Երևանում բացվեց «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը
2020 թ․փետրվարի 8-ին Հայաստանի նկարիչների միության սրահում բացվեց «Հետևանքը՝ արտեֆակտ» ցուցահանդեսը: Նույն օրը Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ համանուն ֆիլմի փակ ցուցադրությունը:
«Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը 2019 թ. ընթացքում իրականացրել են լուսանկարիչ Արեգ Բալայանը և արվեստագետ Էդիկ Պողոսյանը: Ֆիլմը և ցուցահանդեսը փորձ է՝ քննելու հակամարտությունն այլընտրանքային տեսանկյունից՝ ի ցույց դնելով ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետևանքները, այլ շփման գծին մերձ տարածքում առկա հետքերը: Նախագծի հեղինակները փնտրել և ընտրել են հակամարտության հետ կապված նյութական վկայություններ և վերափոխել դրանք արվեստի գործերի:
Նախագծին անդրադառնալով, արվեստաբան, արվեստի քննադատ Ելենա Այդինյանը գրում է. «Աղետալի իրադարձությունների՝ արվեստի գործերի վերածվելը, դրանց մասին արվեստի գործերում խոսելը, դրանք արվեստի գործերի միջոցով վերապրելը և առհասարակ աղետի ու արվեստի փոխհարաբերությունը խնդրահարույց են: Եթե նման արվեստի գործն ազդեցիկ է, ապա դա ենթադրում է, որ գործն ընկալողը հնարավորինս համակվում է գործում մարմին առած ողբերգությամբ: Որքան հաջողված է այդ մարմնացման փորձը, այդքան խորն է դրա ազդեցությունը»:
Համադրող և լուսանկարչության պատմաբան Վիգեն Գալստյանը նշում է․ «Արեգ Բալայանի ու Էդիկ Պողոսյանի ջանքերով իրականացվող «Հետևանքը՝ արտեֆակտ» համագործակցային ծրագիրը միտված է ուսումնասիրելու և ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի «սառած» ռազմական հակամարտության հետևանքները: Իրենց «հնագիտական» մոտեցմամբ՝ արվեստագետները նպատակ ունեն հաղթահարելու նախապաշարմունքներն ու խոչընդոտները, որոնք բաժանում են շփման գծի երկու կողմերում ապրող ժողովուրդներին: Պատերազմի օրոք խարխլված շենքերից հավաքված մետաղական բեկորների համադրությունը հակամարտության գոտում բնակվողների լուսանկարների հետ կառուցված է պատմական հետքերի ու ներկա իրականության բարդ փոխառնչությունների շուրջ: Այստեղ աղետը հառնում է իբրև բնականոն և ընդունելի երևույթ՝ ազդելով կյանքի, աշխարհի ու ապագայի մասին մարդկանց առօրյա ընկալումների վրա»:
«Մեր գործունեությունը հասցեագրում է մի հակասություն, որը մեր հասարակությունները ժառանգել են չլուծված հակամարտության պատճառով, այն է՝ խաղաղարարության և հայրենասիրության միջև եղած թվացյալ հակասությունը։ Սույն նախագիծը փայլուն է ցույց տալիս, որ դա շինծու և մտացածին հակասություն է:», - իր բացման խոսքում ասաց ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ավելացրեց, որ «այս և նման նախագծերը մեր հարաբերություններին հաղորդում են հումանիզմի այն լիցքը, որն անհրաժեշտ է քաղաքակիրթ հարաբերությունները վերականգնելու համար»*։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս.թ. փետրվարի 28-ը։
Ֆիլմը և ցուցահանդեսն 2019թ․ նոյեմբերին արդեն ներկայացվել են հանրությանը Ստեփանակերտում և Թբիլիսիում։
«Հետևանքը՝ արտեֆակտ» ալբոմը հասանելի է այստեղ։
«Հետևանքը՝ արտեֆակտ» ֆոտոպատմությունների շարքն դարձել է LensCulture Exposure Award 2020 մրցույթի ֆինալիստներից մեկը։
*Գևորգ Տեր-Գաբրիելյանի ելույթն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
«Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը իրականացվում է «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» (PeaCE) ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։