Հայտարարություն․ Անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը
Հայտարարության աղբյուրը
Ս. թ. հունիսի 13-ին Երևան քաղաքի ավագանու նախաձեռնությամբ տեղի ունեցավ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) ճակատագրին նվիրված համատեղ արտահերթ նիստ, որին մասնակցեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (առցանց), Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, ավագանու անդամներ, մասնագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում ավագանու և քաղհասարակության ներկայացուցիչները վեր հանեցին Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրի վերաբերյալ բազմաթիվ խնդրահարույց կետեր, մասնավորապես՝ ծրագրի հաստատման, նախագծի, իրացման համար պատասխանատու ընկերությունների, կառուցապատող կազմակերպությունների, նախագծի գլխավոր ճարտարապետի ընտրության, ներդրողների ինքնության և նախկին գործունեության, թաղամասի և այնտեղ գտնվող հուշարձանների պատմամշակութային արժեքի գնահատման, բնակիչներին տրամադրվող փոխհատուցման և դրանց երաշխիքների վերաբերյալ հարցեր։ Փաստենք, որ պատկան մարմինների արձագանքն ավագանու անդամների և մեր հարցերին հաճախ խուսափողական և շեղող էր, որոշ դեպքերում՝ ուղեկցվող անթույլատրելի որակումներով։ Հանրային կարևորություն ունեցող խնդիրներին գործադիրը որևէ հստակ և արժանահավատ պատասխան չտվեց և չփարատեց մեր անհանգստությունն ու կասկածները։
Ուստի սույն հայտարարությամբ
Անընդունելի ենք համարում.
- Քաղաքապետ Հայկ Մարությանի խուսափողական կեցվածքը մայրաքաղաքի սրտում գտնվող, իր պատմամշակութային դիմագիծը դեռևս որոշակիորեն պահպանած եզակի և հնագույն թաղամասերից մեկի կառուցապատման խնդրահարույց ծրագրի քննարկումներում։ Մեզ համար առնվազն անհասկանալի է քաղաքային իշխանությունների նման մոտեցումը, խնդրին քաղաքապետի անպատասխանատու վերաբերմունքը և ստեղծված իրավիճակին չտիրապետելը։
- Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պահվածքը. անտեղի կերպով հուզական և բարոյախրատական իր ուղերձով նա փաստորեն արհամարհեց թաղամասում ապրող մարդկանց համակեցության, մշակութային արժեքների և պատմական միջավայրի ոչնչացման վերաբերյալ մտահոգություններն ու մասնագիտական ահազանգը։ Խիստ դատապարտելի է պարոն Մեսչյանի՝ իր պատասխանատու դիրքից հնչեցրած տնտեսական սպառնալիքը։ Տարակուսելի է և վտանգավոր, երբ Երևանի գլխավոր ճարտարապետը քաղաքաշինությունը հավասարեցնում է բիզնեսին և, փաստորեն, իր պաշտոնը՝ բիզնեսի շահերի պաշտպանի դիրքերին։
- Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքային խմբի համակարգող Սերժ Վարագ Սիսեռյանի՝ նախկին իշխանությունների դիսկուրսին նմանվող խոսքը և քաղհասարակության հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը։ Իրարամերժ և մակերեսային փաստարկներով նա այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ տարանջատել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ներկա ծրագիրը նախկին կոռուպցիոն սխեմաներից և դերակատարներից։ Նրա խոսքից ակնհայտ դարձավ, որ գործող կառավարությունը քաղաքական և իրավական գնահատականի չի արժանացրել նախկինում հանցավոր ճանապարհով Երևանի պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմամբ զբաղված պաշտոնյաների և գործարարների վարքը, և այսօր էլ համագործակցում է նրանց հետ՝ շարունակելով մութ և ոչ թափանցիկ ճանապարհով մեկնարկած խոշոր կառուցապատման ծրագիրն ու, փաստորեն, նահանջելով հեղափոխության՝ նման արատավոր գործելաոճի բացառման սկզբունքից։
Արձանագրում ենք.
Ֆիրդուսի թաղամասի շուրջ ծավալված ներկա զարգացումները շարունակում են նախորդ իշխանությունների օրոք սկիզբ առած մի գործընթաց, որի արդյունքում
1. Ոչնչացվում է Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության մի ստվար հատված: Ֆիրդուսի թաղամասն ամբողջությամբ Երևան քաղաքի պատմականորեն ձևավորված ճարտարապետության կարևոր և բացառիկ հատվածներից է: Այն նույնքան նշանակալի ճարտարապետական, պատմական ու մշակութային արժեք է, որքան թամանյանական Երևանը, խորհրդային մոդեռնիզմի շինությունները և քաղաքի այլ մշակութային շերտերը: Այս առումով կարևոր է թաղամասի և համայնքի պահպանումը, միաժամանակ ժամանակակից լուծումներ տալով առկա կենցաղային և ենթակառուցվածքային խնդիրներին:
2. Խախտվում են Ֆիրդուսի թաղամասի բնակիչների իրավունքները: Կառուցապատողների ներկայացուցիչները տարատեսակ հոգեբանական ճնշումներ են գործադրում բնակիչների նկատմամբ, ստիպելով նրանց ստորագրել պայմանագրերն ու ազատել տները: Նախկինում պայմանագրերը ստորագրած որոշ բնակիչներ ահազանգում են, որ մինչև այսօր պայմանագրով նախատեսված փոխհատուցումներ չեն ստացել: Ֆիրդուսի կառուցապատման նախագծին դեմ հանդես եկող բնակիչներին փորձում են լռեցնել:
3. Այս նախագծի իրականացման գործում կարևոր դերակատարում ունեն նախկինում բազմաթիվ ընտանիքներ ունեզրկած, լրջորեն կասկածելի և ապօրինի գործարքների մեջ ներգրավված, քաղաքի մշակութային շերտերը աղավաղած մարդիկ և նրանց հետ փոխկապակցված ընկերությունները, որոնք, ըստ ամենայնի, շարունակում են առաջնորդվել նույն սկզբունքներով և գործելաոճով։
4. Խախտվել է մասնակցային ժողովրդավարության սկզբունքը: Չեն անցկացվել հանրային և մասնագիտական քննարկումներ կառուցապատման նախագծի շուրջ: Անհասկանալի է, թե ինչպես է «Դիանար» ընկերությունն ընտրվել ծրագրի կապալառու, իսկ Նարեկ Սարգսյանը՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։
5. Արտակարգ դրության պայմաններում ոչնչացվել է պատմական արժեք ներկայացնող շինություն և վտանգի տակ են Ֆիրդուսի թաղամասի այլ պատմամշակութային արժեքներ։
Մեր անհանգստությունն ենք հայտնում
1. Խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ» ընկերության տնօրեն և բաժնետեր Էդուարդ Մելիքյանի՝ որպես Ֆիրդուսի թաղամասի իրացման և կառավարության կողմից հաստատված խմբում ներդրողների հետ աշխատանքի պատասխանատու ներգրավվելու կապակցությամբ։ Կասկած է հարուցում այն փաստը, որ պարոն Մելիքյանը միաժամանակ հանդիսանում է «Դիանար» ՓԲԸ բաժնետեր, որը կառուցապատում իրականացնող գրեթե բոլոր ընկերությունների հիմնադիրն է:
2. Ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ նախագծի գլխավոր ճարտարապետի ընտրության և կառավարության կողմից հաստատված խմբի կազմում ներգրավվածության կապակցությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ նրա կողմից մշակված նախագծի հայեցակարգը հավանություն է ստացել նախորդ իշխանություններից, երբ նա ակնհայտորեն շահերի բախման վիճակում էր՝ տարիներ շարունակ զբաղեցնելով ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոններ։
3. Այն կապակցությամբ, որ քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթի, մասնավորապես՝ նախագծի և համապատասխան թույլտվությունների բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաները կանաչ լույս են տրվել, և գործընթացն ագրեսիվորեն առաջ է մղվում։
Պահանջում ենք.
1. Անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասում ցանկացած տեսակի աշխատանքները, մինչև հանրությանը ներկայացվեն գործընթացի օրինականությունն ապացուցող բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ 2018 թվականից հետո հաստատված նախագիծը և դրանից բխող թույլտվությունները։
2. Պատասխանատվության ենթարկել պետական հաշվառման վերցված, 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ թվագրվող շենքը ապօրինի քանդելու համար բոլոր պատասխանատուներին։
3. Հրապարակել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատմանն առնչվող բոլոր փաստաթղթերը, ներառյալ՝ ձեռքբերող ընկերությունների ֆինանսական երաշխիքների տվյալները, Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագիրը, ճարտարապետահատակագծային առաջադրանքները (նախագծման թույտվությունները)՝ անկախ դրանց վաղեմության ժամկետից, թաղամասի և առանձին շենքերի նախագծերը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն(ներ)ը, բնապահպանական փորձաքննական եզրակացություն(ներ)ը, քաղաքաշինական համալիր փորձաքննական եզրակացություն(ներ)ը, քանդման և շինարարության թույլտվությունները։
4. Բացատրություն տրամադրել առ այն, թե ինչու և ինչ ընթացակարգով է որպես իրացնող միջնորդ ընկերություն ընտրվել «Դիանար» ընկերությունը և կառավարության կողմից հաստատված աշխատանքային խմբում ներգրավվել Էդուարդ Մելիքյանը։
5. Ստեղծել համատեղ աշխատանքային ձևաչափ ԿԳՄՍ, Երևանի քաղաքապետարանի, մասնագիտական հանրության և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ողջ թաղամասի տարածքում առկա հուշարձանները գույքագրելու նպատակով։
6. Կազմակերպել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նոր նախագծի բաց մրցույթ, ապահովելով վերակառուցվող թաղամասի ներդաշնակությունն ընդհանուր տարածքի պատմականորեն ձևավորված միջավայրին։ Հաշվի առնելով ծրագրի մասշտաբը և հանրային հետաքրքրությունը, իրականացնել մրցույթային առաջարկների հրապարակային քննարկում և ընտրված նախագծի թույլտվությունների տրամադրումն ու կառուցապատումն ամբողջությամբ իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործընթացներով և միջազգային լավագույն փորձի հիման վրա։
7. Ուսումնասիրել և հանրայնացնել Ֆիրդուսի թաղամասում հողատարածքներ ունեցած/ունեցող բնակիչների թիվը, նրանցից քանի՞սն են ստացել փոխհատուցում, ինչքա՞ն է գնահատվել հողատարածքների գինը և ի՞նչ սկզբունքներով։ Հստակ փաստերով ներկայացնել, թե քանի՞ բնակիչ է այս պահին սպասում իր փոխհատուցմանը, եթե կան ընտանիքներ, որոնք այս պահին հայտնվել են տնանկի կարգավիճակում, հստակեցնել նրանց թիվը և պարզաբանել, թե ինչո՞ւ դեռ չեն ստացել փոխհատուցում։
Այս ամենով հանդերձ, մեր պատրաստակամությունն ենք հայտնում կառուցողական երկխոսություն ծավալել պատկան մարմինների հետ, որպես հիմք ընդունելով հեղափոխության արժեքները, հանրային շահը և քաղաքի ժառանգության պահպանման տեսլականը։
Ֆիդուսի պաշտպանության նախաձեռնություն
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
ՈւրբանԼաբ
«Սեւ Բիբար» ձախական քննախոսական հարթակ
Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
ՍԵՄԵՐ - Սփիւռքի Երիտասարդ Միտքեր
Հայաստանի PEN կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
OurYerevan
Քաղաքացու Որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Ֆիրդուսի թաղամասի մի խումբ մտահոգ բնակիչներ
------------------
Լուսանկարը՝ Տիգրան Ամիրյանի