ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցը՝ պարտադրված սահմանադրական փոփոխությունների ընդունման գործընթացի վերաբերյալ
2013թ. սեպտեմբերի 4-ի ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-207-Ն հրամանագրով ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որին հանձնարարվեց մշակել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ և Սահմանադրական բարեփոխումների նախագիծ: Ըստ սույն հրամանագրի՝ սահմանադրական փոփոխությունների իրականացումը ելնում էր՝ «… իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից»: Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակումը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած Հանձնաժողովի կողմից իրականացվեց երկու տարվա ընթացքում, սակայն հանրությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծին ծանոթանալու և հանրային քննարկումների համար ունեցավ ոչ ավել քան 2 ամիս ժամանակ: Նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում հանրային քննարկում կազմակերպվեց միայն մեկ օր: Պատգամավորների կողմից ՀՀ Ազգային Ժողովում նախագծի շուրջ բուն քննարկումները տևեցին ընդամենը չորս օր, ընդ որում վերջնական նախագիծը Ազգային ժողովի պատգամավորներին տրամադրվեց քվեարկությունից ընդամենը 1 ժամ առաջ: Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն ու քաղաքացիական հասարակության դիտարկումները վկայում են, որ Սահմանադրական փոփոխությունները հասարակության կողմից պահանջված չէին և ըստ էության որևէ կերպ չպատասխանեցին այն հարցերին, որոնք դրված էին ՀՀ Նախագահի հրամանագրի հիմքում: Սահմանադրության փոփոխությունների գործընթացը, ինչպես նաև Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվող կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն ուղղված լուծումները ոչ միայն պահանջված չէին հանրության կողմից, այլև ուղղված են միայն մեկ կուսակցության պահանջների, նույնիսկ մեկ անձի քաղաքական շահի բավարարմանը, ուստի Սահմանադրական փոփոխությունների գործընթացը ժամանակավրեպ էր և մտահոգիչ: Միևնույն ժամանակ, մտահոգիչ է խորհրդարանական համակարգի ներդրման նպատակահարմարությունը ՀՀ-ում ներկայիս քաղաքական և կուսակցական համակարգի զարգացվածության մակարդակի պայմաններում (գաղափարական, ներքին ժողովրդավարության և այլն): Ի դեպ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում միանշանակ ամրագրված չէր կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու մոտեցումը: Այսինքն՝ նախագծով սահմանված անցումը պայմանավորված էր քաղաքական նպատակահարմարությամբ: Սահմանադրության փոփոխությունների նախագծով ոչ միայն լուծումներ չտրվեցին մարդու իրավունքների ոլորտում մի շարք խնդրահարույց հարցերին, այլև ստեղծվեցին լրջագույն սպառնալիքներ, որոնց մեծ մասը պահպանվեց վերջնական նախագծում: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց և կազմակերպվեց 2015թ. դեկտեմբերի 6-ին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և այլ տեղական կազմակերպությունների կողմից իրականացված դիտորդության արդյունքները ցույց տվեցին, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքում իրականացված ընտրակեղծիքներն աննախադեպ էին իրենց ծավալով ու հանդգնությամբ և պաշտոնապես ներկայացված արդյունքները որևէ կերպ չեն համապատասխանում իրական արդյունքներին: Հանրաքվեի արդյունքում ճանաչված փոփոխությունները պետք է համարվեն ոչ թե ընդունված, այլ անօրինական կերպով պարտադրված: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումներն ու արդյունքների ակնհայտ կեղծումները վկայում են, որ հանրաքվեն չի կայացել և նախագիծը չի կարող ընդունված համարվել: Ելնելով դիտորդական առաքելության արդյունքներից՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ - Սահմանադրական փոփոխությունների գործընթացը եղել է ոչ ժողովրդավարական և ոչ մասնակցային - 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները կեղծվել են Սույն զեկույցում ի մի են բերված սահմանադրության փոփոխությունների ողջ գործընթացի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկումները և հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված խախտումները: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/publications/21-01-2016-555879/