Կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը երկար պատմություն ունի ու երկար ճանապարհ է անցել: Նախարարը դրա ընդունումը կարևորեց ՀԿ-ների ազատ ու արդյունավետ գործունեության պայմանների ստեղծման տեսանկյունից, ինչը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է։ «Մասնավորապես 2009թ. սեպտեմբերին կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել մի փաթեթ, որտեղ նախատեսվում էին մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, ինչն առաջացրել էր բազմաթիվ ՀԿ-ների մտահոգությունը և դժգոհությունը։ Արդյունքում ստեղծվեց մի քաղաքացիական նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել էր 300 ՀԿ։ Նրանց նպատակն էր ավարտին հասցնել ու ամփոփել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մտահոգությունները՝ կապված այս օրենքների նախագծերի փաթեթի հետ»,- ասաց նախարարը։ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայացված փաթեթը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և հաշվի են առնվել նրանց բոլոր առաջարկությունները։ Ըստ նախարարի՝ https://www.eregister.am/ համակարգի միջոցով ՀԿ-ների համար կստեղծվի առցանց գրանցման հնարավորություն: Բացի այդ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման բաժնի բոլոր գրասենյակներում կստեղծվի փաստաթղթերի ընդունման հնարավորություն: Այդպիսով, կպարզեցվի և կհստակեցվի ՀԿ-ների պետական գրանցման վարչարարությունը՝ գրանցվող կազմակերպություններն ազատելով ավելորդ գործընթացներից: Փաթեթով հնարավորինս կբացառվեն ՀԿ-ների՝ շփոթության աստիճան նման անվանումները և խորհրդանիշները, կկատարելագործվի ՀԿ-ների ստեղծման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կազմակերպման համակարգը, ինչպես նաև կբարձրացվի կանոնադրության դերը, որը խթան կհանդիսանա ՀԿ-ների ինստիտուցիոնալ զարգացման համար, իսկ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ընձեռմամբ՝ ՀԿ-ներին կտրամադրվի ֆինանսական կայունությունը ապահովող արդյունավետ գործիք:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։