«Աշխարհի ամենամեծ հանցագործությունները կատարվել և կատարվում են խտրականության հողի վրա». դասընթաց Գավառ քաղաքում
2016 թ-ի մայիսի 2-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթաց անցկացրեց Գավառ քաղաքում, որին մասնակցում էին ուսանողներ, մանկավարժներ, ակտիվ երիտասարդներ,Գավառում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ`ընդհանուր առմամբ 33 մասնակից:
Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Գավառում` մարզային համակարգող Մարիամ Մուրադյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացնելով «Մարդու իրավունքների հասկացությունը, մարդու իրավունքների հիմնախնդրի ծագումը և զարգացումը» թեման`նշեց, որ մարդու իրավունքները իրավական պետությունում անհատի կարգավիճակի հիմնաքարերն են, որոնք համարվում են անօտարելի յուրաքանչյուր քաղաքացու համար`անկախ քաղաքացիությունից, սեռից, տարիքից, ազգությունից, կրոնական ու էթնիկ պատկանելությունից:
Մասնակիցներին ներկայացվեց մարդու իրավունքների ծագումը, սերունդները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մասին` Ավետիք Իշխանյանը կարևորեց հասարակական վերահսկողության հանգամանքը. «Իմ կարծիքով իշխանությունները լավը չեն լինում, իշխանությունները լինում են տանելի կամ անտանելի: Իշխանությունը տանելի է, երբ կա հասարակական վերահսկողություն, այսինքն հասարակությունը պետք է անտանելի իշխանությունը դարձնի տանելի, իսկ եթե դա չի կարողանում, ուրեմն հասարակությունը թույլ է»:
Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց «Խտրականության հասկացությունը և տեսակները» թեման:
«Աշխարհի ամենամեծ հանցագործությունները կատարվել և կատարվում են խտրականության հողի վրա, դրա վառ օրինակն է նաև Հայոց ցեղասպանությունը»,- նշեց բանախոսը:
Խտրականության հասկացությունից և տեսակներից բացի դասընթացի մասնակիցները ծանոթացան նաև խտրականությունն արգելող միջազգային և ներպետական փաստաթղթերին: Վերջում տեղի ունեցավ քննարկում`մտքի, խղճի և կրոնի ազատության թեմայով:
«Մենք բոլորս կարծրատիպերի և քարոզչության զոհ ենք, միշտ հարմարվում ենք իրավիճակին, մեր տեսածին և լսածին քննադատաբար մոտենալու և վերլուծելու հանգամանքը բացակայում է մեզ մոտ»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Բանավեճի ընթացքում տարբեր օրինակների և հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին խտրականության դրսևորման դեպքերը:
Դասընթացի մասնակից Սարգիս Չիչակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ երկար կմտածի դասընթացի ընթացքում քննարկված հարցերի մասին.«Ես ինձ համար բազմաթիվ նոր բաներ հայտնաբերեցի, միշտ ժամանակ չենք ունենում նման հարցերի մասին մտածելու, իսկ այսպիսի հանդիպումները քեզ ժամանակ և հնարավորություն են տալիս մտածել այդ հարցերի մասին: Խտրականությունը կա բոլոր տեղերում, օրինակ, երբ տարբերակում է դրվում` երևանցի, սևանցի, քյավառցի»:
Դասընթացն անցկացվել է «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում»ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ: