Եվրոպական միությունը 1մլրդ եվրո կներդնի իր արտաքին սահմաններին հարակից տարածաշրջաններում
Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատվել են անդրսահմանային համագործակցության մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ եվրո ընդհանուր բյուջեով, որոնք միտված են աջակցելու ԵՄ արտաքին սահմանների երկու կողմում գտնվող տարածաշրջանների տնտեսական եւ սոցիալական զարգացմանը:
«Անդրսահմանային համագործակցությունը խիստ կարեւոր է նոր բաժանարար գծերից խուսափելու տեսանկյունից: Ֆինանսական այս նոր փաթեթն էլ ավելի կնպաստի հարեւան սահմանակից տարածաշրջանների կայուն ու համալիր զարգացմանը եւ ավելի ներդաշնակ կդարձնի տարածքային համագործակցությունը ԵՄ արտաքին սահմանի ողջ երկայնքով», - ասել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:
«Ուրախ եմ, որ Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամը կարող է իր նպաստը բերել ԵՄ եւ իր հարեւան երկրների միջեւ մերձեցման առավել խորացմանը: Անդրսահմանային համագործակցության ծրագրերը կոնկրետ օրինակներ են, թե ինչպես է ԵՄ աջակցում քաղաքացուն ընդհանուր խնդիրների լուծման առնչությամբ եւ, առաջացնելով միասնականության զգացողություն, նպաստում տեղական տնտեսվարող սուբյեկտների մրցունակության բարձրացմանը»,- ասել է Տարածաշրջանային քաղաքականության ԵՄ հանձնակատար Կորինա Կրետուն:
Անդրսահմանային համագործակցության այսպիսի ձեւաչափը հարեւան երկրների նկատմամբ տարվող ԵՄ քաղաքականության կարեւոր բաղադրիչներից մեկն է: Առաջնահերթություն տալով ԵՄ արտաքին սահմանագծում կայուն զարգացմանն ուղղված ծրագրերին՝ այն կնպաստի կենսամակարդակի տարբերությունների նվազեցմանն ու կլուծի սահմաններում առկա ընդհանուր խնդիրները: Յուրաքանչյուր ծրագրի համար մասնակից երկրների կողմից ընտրվել են մինչեւ չորս առաջնահերթություններ, ինչպիսիք են՝ ՓՄՁ-ների զարգացում, մշակույթ, բնապահպանություն եւ կլիմայի փոփոխություն, պայքար աղքատության դեմ, կրթություն եւ հետազոտական գործունեություն, էներգետիկա, հասանելիություն, սահմանների կառավարում:
Նոր փաթեթով նախատեսվում է ֆինանսավորել 27 երկրներում իրականցվելիք ծրագրեր. Արեւելքում՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա եւ Ռուսաստան, ինչպես նաեւ Եգիպտոսում, Իսրայելում, Հորդանան, Լիբանանում, Պաղեստինում, Թունիսում եւ նաեւ մի շարք ԵՄ անդամ պետություններում, ինչպիսիք են Բուլղարիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Շվեդիան, եւ նաեւ Նորվեգիան ու Թուրքիան: Ֆինանսավորումը կտրամադրվի Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից՝ Եվրոպական հարեւանության գործիքի ներքո: Գործընկեր երկրների եւ ԵՄ-ի միջեւ Ֆինանսավորման համաձայնագրերի ստորագրումը նախատեսվում է 2016 թվականի ընթացքում կամ 2017 թվականի սկզբում:
Աղբյուրը՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակություն