Հասարակական կազմապերպությունների մասին օրենքը կքննարկվի Աժ-ում
ՀՀ կառավարության՝ 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի թիվ 40 արձանագրային որոշմամբ ընդունվեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգը: Հետագայում հայեցակարգի հիման վրա անցկացվեցին հանրային քննարկումներ, ինչի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նախագիծն առավելապես ուղղված է հասարակական կազմակերպությունների զարգացումը խթանելուն, կամավորության ինստիտուտի օրենսդրական հստակ կարգավորումներ սահմանելուն, ֆինանսական կայունությունն ապահովելուն, ՀԿ-ների հաշվետվողականությունը եւ դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը մեծացնելուն:
Օրենքի նախագծով սահմանվել են որոշ նորամուծություններ: Նախ, ի տարբերություն «Հասարակական կազմակերպությունների մասին» գործող օրենքի, այս նախագծով արդեն հնարավորություն է տրվել ստեղծել նոր հասարակական կազմակերպություն ինչպես հիմնադրելու, այպես էլ արդեն գոյություն ունեցող իրավաբանական անձը վերակազմակերպելու միջոցով: Բացի այդ, սահմանվել է նաև, որ կազմակերպություն կարող են հիմնադրել առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ եւ (կամ) իրավաբանական անձ:
Ինչպես արդեն վերը նշվեց, օրենքի այս նախագծով փորձ է արվել կարգավորել կամավորության ինստիտուտի հետ կապված հարաբերությունները, քանի որ գոյություն ունեցող թերկարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախ դժվարություններ են առաջանում հանրային աշխատանքներում նրանց օրինական հիմունքներով ներգրավելու հարցում: Այպիսով, ըստ նախագծի՝ ՀԿ-ի կամավորներն են հանդիսանում այն քաղաքացիները, ովքեր կազմակերպության հետ կնքված պայմանագրով կազմակերպության կամ իրենց հաշվին, կազմակերպության կամ նրա շահառուների օգտին կատարում են որոշակի աշխատանքներ, գործողություններ կամ իրականացնում են որոշակի գործունեություն՝ անհատույց, այսինքն՝ առանց կատարված աշխատանքի դիմաց վճար ստանալու: Ընդ որում, կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվելու են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքը եւ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն հակասի «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի դրույթներին: Կամավորի հետ կազմակերպությունը պարտավոր կլինի կնքել պայմանագիր, եթե նրա աշխատանքի տեւողությունը մեկ ամսվա մեջ գերազացի անընդմեջ 5 օրը:
Օրենքի նախագծով ներկայացված նոր գաղափար է նաև կազմակերպություններին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև առեւտրային կազմակերպություն ստեղծելու կամ դրա մասնակիցը դառնալու հնարավորության սահմանումը: Ընդ որում, այդ գործունեությունը պետք է համապատասխանի կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակներին, իսկ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը պետք է օգտագործվի բացառապես կազմակերպության կանոնադրական նպատակներն իրականացնելու համար: Մինչդեռ, գործող օրենքի համաձայն կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել բացառապես առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով: Հարկ է հավելել նաև, որ նախագծով արգելվում է կամավորներին ներգրավել կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության մեջ։
Սկզբնաղբյուրը կարող եք գտնել այստեղ: