«Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում
Հունվարի 16-ին Ստամբուլում Թուրքիայի Պատմության հիմնարկի (Tarih Vakfi) դահլիճում տեղի ունեցավ «Վերսուս» ստուդիայի արտադրած «Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմի թուրքերեն տարբերակի պրեմիերան։
Ցուցադրությունից առաջ Պատմության հիմնարկի գործադիր տնօրեն Մուննեվեր Էմինօղլուն խոսեց ֆիլմի ստեղծման ընթացքում «Վերսուս» ստուդիայի հետ ունեցած համագործակցության մասին։ Այնուհետեւ նա խոսքը փոխանցեց Պատմության Հիմնարկի նորընտիր նախագահ Ըշըք Թամդողանին (Işık Tamdoğan), այդ առիթով Ստամբուլ հրավիրված ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկեւիչյանին եւ նախագծի խորհդատու, լուսանկարիչ, ռեժիսոր Մեսութ Յաշար Թուֆանին։
Ֆիլմի ցուցադրությունից հետո Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, ֆիլմի գլխավոր խորհրդատու Արա Գոչունյանի հանդիսավարությամբ եղավ պանելային քննարկում, որին մասնակցում էին Պատմության հիմնարկի նախկին նախագահ Բյուլենթ Բիլմեզը, պաշտոնաթող դեսպաններ Վոլքան Վուրալը եւ Ունալ Չեւիքգյոզը, լրագրող, թուրքական NTV-ի լրատվական բաժնի ղեկավար Մեթե Չուբուքչուն։
Քննարկման մասնակիցները՝ բարձր գնահատելով հայ եւ թուրք գործընկերների համատեղ ջանքով ստեղծված վավերագրական ֆիլմը, ընդգծելով դրա արդիականությունն ու օբյեկտիվությունը, խոսեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, երկու երկրների միջեւ սահմանների բացման հեռանկարների մասին։
Ֆիլմի ցուցադրությանը մասնակցելու համար Անկարայից Ստամբուլ էին ժամանել Թուրքիայի ԱԳՆ հետազոտությունների եւ անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցներ Մուստաթա Օզքանը եւ Էլիֆ Ուլքենը։ Ներկա էր նաեւ ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը։
«Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմը ստեղծվել է Հայաստանի «Եւրասիա Համագործակցություն» հիմնադրամի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում՝ Եւրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։