած տարածքը: Որպես արդյունք՝ մշակույթի տան շենքում՝ հետխորհրդային ավերակների մեջ, ստեղծվել են կենդանության կղզյակներ:
Ազգագրագետների հետ հանդիպմանը ներկա էին համայնքի բնակիչները, հետազոտության բանախոսները, «Մարտունի ԻնֆոՏան» կամավորները, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աշխատակիցները եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Նրանք փորձեցին հետազոտությունից բխող առաջարկները բերել գործնական դաշտ եւ քննարկել հնարավոր անելիքները։
Եղան մի շարք առաջարկներ՝ ստեղծել մշակույթի տների աշխատանքի գնահատման որոշակի մեխանիզմ, ակտիվացնել միջհամայնքային կապերը, կատարել խորհրդային ժառանգության հուշայնացում՝ խորհրդային մշակույթի տների «ուրվականների» պահպանմամբ եւ ցուցադրության անկյունների ստեղծմամբ:
Մարտունու մշակույթի տան տնօրեն Սամվել Դավթյանն առաջարկեց նաեւ գործող խմբերի շրջանավարտներին վկայագրեր տրամադրել, ինչը կբարձրացնի կրթօջախի հաճախելիությունը:
Ծրագիրն իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: