Կրթաթոշակի մրցույթ՝ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ու տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողների համար հայտարարում է մեկական հետազոտական կրթաթոշակի մրցույթ՝ անհատական ավարտական հետազոտական թեզերի իրականացմանն աջակցելու նպատակով:
Դիմելու կարգը
Հետաքրքրված ուսանողներն իրենց հայտերը պետք է ուղարկեն [email protected]էլ. հասցեով մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը:Հայտի փաթեթում պետք է ներառվեն հետևյալ փաստաթղթերը (հայերենով)՝
1) դիմում-հիմնավորում (1 էջ),
2) մագիստրական հետազոտության համառոտ նկարագիր (մինչև 1000 բառ)` ներառելով նպատակը, ակնկալվող արդյունքները (պաշտպանություն, գիտական հոդված, առցանց տեղակայում, քննարկում և այլն) և իրականացման ժամանակացույցը,
3) ինքնակենսագրություն (ներառելով տպագրված հոդվածների ցանկը, եթե այդպիսիք կան)
4) երաշխավորագիր թեզի գիտական ղեկավարից:
Ընտրության կարգը
Կրթաթոշակառուների ընտրությունը կիրականացնի ՀՌԿԿ-Հայաստանի կրթաթոշակների հանձնաժողովն անանուն դիտարկմամբ` ներգրավելով ԵՊՀ ներկայացուցիչների:
Նախապատվությունկտրվի արդիական թեմաներով, հիմնավորված հետազոտական մեթոդաբանական մոտեցումներով կիրառական ուղղվածություն ունեցող աշխատանքներին։ ՀՌԿԿ-Հայաստանի տվյալադարանների օգտագործման մտադրությունը ցանկալի է:
Կրթաթոշակառուներին տրվող հնարավորությունները
Կրթաթոշակառուները հնարավորություն կունենան մասնակցելու ՀՌԿԿ-Հայաստանի Կրտսեր հետազոտողների ծրագրով նախատեսված դասընթացներին, օգտվել կենտրոնում առկա բոլոր ռեսուրսներից, ստանալ հիմնադրամի աշխատակիցների խորհրդատվությունը:
Կրթաթոշակառուներին ներկայացվող պահանջները
Ընտրված կրթաթոշակառուները պետք է՝
1) տրամադրվող կրթաթոշակն օգտագործեն միմիայն հետազոտական նպատակներով,
2) անհատական թեզը գրելիս պահպանեն ակադեմիական ազնվության բոլոր նորմերը,
3) հետազոտության առաջընթացի վերաբերյալ ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմին ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ,
4) յուրաքանչյուր բովանդակային հիմնարար փոփոխության մասին տեղեկացնեն ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմին,
5) ավարտական աշխատանքի հրապարակային պաշտպանության օրվա մասին ծանուցեն ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմին:
Կրթաթոշակի չափը
2015-2016 ուսումնական տարվա համար կրթաթոշակի չափը 200,000 ՀՀ դրամ է: