
Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է ֆանտաստիկ գրականության զարգացման հնարավորությունների մասին
Այս հարցազրույցն առաջին անգամ հրապարակվել է Հայաստանի հանրային ռադիոյի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
Արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է Հայաստանում ֆանտաստիկ գրականության զարգացման հնարավորությունների, գիտական ֆանտաստիկայի և ֆենթզի ժանրի տարբերությունների, Հայաստանում ֆենթզի շարժման մասին։
Նա ասում է, որ բարձրորակ գիտական ֆանտաստիկան մտային մարտահրավեր է, այն միտքը կյանքի հոսքի հետ միավորելու մասին է։ «Գիտական ֆանտաստիկայի ուժեղ կողմն այն է, որ վերցնում է կենսական ինչ որ մի իրադրություն, հորինելով ու ստեղծելով ապագայի աշխարհներ՝ գիտական, փիլիսոփայական կարևորագույն խնդիր է դնում։ Մարդու գլխավոր խնդիրները․ ինչո՞ւ մարդը գոյություն ունի աշխարհում, ի՞նչն է իմաստը մարդկային քաղաքակրթության, ի՞նչ է երկրագունդը, որպես մարդկության միասնական օրրան, ի՞նչ է սերը կամ՝ կինն ու տղամարդը։ Այս բոլոր խնդիրները այս ժանրը նորովի է սկսում քննարկել»։
Արձակագիրն ասում է, որ ամենահետաքրքիրը ֆանտաստիկայի ժանրում ոչ թե արհեստական, վիրտուալ իրականությունն է, այլ այն իրականությունը, որը մարդուն հաղորդագրություն է փոխանցում և որը հնարավորություն է տալիս ընթերցողին՝ ինքնուրույն մտածել և որոշում կայացնել։