Կա տրոլերի մի փոքր խումբ, որը պատվեր է կատարում Հայաստանի դեմ
Աղբյուրը՝ www.1in.am
Մարտի 1-ի գործով Ռ. Քոչարյանի դատական գործընթացը և դրան հաջորդած իրադարձությունները ևս մեկ անգամ երևան հանեցին մեր հասարակական, քաղաքական կյանքի, ինչպես նաև դատական համակարգի մի շարք խնդիրներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձակագիր, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ «սողացող դավադրությունը», որ ուրվագծվում էր տարեսկզբին, վերջին շրջանում բյուրեղացավ, և որ այն դավադրություն է Հայաստանի ինքնիշխանության դեմ, մասնավորապես նշեց. «Մեր հանրության որոշ մասը հակված է հավատալու դավադրությունների: Համընդհանուր դավադրության տրոլական տարբերակը թևածում է մեզ մոտ, որ կա ինչ-որ մեկը, որն իշխում է մեր նոր կառավարության, Նիկոլ Փաշինյանի գործողություններին, որ կա ինչ-որ գործոն, որի շնորհիվ հեղափոխությունը տեղի ունեցավ և այլն: Դա ռուսաստանյան տրոլական դիսկուրսն է, որը նույնությամբ այստեղ կրկնվում է, նույնիսկ լոզունգներն են նույնը՝ օրինակ՝ «Ճամպրուկ, գնացք, Նյու Յորք» և այլն:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք դրանք միտում ունեն թուլացնելու հեղափոխությունը, Տեր-Գաբրիելյանը նշեց, որ գոյություն ունի տրոլների մի խումբ, որը վճարովի է՝ որոշակի պատվեր են կատարում՝ որոշակի հույսերով: «Հարցն այն է, թե ժողովուրդը, այսպես ասած, վերջին շահառուն՝ վերջին մղոնի կլիենտը որքանով կենթարկվի այդ տրոլական դիսկուրսին: Ինչ գործոններ պետք է հաշվի առնել: Մեր ժողովուրդը շատ վատ է կրթված: Տրոլերի իշխանությունը՝ նախորդ համակարգում նրանք պարզապես իշխանության գլուխ էին, այնպես են արել, որ մեր կրթական համակարգն ամբողջությամբ վարի գնա, և քիչ կրթված ժողովուրդը բնականաբար ավելի հեշտ կարող է ենթարկվել այդ տրոլական, արխայիկ և դավադրության տեսությունը զարգացնող դիսկուրսին, կարող է սխալվել:
Պետք է քննադատական մտածողություն: Ի՞նչն է խանգարիչ հանգամանքը. բացի նրանից, որ մարդիկ չեն ուսումնասիրել քննադատական մտածողությունը, սովոր չեն, նաև իրավիճակն է փոխվել տեխնոլոգիաների պատճառով: Մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, երբ ինֆորմացիայի տարափ է, իսկ դա նոր վիճակ է համաշխարհային քաղաքակրթության մեջ: Երբ որ մարդը պիտի արագ կողմնորոշվի, եթե նա նախապատրաստված չէ, նրա հին, կենսաբանական բնազդներն են սկսում աշխատել, և մարդը փակվում է, քաշվում է իր մեջ: Եվ դա գաղափարական ասպարեզում արտահայտվում է ռետրոգրադ արժեքների և գաղափարների հակված լինելով, պահպանողական, կոնսերվատիվ արժեքները դառնում են գլխավոր խարիսխ, որի վրա հենվում են: Բայց այդ արժեքները շինծու են…
Մենք ցածր վստահության հասարակություն ենք, դա գալիս է նրանից, որ մարդիկ սովոր են, թե իրենց «կգցեն»: Ցածր վստահությունը գալիս է խորհրդային ժամանակշրջանից, Ցեղասպանությունից սկսած, նույնիսկ մինչ այդ, պետականության բացակայությունը, այն, որ օտարացած ես իշխանությունից, այդ ամենը թույլ է տալիս, որ դավադրության տեսությունները մի քիչ ավելի զարգանան, քան այլ, ավելի առողջ հասարակության դեպքում էր հնարավոր»: