ՔՀԿ կայունության ցուցանիշով Հայաստանը լավ դիրքերում է
Հայաստանի ՔՀԿ կայունության ցուցանիշը 2014 թվականին բարելավվել է: ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) համատեղ հետազոտության համաձայն` դիտարկված երկրների համեմատ Հայաստանը լավ դիրքերում է գտնվում:
ՔՀԿ Կայունության ցուցանիշը գնահատում է Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի 29 երկրների ՔՀԿ-ների զարգացման առաջընթացն ու քաղաքացիական հասարակության ընդհանուր միջավայրը` կենտրոնանալով իրավական միջավայրի, կազմակերպական կարողությունների, ֆինանսական կայունության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների եւ հանրային ընկալման վրա:
Այս 7 չափանիշներից 4-ում (կազմակերպական կարողություն, հանրային ընկալում, շահերի պաշտպանություն, ենթակառուցվածք) Հայաստանում առաջընթաց է արձանագրվել 2014 թվականին:
«Արձանագրել ենք, որ անցյալ տարի հասարակական կազմակերպություններին զարգացման ավելի շատ հնարավորություններ են տրվել: Եվրամիությունը սկսեց կազմակերպական զարգացման տարբեր ծրագրերի օժանդակել: Իրենք ՔՀԿ-ներն էլ ավելի լավ են գիտակցում իրենց կազմակերպական կարողությունների զարգացման կարեւորությունը»,- սեպտեմբերի 11-ին կազմակերպած «ՔՀԿ կայունության ինդեքս 2014 Հայաստան»ի հաշվետվության ներկայացման միջոցառման ժամանակ ասաց ՔԶՀՀ փորձագետ Տաթեւիկ Մարգարյանը:
Զեկույցի համաձայն` ամենախոցելի վիճակում ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունն է, որը գնում է դեպի վտանգված կայունություն:
Մարտահրավերներից եւ գլխավոր խնդիրներից է ՔՀԿ-ների ռազմավարական մոտեցման պակասը. ՔՀԿ-ները կախված են դոնորների առաջնայնություններից եւ իրենց ծրագրերը հարմարեցնում են այդ առաջնայնություններին:
«ՔՀԿ-ների համար միջազգային ֆինանսավորումը մնում է որպես ֆինանսավորման գերագույն աղբյուր, բայց ավելի շատ դրամաշնորհներ հատկացվում են զարգացած, հին, պատմություն ունեցող ՔՀԿ-ներին»,- ասում է Տաթեւիկ Մարգարյանը: