«Անալիտիկոն» ամսագրի հոկտեմբերի «Ինչպե՞ս ձևավորել հանրային օրակարգ» խորագրով թեմատիկ համարի հանրային քննարկումը
"Հանրային օրակարգ" ՀԿ-ն Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ շարունակում է հանրային քննարկումներիշարքը Երևանում և Ստեփանակերտում (ծրագիրն իրականացվում է ՄԹ Հակամարտությունների, անվտանգության և կայունությանհիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան միջոցով)։
Նոյեմբերի 20-ին Երևանի «Անի» հյուրանոցի «Գառնի» սրահում լրագրողների ու փորձագետների մասնակցությամբ կայացավ «Անալիտիկոն» ամսագրի հոկտեմբերի «Ինչպե՞ս ձևավորել հանրային օրակարգ» խորագրով թեմատիկ համարի հանրային քննարկումը (թեմատիկ համարի նյութերի հայերեն և ռուսերեն տարբերակները PDF տարբերակով վաղօրոք ուղարկվել էին մասնակիցներին, իսկ քննարկման ժամանակ բոլորին տրամադրվեց համարի տպագիր տարբերակը)։
Քննարկմանը մասնակցում էին քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ ու վերլուծաբաններ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկումը սկսվեց «Անալիտիկոն» ամսագրի հոկտեմբերի համարի հեղինակներից մեկի՝ լրագրող Դավիթ Ստեփանյանի «ՀայկականԶԼՄ-ների կողմից հասարակական օրակարգի ձևավորման նրբությունները» հոդվածի շուրջ բանավեճից։ Պարզաբանելով հոդվածի հիմնական դրույթները՝ հեղինակը ներկայացրեց իշխանությունների կողմից հասարակական կարծիքի ձևավորման ու փիառի (PR) մեխանիզմների ամբողջական շղթան՝ վերահսկվող կամ վարձահրավիրված լրատվամիջոցներ, սոցիոլոգիական հաստատություններ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ և այլն։ Խնդրին անդրադառնալով առաջիկա սահմանադրական հանրաքվեի և դրա պատճառահետևանքային կապերի համապատկերում՝ մասնակիցներից մեկը եկավ այն եզրահանգման, որ հետևողականորեն «միակուսակցական համակարգ» է արմատավորվում նաև տեղեկատվական դաշտում։ Խոսքը միաբևեռ տեղեկատվական դաշտի մասին էր։ Անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե տեղեկտվական դաշտի ներկայիս վիճակի և ԶԼՄ-ների այսօրվա ներուժի պայմաններում անկախ լրագրողներն ու լրատվամիջոցները որքանով կարող են մասնակցել հանրային օրակարգի ձևավորմանը և կամ արդյո՞ք դա ԶԼՄ-ների առաքելությունն է։
Քննարկման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր նաև հանրային օրակարգի ձևավորման գործում քաղաքական ուժերի և ընդհանրապես քաղաքացիական հասարակության դերը։
Առանցքային թեմաներից էր նաև այն, թե իսկ ինչ է իրենից ներկայացնում հանրային օրակարգն ընդհանրապես։ Պարզվեց, որ կա տարընկալման բավականին մեծ առանցք, ավելին՝ առկա է նաև եզրաբանական խնդիր։
Հանրային օրակարգի խնդիրը դիտարկվեց նաև հանրային կոնսենսուսի ձեռքբերման տեսանկյունից։
Առանձնակի ուշադրություն դարձվեց այն հարցին, թե ինչպես է իշխող վերնախավին մշտապես հաջողվում հանրությանը պարտադրել սեփական անձնական-կլանային օրակարգն ու այն ներկայացնել որպես հանրային և թե ինչպես կարելի է դրան դիմակայել ու ձևավորել իրապես հանրային օրակարգ՝ արմատավորելով հանրային կոնսենսուսի գործուն մեխանիզմներ։
Խոսվեց նաև արհեստական կամ կեղծ օրակարգերի մասին։ Այս համատեքստում դիտարկվեց նաև այն հարցը, թե սահմանադրական փոփոխությունն արդյո՞ք հանրային օրակարգ է, թե՞ այն ինչ-որ խմբի կամ կլանի թելադրած արհեստական օրակարգն է։
"Հանրային օրակարգ" ՀԿ սույն ծրագրի տեղեկատվական գործընկերը Սիվիլնետն է։
Ներկայացնում ենք Սիվիլնետի ռեպորտաժը քննարկումից՝
http://civilnet.am/2015/11/23/how-public-agenda-shaped-in-armenia/#.VlL-edIrKUk