Համայնքային կայքը որպես ՏԻՄ-համայնք կապի միջոց
Աղբյուրը՝ celog.am
Նոյեմբերի 23-ին Վանաձոր Ինֆոտանը կայացած <<Համայնքային կայքը որպես ՏԻՄ-համայնք կապի միջոց>> թեմայով հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ Վանաձորի համայնքապետարանը, բացի բոլորին հայտնի vanadzor.am կայքը ունի ևս մեկ օնլայն հարթակ` Վանաձորի համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգը/ՀԿՏՀ/, որը լայն հնարավորություններ է ստեղծում ՏԻՄ-ի հաշվետվողականության և մասնակցային կառավարման տեսանկյունից:
Վանաձորցիները կարող են գրանցվել Վանաձորի ՀԿՏՀ-ում և մանրամասն տեղեկատվություն ստանալ տարբեր հարցերի վերաբերյալ, օրինակ՝ տեղեկանալ իրենց գույքահարկի պարտքի, ավագանու նիստերի, համայնքի բյուջեի, համայնքի զարգացման ծրագրի մասին։ Բնակիչները կարող են նաև օնլայն դիմում ներկայացնել համայնքապետարանի տարբեր բաժիններ, հետևել իրենց դիմումների ընթացքին և այլն։ Վանաձորում համակարգը վերջերս է ներդրվել է և շատ կարևոր է վերջինիս մասսայաան օգտագործումը, որպեսզի այն աշխատի և դառնա ՏԻՄ-համայնք տեղեկատվության փոխանակման և համագործակցության արդյունավետ միջոց:
ՀԿՏՀ-ն միասնական տեղեկատվական համակարգ է, որը հնարավորություն է տալիս համայնքապետարաններին իրականացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, կառավարել համայնքի բյուջեն և գույքը, տրամադրել տեղեկանքներ և թույլտվությունների և այլն։
Ինֆոտանը կայացած շնորհանդես-քննարկման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ՀԿՏՀ-ն, նրանում առկա բաղադրիչները, տեղեկատվության որոնման և ստացման, ՏԻՄ-երի հետ հաղորդակցման և մասնակցության էլեկտրոնային գործիքները:
Տեղում որոշում կայացվեց և առաջարկությունների հիման վրա պատրաստվեց առցանց գրություն, որը ներառում էր այնպիսի հարցեր ու խնդիրներ, ինչպիսիք են ՀԿՏՀ հանրայնացումն ու կիրառումը համայնքապետարանի աշխատակիցների և Ավագանու անդամների կողմից, համայնքապետարանում Թեժ գծի ստեղծումը, քաղաքի աղբահանության գրաֆիկի և կանաչ տարածքների սպասարկման, համայնքի հնգամյա զարգացման ծրագրի ընդունման ընթացակարգի և քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը: Ակնկալվում է, որ առաջիկայում քննարկման մասնակիցները կստանան իրենց մտահոգող հարցերի և առաջարկությունների պատասխանը:
Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին ներկայացուցիչներ Եվրասիա համագործակցություն հիմնադրամից, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ–ից, Վանաձորի և Թումանյանի համայնքապետարանից, քաղհասարակության տարբեր կառույցներից: