ԵՊՀ ԻՄ-ի եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր
Աղբյուրը՝ www.ijevan.ysu.am
2019թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (ԵՊՀ ԻՄ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ԵՀՀ ՀՄ ծրագրերի ղեկավար Վարսիկ Ներկարարյանը, ԵՀՀ ՀՄ թիմի անդամ Հեսուս Այալան, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակար Կարինե Պողոսյանը, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Քրիստինե Հարությունյանը:
Հանդիպման սկզբում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը կարևորեց համագործակցությունը մարզում գործող երկու կառույցների միջև՝ նշելով, որ համալսարանում եղած ռեսուրսը պետք է առավելագույնս օգտագործվի հանուն մեր համայնքների, մարզի ու երկրի զարգացման:
Վ.Ներկարարյանը, ով նույնպես համարում է, որ ԵՊՀ ԻՄ-ի պոտենցիալն ամբողջությամբ օգտագործելու ու միմյանց հետ համագործակցելու շնորհիվ կարելի է առավել կարճ ժամանակահատվածում տեսանելի արդյունքներ գրանցել, նշեց մի քանի հիմնական ուղղություն, որոնցով այդ համագործակցության շրջանակներում կարելի է աշխատանքներ իրականացնել:
Ստորագրելով համագործակցության հուշագիրը՝ կողմերն առաջիկա մեկ տարվա համար մասնավորապես պայմանավորվեցին, որ ԵՀՀ ՀՄ-ն ԵՊՀ ԻՄ-ի և այլ շահագրգիռ կառույցների հետ համատեղ ուսանողների համար կկազմի աշխատանքային պրակտիկայի ծրագրեր, որոնց շնորհիվ ուսանողները հնարավորություն կստանան աշխատել և ոչ ֆորմալ կրթություն ստանալ պետական և ոչ պետական տարբեր կառույցներում: Այս նախաձեռնության շնորհիվ ուսանողները հնարավորություն կստանան ավելի ամրապնդել իրենց տեսական գիտելիքները, ձեռք բերել նոր հմտություններ, աշխատանքային փորձ և ներդրում ունենալ իրենց համայնքների զարգացման գործում: Մյուս կողմից՝ ուսանողներին հյուրընկալող կառույցները հնարավորություն կստանան իրենց թիմում ունենալ հավելյալ օգնող ձեռքեր, ինչպես նաև իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդներին:
ԵՊՀ ԻՄ-ի և ԵՀՀ ՀՄ-ի համար որպես հնարավոր համագործակցության ոլորտ քննարկվեց Իջևան համայնքի տուրիզմի զարգացման ռազմավարության մշակման հետ կապված համատեղ հետազոտությունների իրականացումը՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուժերով առկա ռեսուրսների գնահատումը, կարիքների վերհանումն ու անհրաժեշտ քայլերի մշակումը:
ԵՀՀ ՀՄ թիմի անդամ Հեսուս Այալան, ով Խաղաղության Կորպուսի կամավոր է, նոյեմբերից կսկսի խոսակցական անգլերեն դասավանդել ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ինից 4-րդ կուրսերում:
Կողմերը վստահություն հայտնեցին, որ այդ համագործակցության շնորհիվ իրարից սովորելու, փոխլրացնելու շատ առիթներ կունենան, դրանից կշահեն ուսանողները, և երկու կառույցներն իրենց ներդրումը կունենան մարզի զարգացման գործում: