Այլընտրանքային 33. ֆիրդուս թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային այլընտրանքային առաջարկների մրցույթ
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն՝ նախաձեռնելով այս մրցույթը, ցանկանում է գտնել լավագույն այլընտրանքային լուծումները Երևան քաղաքի թիվ 33 (հանրության շրջանում ավելի հայտնի՝ Ֆիրդուսի) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման համար։
Հիմք ընդունելով դեռևս 2015 թվականին ներկայացված և բազմաթիվ երևանցիների ու մասնագետների քննադատությանն արժանացած, քաղաքային իշխանությունների կողմից դեռևս չհաստատված անընդունելի նախագիծը՝ 2020 թվականի հունիսից սկսվեցին տարածքում առկա արժեքավոր շինությունների քանդման աշխատանքները:
Չնայած դրան հաջորդեցին բազմաթիվ հանրային ու մասնագիտական քննարկումներ, իշխանությունները դեռ նախատեսում են իրականացնել 2015 թվականի նախագիծը, որի շրջանակում վերացվում է թաղամասի պատմականորեն ձևավորված քաղաքային միջավայրը։
Ելնելով վերը նշված հանգամանքից՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հանդես է գալիս այս մրցույթն իրականացնելու նախաձեռնությամբ։
Քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային առաջարկների մրցույթի նպատակն է՝ բաց և մրցակցային գործընթացներով քաղաքային պլանավորման (քաղաքաշինական) մակարդակում բացահայտել տնտեսական, սոցիալական և բնապահպանական առումով իրագործելի և կայուն լուծումներ, որոնք կհենվեն պատմականորեն ձևավորված քաղաքային միջավայրի պահպանության և վերարժևորման սկզբունքի վրա։
Մրցութային փաթեթը կտրամադրվի գրանցված մասնակիցներին 2020 թվականի հուլիսի 15-ին։
33-րդ (Ֆիրդուս) թաղամասի առաջարկվող նախագծի ընդունելիության վերաբերյալ տեղեկություններն առկա են մեր էջում՝ facebook.com/OtherYerevan
Կապ՝ [email protected]