Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի11-րդ ամենամյա համաժողովի հռչակագիրը
EaP4EU. Միավորելով ուժերը՝ փոխշահավետ գործընկերության համար
Դեկտեմբերի 4-6, 2019, Բրյուսել
Մենք՝ Արևելյան գործընկերության (ԱլԳ) մասնակից պետությունների և Եվրոպական միության (ԵՄ) անդամ պետությունների քաղաքացիական հասարակությունների կազմակերպություններս, հավաքվելով Բրյուսելում համաժողովի, սույն Հռչակագիրը հասցեագրում ենք ԵՄ պետությունների, կառավարությունների և հաստատությունների ղեկավարներին՝ Արևելյան գործընկերության Վեցերորդ գագաթնաժողովի նախաշեմին:
Պրեամբուլա A: Մենք տոնում ենք 2009-ին Շվեդիայի և Լեհաստանի նախաձեռնած Արևելյան գործընկերության քաղաքականության 10-րդ տարեդարձը: ԱլԳ քաղաքականությունը, ի թիվս ներքին ու տարածաշրջանային այլ գործընթացների, փոխեց Արևելյան գործընկերության պետություններին: Այն նպաստեց ժողովրդավարության ակտիվ կողմնակիցների և ակտիվ քաղաքացիների նոր սերնդի ի հայտ գալուն, որոնք պայքարում են հանուն մարդու արժանապատվության՝ հանդես գալով կոռուպցիայի և պետական վատ կառավարման դեմ։
Մայդանից մինչև Քիշնև, Երևանի ու Թբիլիսիի կենտրոնական հրապարակներում բողոքողներ՝ բոլորին միավորում է մեկ ընդհանուր նպատակ՝ ուղղակիորեն հասկացնել քաղաքական էլիտաներին, որ հասարակությունը ցանկանում է ապրել ժողովրդավարական պետություններում, որոնք հավատարիմ են օրենքի գերակայությանը և հարգում են մարդու իրավունքները:
B: Մենք համարում ենք, որ 2014-ը բեկումնային դարձավ ԱլԳ տարածաշրջանի համար. ստորագրվեց համագործակցության երեք պայմանագիր (Ասոցացման համաձայնագիր) Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Պայմանագրի դրույթները հիմք դրեցին ճանապարհային քարտեզի հիմնավոր կառուցվածքի ստեղծման և մշակման համար, որը թույլ կտա եվրոպական արժեքների վրա հիմնված բարեփոխումներ իրականացնել, ինչն էլ իր հերթին հասանելի կդարձնի համագործակցության առավել հավակնոտ ձևերի իրականացումը:
C: Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության հանաձայնագրի (CEPA) ստորագրումը 2017-ի նոյեմբերին:
D: Մենք հասկանում ենք, որ ներառականությունն ու տարբերակվածությունը ԱլԳ գործընկերների նկատմամբ տարբեր հնարավորություններ է ենթադրում՝ ԱլԳ երկրների ձգտումների տարբեր մակարդակներին համապատասխան: Կարևոր է, որ համագործակցության տարբեր կոնֆիգուրացիաները գոյություն ունենան զուգահեռ և սպառնալիք չլինեն ԱլԳ-ի՝ արդեն իսկ գոյություն ունեցող բազմակողմանի կառուցվածքին, որ դրանք հիմնված լինեն կանոնավոր խորհրդատվությունների և ուժեղ ժողովրդավարության կայացման, օրենքի գերակայության ապահովման և լավ կառավարման պահպանման գործում արձանագրված առաջընթացի համեմատական գնահատականների վրա:
E: Մենք ընդունել ենք ԱլԳ ՔՀՖ ներքին բարեփոխումը 2018-ին, որն ուժեղացրեց ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի կազմակերպական կարողությունն ազգային և տարածաշրջանային մակարդակներում: Մենք ներկայացնում ենք ԱլԳ մասնակից պետությունների և ԵՄ անդամ պետությունների ավելի քան հազար կազմակերպություն, և կշարունակենք մեր աշխատանքը՝ որպես ԱլԳ տարածաշրջանում եվրոպական արժեքների ու չափորոշիչների անշեղ իրագործմանը նպատակաուղղված գործընկեր: Մենք ենթադրում ենք, որ ոչ ոք չպետք է անմասն մնա՝ ԱլԳ մասնակից պետությունների բոլոր քաղաքացիների իրազեկումն ու ներգրավումը մոտ ապագայի մեր գլխավոր առաջնահերթությունն է:
F: Մենք համարում ենք, որ ԱլԳ քաղաքականությունը 2020-ից հետո որպես հիմք պետք է ընդունի ԵՄ և ժողովրդավարական կողմնորոշմամբ քաղաքացիների նորացված և առավել հզոր մոդելն այն տարածաշրջաններում, որոնք կարող են հավանություն տալ ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանը: Մենք ձգտում ենք համագործակցության՝ շահագրգիռ անձանց ամենալայն սպեկտրի հետ, որոնք կարող են շոշափելի արդյունքների հասնել մարդու իրավունքների, ժողովրդավարական մասնակցության, թափանցիկության և հաշվետվողականության առաջ մղման ուղղությամբ: Մենք հատկապես խրախուսում ենք երիտասարդության ներգրավումը որոշումների ընդունման և ԱլԳ ապագայի քննարկման գործընթացում: Մեզ չի հաջողվում համոզել ԵՄ և ԱլԳ կառավարություններին, հատկապես Բելառուսի և Ադրբեջանի, որ գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի այնպիսի միջավայրի ստեղծումը, որը քաղաքացիական հասարակությանը թույլ կտա աշխատել ողջ ներուժով:
Մենք խնդրում ենք գոնե 10 տոկոսով ավելացնել ֆինանսավորումը, որը հատկացվում է ԱլԳ քաղաքականության անցկացման համար ԵՄ հետևյալ ֆինանսական ծրագրի շրջանակում՝ Բազմամյա ֆինանսական շրջանակի (MFF) 2021-2027-ի և նոր Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի (NDICI), ներառյալ նաև ֆինանսավորման ծավալների համամասնական մեծացման՝ ՔՀԿ-ների և նրանց աշխատանքի ուժեղացման համար:
Մենք հույս ունենք, որ Եվրահանձնաժողովի նոր կազմը և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատարը կմեծացնեն աջակցությունը ԱլԳ տարածաշրջանում հիմնական արժեքներին և իրավունքներին և կնպաստեն ԱլԳ-ում առանց բացառության բոլոր քաղաքացիական հասարակությունների լիարժեք զարգացմանը: Մենք խնդրում ենք հետագայում առավել ամրապնդել մեր մասնակցությունը ԱլԳ ճարտարապետությանը նվիրված նստաշրջաններին, որպեսզի մենք լիարժեք մասնակցություն ունենանք բոլոր մակարդակներում քաղաքականության մշակման և որոշումների ընդունման գործընթացներին:
****
- Նկատի ունենալով, որ 2017-ին վերանայված ԱլԳ ճարտարապետությունը շեշտը դնում է ԵՄ քաղաքացիների համար հասանելի հիմնական եվրոպական արժեքների առաջ մղման և իրացման վրա, ինչպես, օրինակ, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, պատշաճ կառավարումը։ Նկատի ունենալով, որ ԱլԳ-ն դյուրացնում է ԱլԳ տնտեսական համակարգերի զարգացումը և նպաստում է նրանց մրցունակությանը, որպեսզի նրանք կարողանան հասանելիություն ստանալ միասնական եվրոպական շուկային և ավելի շատ աշխատատեղեր ստեղծել: Նկատի ունենալով, որ շրջակա միջավայրը, էներգետիկ անվտանգությունը և փոխկապակցվածությունը ԱլԳ քաղաքացիների համար բնակության եվրոպական չափորոշիչներն առաջ մղել ձգտող ԱլԳ ճարտարապետության հիմունքներն են: Նկատի ունենալով, որ ԵՄ-ն պատրաստվում է ստորագրել աննախադեպ «Կանաչ համաձայնագիրը», իսկ ԱլԳ պետությունները շատ բան են արել անհրաժեշտ չափորոշիչների իրականացման համար: Նկատի ունենալով, որ ԱլԳ քաղաքականությունը կարևոր գործիք է՝ էներգետիկ ոլորտում եվրոպական կանոնների տարածման համար: Նկատի ունենալով, որ գազի ներքին շուկայի և գազային ենթակառուցվածքի արտաքին չափումը չի ավարտվում ԵՄ արտաքին սահմանների մոտ:
- Նկատի ունենալով, որ շարժունությունը, վիզային ռեժիմի ազատականացումը և երիտասարդության համար ավելի շատ հնարավորությունները ԱլԳ քաղաքականության մի մասն են, որ ձգտում է երաշխավորել ԱլԳ քաղաքացիների ազատ տեղաշարժը Եվրոպական միության սահմաններում` երիտասարդության համար դյուրացնելով մշակութային փոխանակումը, կրթությունը, աշխատանքային փորձի փոխանակումն ու աշխատանքային չափորոշիչների բարելավումը: Նկատի ունենալով, որ 20.000 երիտասարդներ մասնակցություն են ունեցել «Էրազմուս+» ծրագրին և խորացրել են իրենց գիտելիքներն ու հմտությունները տարբեր ոլորտներում, իսկ հիմա այդ գիտելիքները կիրառում են իրենց հայրենի երկրներում: Նկատի ունենալով, որ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացումը ԱլԳ 5 մլն քաղաքացու թույլ տվեց անարգել ճանապարհորդել Եվրոպական միության անդամ պետություններ: Նկատի ունենալով, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը դյուրացրեց մասնագիտական փոխանակումը մշակութային և ստեղծագործական ոլորտներում:
- Նկատի ունենալով, որ ԵՄ-ն տարբեր ծրագրերի միջոցով օժանդակել է մանր ու միջին բիզնեսի 3.000-ից ավելի ձեռնարկությունների ԱլԳ պետություններում և նպաստել է ձեռնարկատիրության աճին՝ ԱլԳ քաղաքացիներին նոր հնարավորություններ տրամադրելով, թույլ տալով նրանց առավել գրավիչ աշխատատեղեր գտնել, իսկ ընկերություններին՝ մթերքներ արտահանել միասնական եվրոպական շուկա:
- Նկատի ունենալով, որ ԱլԳ բոլոր վեց մասնակից պետություններում դեռևս շատ են խնդիրները՝ ԱլԳ քաղաքականության և արդյունավետության ցուցիչների իրականացման ոլորտում: Նկատի ունենալով, որ տվյալ խնդիրները կապված են արդարադատության բարեփոխումների անցկացման ոլորտում համեստ արդյունքների հետ, իսկ արդարադատությունը բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարության հաշվետվողականությանը հասնելու բանալին է: Նկատի ուենալով, որ արդարադատության բարեփոխումների գործընթացին ԵՄ-ն օժանդակել է 2010 թվականից, սակայն ձեռքբերումները նշանակալի չէին: Նկատի ունենալով, որ ԱլԳ կառավարությունները շատ քիչ բան են արել քաղաքացիների համար, որոնք այդպես էլ չտեսան արդարադատության բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի իրական արդյունքները: Նկատի ունենալով, որ Հայաստանում 2018-ի գարնան թավշյա հեղափոխությունից հետո լեգիտիմ խորհրդարան ու կառավարություն ընտրվեցին, բայց երկրի դատական իշխանությունը, ներառյալ նաև Սահմանադրական դատարանը, դեռևս լեգիտիմ չեն:
- Նկատի առնելով, որ մարդու իրավունքների հարգումը Եվրամիության անդամ պետություններում հիմնարար նորմ է, բայց ԱլԳ որոշ պետություններում քաղաքացիները դեռևս ամբողջությամբ չեն օգտվում այդ իրավունքից: Նկատի ունենալով, որ դեպքեր կան, երբ մարդկանց ձերբակալում են միայն այն բանի համար, որ որ նրանք բողոքում են Բելառուսում ու Ադրբեջանում կառավարությունների քաղաքականության և գործողությունների դեմ: Նկատի ունենալով, որ Վրաստանի և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի զավթումը և նրա ներխուժումը Դոնբաս, հանգեցրին մարդու իրավունքների, հիմնական ազատությունների ու արժանապատվության խոշորամասշտաբ խախտումների, և քաղաքացիական բնակչության դեմ բազմաթիվ հանցագործությունների՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական կանոնները: Նկատի ունենալով, որ ԱլԳ որոշ պետություններ հաջողություններ են գրանցում խտրականության դեմ պայքարում, բայց բոլոր գործընկերները դեռևս երկար ճանապարհ ունեն ԼԳԲՏ համայնքի, տարեց մարդկանց, սահմանափակ հնարավորություններով մարդկանց և այլ փոքրամասնությունների համար արդար և անվտանգ շրջակա միջավայր ստեղծելու գործում: Նկատի ունենալով, որ Ստամբուլյան կոնվենցիան աշխարհում կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող ամենաառաջադեմ իրավաբանական փաստաթուղթն է և առաջին համաձայնագիրն է, որը բարձրացրել է միջազգային իրավական շրջանակների արդյունավետությունը նրանով, որ օրենքի մակարդակով կանանց նկատմամբ բռնությունը սահմանել է որպես մարդու իրավունքների խախտում և կանանց նկատմամբ խտրականության ձևերից մեկը:
- Նկատի ունենալով, որ ԵՄ-ն վերջին 10 տարում անշեղորեն նպաստում է ԱլԳ պետություններում ԶԼՄ-ների ազատությանը, բայց քարոզչությունն ու հասարակական մտքի մանիպուլյացիան ներքին ու արտաքին ոչ ժողովրդավարական դերակատարներով, դեռևս հանգեցնում են ԱլԳ տարբեր պետություններում խորհրդարանական, նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում խախտումների: Նկատի ունենալով, որ լրագրողների, բլոգերների և արտահաստիքային լրագրողների անվտանգությունը մնում է մտահոգության կիզակետում, և նրանցից շատերն են բախվում կալանավորումների, հետապնդումների և գրաքննության հետ: Նկատի ունենալով, որ ԶԼՄ-ների ազատության պակասը հանգեցնում է բարեփոխումները հասկանալու ցածր մակարդակի և ԱլԳ տարածաշրջանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող նախագծերի ու ծրագրերի նկատմամբ ԱլԳ քաղաքացիների ոչ բավականաչափ ուշադրության։
- Նկատի ունենալով, որ ԵՄ-ն ԱլԳ ապագայի վերաբերյալ կառուցվածքային խորհրդատվություններ է անցկացրել ԱլԳ բոլոր պետություններում, այդ թվում` առցանց, որպեսզի տարբեր կարծիքներ հավաքի 2020-ից հետո ԱլԳ պետությունների հետ համագործակցության հաջորդ կառուցվածքի համար առաջնահերթությունների վերաբերյալ: Նկատի ունենալով, որ ԱլԳ ՔՀՖ-ն նույնպես իր անդամների հետ խորհրդատվություններ է անցկացրել, որպեսզի իր ներդրումն ունենա ԵՄ կառուցվածքային խորհրդատվություններին և բարձրաձայնի քաղաքացիական հասարակությունների գաղափարներն այն մասին, թե ինչպես բարելավել քաղաքականությունը և ինչպես ուժեղացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը գալիք ժամանակաշրջանում:
****
I. Ասոցացման համաձայնագրերը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լուրջ պարտավորություններ են ենթադրում եվրոպական արժեքների ներդրման և ժողովրդավարական բարեփոխումների հետ կապված: Այսպիսով, կարևոր է, որ ԵՄ-ն և ԵՄ անդամ պետությունները ճանաչեն եվրոպական հեռանկարը ԱլԳ այն պետությունների համար, որոնք ձգտում են դրան:
Մենք առաջարկում ենք թարմացնել ԱլԳ այս երեք պետությունների հանդեպ մոտեցումը՝ Ասոցացման համաձայնագրին (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան) և մեկ երկրինը՝ Հայաստանինը, ՀԸԳՀ-ին, հիմնվելով բարեփոխումների վրա, որոնք այդ համաձայնագրերը սահմանում են ԵՄ-ի հետ ինտեգրման տեսանկյունից: Իրավահավասար փոխանակումը, քաղաքականության ռազմավարական համակարգումը և ԵՄ հաստատությունների հետ խոր երկխոսությունը. սրանք բոլորը համաձայնագրերի իրականացման կարևոր մասեր են, որոնք պիտի հիմնվեն կանոնավոր խորհրդատվությունների և կառավարությունների, խորհրդարանների և քաղաքացիական հասարակությունների մակարդակով համատեղ գործողությունների վրա:
ԱՀ-ի և ՀԸԳՀ-ի հետ մեկտեղ անհրաժեշտ է թարմացնել ԵՄ քաղաքականությունը այդ պետությունների նկատմամբ, առաջարկել ավելի սերտ ինտեգրում՝ «ամեն ինչ, բացի հաստատություններից» կանոնին համապատասխան: Օրենսդրության ստուգումը, ինտեգրումը եվրոպական միասնական շուկային, ներառումը միասնականության քաղաքականության մեջ (հասանելիություն կառուցվածքային ֆոնդերին), ենթակառուցվածքների ցանցի ընդլայնումը, ուժեղացված համագործակցությունը CSDP-ի (Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականություն) ներսում և ազատության ոլորտում, արդարադատության ոլորտում անվտանգությունը և համագործակցությունը. ահա հիմնական տարրերը: Այդ կապակցությամբ մենք նաև խնդրում ենք ԵՄ հաստատություններին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ արագացնել վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները:
II. Մենք խնդրում ենք ԵՄ-ին շարունակել ավելի ուժեղ և ավելի հասցեական ճնշում գործադրել հաշվետվողականության հիմնական մեխանիզմների հետագա ընդունման և իրականացման համար: Դատական իշխանության ոլորտում կենտրոնանալ դատավորների թափանցիկ ընտրության, ծառայողական առաջխաղացման, և արդարության պահանջներին համապատասխանող կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա: Պաշտոնատար անձանց համար պետք է կիրառվեն առանցքային հակակոռուպցիոն միջոցները (օրինակ` գույքի հայտարարագրերը), քաղաքական կուսակցությունների պայքարի ոլորտում ԵՄ-ն պետք է կենտրոնանա ընտրական և կուսակցությունների ֆինանսավորման օրենսդրությունում միջազգային չափորոշիչներին համապատասխան օրենսդրական լրացումների ընդունումը ուշադրության կիզակետում պահելու վրա:
Բոլոր վերոթվարկյալ տարրերը պետք է լինեն նախապայմաններ, որոնք կպայմանավորեն մակրոֆինանսական օգնության տրամադրումը: Դրանք պետք է համակարգվեն ու վերահսկվեն այլ միջազգային կազմակերպությունների ու ֆինանսական գործընկերների կողմից (ԵՄ-ից ֆինանսավորվող Եվրոպայի խորհրդի Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի ծրագրերը):
ԵՄ-ն շատ միջոցներ է ներդրել դատավորների, քննիչների, դատախազների, քրեակատարողական հիմնարկների, հանրային պաշտպանների ու փաստաբանների ուսուցողական ծրագրերի ոլորտում, որպեսզի մեծացնի նրանց հմտությունները՝ անձանց պաշտպանության գործում: Մենք առաջարկում ենք շարունակել այդ ջանքերը, օրինակ, դատավորների համար ծրագիր մշակել՝ շեշտը դնելով հաշվետվողականության և անկախության վրա, որի ժամանակ դատավորները կկարողանան հանդիպել ԵՄ և ԱլԳ իրենց գործընկերների հետ, իսկ համապատասխան մասնագիտական հմտություններով և համապատասխան մակարդակով ՔՀԿ-ները (տեղական, տարածաշրջանային կամ ազգային) նույնպես կկարողանան մասնակցել այդ ծրագրին:
Մենք գիտակցում ենք ԱլԳ պետություններում դատական և ընտրական բարեփոխումների կարևորությունը, նաև բոլոր բացասական հետևանքները, որոնք կարող են լինել դրանցից հրաժարվելու դեպքում: Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը և Վրաստանի կառավարությանը՝ անցկացնել դատական իշխանության մասշտաբային բարեփոխում: Հայաստանի պարագայում անհապաղ միջոցներ ձեռնարկել Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման համար՝ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձևավորման միջոցով, որը կվայելի հանրության վստահությունը:
III. ԱլԳ պետություններում օրենքի գերակայության հաստատմանը վերաբերող բարեփոխումների վրա առավել կայուն և առավել տևական ազդեցության հասնելու և մարդու իրավունքների իրացման գործում ԱլԳ պետությունների քաղաքացիներին աջակցելու համար մենք ԵՄ-ին և անդամ պետություններին խորհուրդ ենք տալիս մեծացնել ֆինանսական օժանդակությունն առանձին իրավապաշտպաններին և ՔՀԿ-ներին և աջակցել նրանց մասնակցությանը բարեփոխումների իրականացման ու գնահատման գործում, օրինակ, ԵՄ և Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի միջև մարդու իրավունքների մասին երկխոսության մեջ նրանց ներգրավելու միջոցով, այնպես, ինչպես դա եղել է ԵՄ և Բելառուսի, ԵՄ և Մոլդովայի միջև մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությունների շրջանակում:
IV. Մենք առաջարկում ենք աջակցել տարբեր պետություներում իրենց աշխատանքում նույն նպատակներին հավատարիմ կին իրավապաշտպանների տարածաշրջանային համագործակցությանը և փոխադարձ կապին, քանի որ դա կենսունակ ռազմավարություն է՝ կանանց նկատմամբ բռնությունը հաջողությամբ արմատախիլ անելու համար: Մենք ողջունում ենք Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերջին քննարկումները Բելառուսում: ԵՄ-ն պետք է հորդորի Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի կառավարություններին՝ անել իրենցից կախված ամեն ինչ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար:
V. Մենք կոչ ենք անում Եվրոպական միության անդամ պետություններին՝ ընդունել «Մագնիտսկու եվրոպական ակտը» և այն կիրառել ԱլԳ պետություններում այն անձանց դեմ, որոնք մեղավոր են մարդու իրավունքների խախտումների, պետությունը «սեփականաշնորհելու», բարձր մակարդակով կոռուպցիայի համար, ինչպես նաև առավել հետևողական աջակցություն ցուցաբերել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ խարդախությունն ու փողերի լվացումը վերահսկելու նրանց ջանքերի մեջ: Հաշվետվությունները, որոնք գնահատում են օրենքի գերակայության իրականացման իրավիճակը, պետք է ավելի որոշակի լինեն: ԱլԳ երկրների համար անհրաժեշտ է ներդնել օրենքի գերակայության հաստատման և գործընթացի՝ գոյություն ունեցող արդյունքների մշտադիտարկման մեխանիզմ, որը կիրառվում է Եվրոպական միության անդամ պետությունների և ԵՄ-ի անդամակցությունը հայցող թեկնածու պետությունների նկատմամբ:
VI. Մենք առաջարկում ենք ԱլԳ տարածաշրջանում մշակել և իրացնել քարոզչության հակազդեցության տարբեր գործիքներ, այնպիսիք, ինչպես աջակցության մեծացումը EU Stratcom East (Ռազմավարական հաղորդակցությունների ուղղությամբ օպերատիվ աշխատանքային խմբին) կամ այն ծրագրերին ու նախագծերին, որոնք բացահայտում կամ նույնականացնում են մարդկանց նման խմբերը, ինչպես նաև բացահայտում են տվյալ մարդկանց նախապաշարումները և քարոզչության տարածման գործիքները յուրաքանչյուր այդպիսի խմբում: Ընդ որում, հարկ է դուրս գալ ստանդարտ շաբլոնների սահմաններից (գյուղական շրջաններ, տարեց մարդիկ, փոքրամասնություններ, սահմանափակ հնարավորություններով մարդիկ): ԵՄ – ն նաև պետք է սուբսիդավորի ԱլԳ երկրներում եվրոպական բովանդակության ադապտացիան ու տարածումը (ժամանցային, կրթական, մասնագիտական, վավերագրական ալիքներ և այլն): Անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել ապահովելու հեռարձակող ԶԼՄ-ների անկախությունը` ներդնելով պարտադիր պահանջներ՝ տվյալ ԶԼՄ-ի սեփականատերերի ֆինանսական թափանցիկության մասին:
VII. Մենք կոչ ենք անում ԵՄ-ին և ԵՄ անդամ պետություններին՝ Ռուսաստանի Դաշնությունից պահանջել անհապաղ ազատել անազատության մեջ գտնվող բոլոր ուկրաինական քաղբանտարկյալներին և դադարեցնել քաղաքական դրդապատճառներով Ղրիմի թաթարների և քաղաքացիական ակտիվիստների հետապնդումները: ԵՄ-ն նաև պետք է լիակատար անսահմանափակ հասանելիություն պահանջի՝ Ռուսաստանի Դաշնությունում և զավթյալ Ղրիմի տարածքում Եվրոպայի խորհրդի և նրա առաքելությունների դիտարկման մեխանիզմների համար:
VIII. Մենք կոչ ենք անում ԵՄ-ին՝ համատեղ ջանքեր գործադրել ԱլԳ տարածաշրջանում կայունության և անվտանգության հասնելու համար՝ գործընկեր պետությունների հետ անվտանգության ապահովման ոլորտում ընդլայնված համագործակցության ճանապարհով, պահպանելով շարունակվող հակամարտությունների կարգավորման միջնորդությունը, կանխարգելելով նոր հնարավոր ճգնաժամային իրավիճակները՝ օգտագործելով վաղօրոք հայտնաբերման մեխանիզմները և զարգացնելով վստահելի հարաբերություններ ԵՄ, ԱլԳ և տարածաշրջանի այլ պետությունների միջև:
IХ. Մենք կոչ ենք անում ԵՄ-ին ՝ բացահայտ աջակցել ԱլԳ այն պետություններին, որոնք հավանություն են տալիս և ձգտում են ստեղծել ընդհանուր եվրոպական գազային շուկա, որը կմիավորի ԵՄ-ն և Ասոցացման համաձայնագիրը ստորագրած ԱլԳ երեք պետությունները: ԵՄ անդամ պետություններն ու Ուկրաինան կունենան ԵՄ ծրագրերի իրականացման նույն պարտավորությունները՝ կապված ընդհանուր գազային շուկայի հետ, և տվյալ օրենսդրությունը պետք է իրականացվի գործնականում՝ հօգուտ բոլոր կողմերի փոխադարձ շահերի:
X. Մենք ենթադրում ենք, որ խիստ կարևոր է հասնել աջակցության առավել մեծ տեսանելիության, որ ցուցաբերում է տարածաշրջանին ԵՄ-ն: Մենք կոչ ենք անում ԵՄ-ին Եվրոպական միության քաղաքացիական հասարակություններին ու կառավարություններին՝ համատեղ միջոցառումներ իրականացնել, որպեսզի ուշադրությունից դուրս չմնա ԱլԳ և ոչ մի քաղաքացի, հատկապես տարածաշրջաններում: Անհրաժեշտ է դուրս գալ համալսարանների ուսանողների հանրության և այն անձանց շրջանակից, որոնք աջակցում են ԵՄ-ին, աշխատում են համագործակցաբար քաղաքացիական հասարակության հետ և օգուտ են քաղում գոյություն ունեցող ծրագրերից, ինչպիսիք են «EU Young Ambassadors» (ԵՄ երիտասարդ դեսպաններ) և գիտական ընկերակցությունների անդամները, ովքեր աջակցում են ԱլԳ քաղաքացիական հասարակությանը:
Հնարավորությունները, որ առաջանում են ԱՀ (ԵՄ հետ Ասոցացման պայմանագիր) իրականացնելիս, պետք է օգտագործվեն որպես ելման կետ տարածելու ԵՄ հետ ինտեգրման օգուտների և աշխատաշուկայի զարգացման վրա դրական ներգործության մասին իրազեկվածությունը: Մենք խորհուրդ ենք տալիս ուժեղացնել կանանց ձեռնարկատիրական գործունեությանն աջակցությունը ֆինանսական և տեխնիկական աջակցության բազմաթիվ մեխանիզմների միջոցով՝ ձգտելով սեռերի հավասարության և դյուրացնելով համագործակցությունը ԱլԳ պետությունների և ԵՄ և ԱլԳ միջև:
XI. Մենք ակնկալում ենք, որ ԱլԳ քաղաքականության ուղղությամբ կառուցվածքային խորհրդատվությունները կդառնան ԱլԳ տարածաշրջանի հետ համագործակցության նոր կառուցվածքի անքակտելի մասը: Կառուցվածքը պետք է հիմնված լինի արդյունավետության պարզ ու հստակ ձևակերպված ցուցանիշերի վրա, որոնք կարող են երկրի համար լինել սահմանելի, չափելի և համեմատելի՝ կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ հեռանկարում:
Դրանք պետք է համապատասխանեն կարևոր դերակատարների կարիքներին, որպեսզի ապահովեն պատասխանատվության թափանցիկ կիսումը, և պետք է կապված լինեն որոշակի վերջնաժամկետների, պրոդուկտների, արդյունքների ու նպատակների, ինչպես նաև կոնկրետ ռեսուրսների հետ, որոնք անհրաժեշտ են դրանց հասնելու համար:
Արդյունավետության նոր ցուցանիշերը պետք է հանգեցնեն արդարադատության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում մարդու իրավունքների պաշտպանության (շեշտադրումը՝ կանանց, հաշմանդամների, տարեցների, ԼԳԲՏ իրավունքների վրա) աշխատանքային իրավունքների և վիզային ռեժիմի ազատականացման ոլորտներում իրական փոփոխությունների, որոնց սպասում են ԱլԳ երկրներում: Նորացված քաղաքականությունը պետք է հանգեցնի շոշափելի տնտեսական զարգացման, ուշադրություն դարձնելով թվային շուկաներին, լավագույն փոխկապակցվածության, էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխություններին ադապտացման: Քաղաքականությունը պետք է հնարավորություններ ընձեռի երիտասարդությանը, պահպանի ԱլԳ «Երիտասարդական պատուհան»-ը «Էրազմուս+» հաջորդ ծրագրում, ներառելով KA1, KA2 и KA3 նախագծերում մասնակցության հնարավորությունը: Մենք նաև խորհուրդ ենք տալիս շարունակել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը և խնդրել ԱլԳ գործընկերներին միանալ «Մշակույթ» և «Մեդիա» բաղադրիչներին:
Մենք հաստատում ենք , որ ԵՄ-ն և Եվրոպական միության անդամ պետությունների կառավարությունները պետք է նաև հետագայում ուժեղացնեն քաղաքացիական հասարակությունը և ԱլԳ ՔՀՖ-ն, դյուրացնելով ամբողջական կազմով նրանց մասնակցությունը բարձր մակարդակի հանդիպումներին, ներառյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները և ԱլԳ գագաթաժողովները: Մշտական երկխոսությունն անհրաժեշտ է ոչ միայն Բրյուսելում համաժողովների ժամանակ, այլև ԱլԳ պետություններում, որտեղ ԱլԳ կառավարությունների և քաղաքացիական հասարակության մշտական փոխգործակցությունը պետք է դառնա սովորական:
Ընդունվել է 2019թ. դեկտեմբերի 6-ին