Նոյան Տապան․ Վայքում բացվել է համայնքային կյանքին ներգրավված տեղեկատվական կենտրոն
http://nt.am/am/news/222555/
Վայք, Հայաստան – Համայնքների ֆինանսիստների միավորումը և գործընկերները հունիսի 13-ին Վայքում կայացած հանդիսավոր արարողությամբ ազդարարեցին Վայքի Ինֆոտան պաշտոնական բացումը։ Վայքի Ինֆոտունը ստեղծվել է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ։
2011 թվականից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Ինֆոտների ստեղծմանը՝ խթանելու մեդիա գրագիտությունը և նոր մեդիայի կիրառումը Հայաստանի տարբեր անկյուններում։ Վայքի Ինֆոտունը թվով ութերորդն է Հայաստանում` միանալով Վանաձորի, Գյումրու, Արմավիրի, Մարտունու, Գորիսի, Իջևանի և Արարատի Ինֆոտների շարքին։ Երիտասարդ ակտիվիստների կողմից գործունեություն ծավալող Ինֆոտները ծառայում են որպես տեղեկատվական կենտրոններ, որոնք ներգրավված են համայնքային կյանքին։ Նրանք իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ մեդիա գրագիտության դասընթացներից մինչև ֆիլմերի ցուցադրություններ և «ֆլեշ մոբեր», որոնք բարձրացնում են հանրային իրազեկվածությունը տեղական խնդիրների մասին։ Ինֆոտները իրականացնում են նաև հանրային քննարկումներ տեղական ինքնակառավարման, մարդու իրավունքների, երիտասարդության, սոցիալական քաղաքականության և տեղական և ազգային մակարդակներում հանրային հաշվետվողականության վերաբերյալ։
Բացման միջոցառման ընթացքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանը խոսեց ԻնֆոՏուն ցանցի մասին՝ «Ինֆոտունը պարզապես նորությունների մասին տեղեկանալու վայր չէ, այն վայր է տեղեկատվությունն արժևորող մարդկանց համար։ Երբ մենք ստեղծում էինք ԻնֆոՏուն ցանցը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Այլընտրանքային ռեսուրսները ԶԼՄ–ներում» ծրագրի շրջանակներում, մենք հույս ունեինք, որ այս կենտրոնները նոր առաջնորդներ և քաղաքացիական լրագրողներ կստեղծեն, ովքեր կարևոր տեղական պատմություններ կպատմեն ողջ երկրին և, ինչու ոչ, նաև աշխարհին։ Այժմ այդ երզանքն իրականություն է դառնում»։
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը վստահ է, որ ԻնֆոՏուն ցանցը կարող է էական ներդրում ունենալ ՀաՄաՏեղ ծագրի նպատակների իրականացման գործում։ «ԻնֆոՏունը կարևոր նախաձեռնություն է, որը երիտասարդներին միավորում է համայնքային խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով։ Ստեղծագործ մտածողություն ունեցող երիտասարդներին ԻնֆոՏունը հնարավորություն է տալիս տարածել իրենց գաղափարները, ձևավորել համայնքի տերը լինելու և համատեղ աշխատելու զգացողությունը», նշեց պարոն Մովսիսյանը։
Ժապավենի կտրման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող երեք ծրագրերի` «ՀաՄաՏեղ», «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հասարակական կազմակերպությունների զարգացման» (ՀԿ Դեպո) ծրագրի պրեզենտացիաները` ծրագրերի գործունեության ու Ինֆոտների ցանցի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Նորաստեղծ Ինֆոտան ներկայացուցիչները, որը գործելու է Աշխատանք և հայրենիք ՀԿ–ի կողմից, խոսեցին համայնքի խնդիրների և Ինֆոտան մոտակա առաջնահերթությունների մասին։