Բուն Թիվիի եթերում Լիլիթ Բաբայանը խոսում է հետազոտության հիմունքների մասին
Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Բուն Թիվիում։ Հասանելի է այստեղ։
Շատերը, երբ լսում են «հետազոտություն» բառը, պատկերացնում են սպիտակ խալաթով ինչ-որ մեկին, ով, իր լաբորատորիայում նստած, մանրադիտակով բջիջներ ու մանրէներ է ուսումնասիրում։ Իրականում, այդ եզրույթը կարող ենք գտնել նաև բնագիտությունից և լաբորատորիայից դուրս։
1969 թվականին Ֆիլիպ Զիմբարդոն մի գիտափորձ իրականացրեց։ Նա վերցրեց երկու ավտոմեքենա՝ մեկը տեղադրելով Նյու Յորքի Բրոնքս շրջանում, իսկ մյուսը՝ Պալո Ալտո թաղամասում։ Մեքենաները նույն մակնիշի էին և գտնվում էին նույն վիճակում։ Բրոնքսում գտնվող մեքենան շուտով հարձակման ենթարկվեց, մարդիկ քանդեցին և տարան մեքենայի մասերը։ Միաժամանակ, Պալո Ալտոյում կայանած ավտոմեքենան այդպես էլ կանգնած էր։ Մեկ շաբաթ անց Զիմբարդոն որոշեց ինքը կոտրել երկրորդ մեքենան և ականատես եղավ հետաքրքիր զարգացումների։ Մեքենայի հետ սկսեցին վարվել այնպես, ինչպես Բրոնքսում՝ ջարդել պատուհանները, մասեր տանել։ Այս և բազմաթիվ այլ գիտափորձերի հիման վրա զարգացվեց «ջարդած պատուհանների տեսությունը»։ Այս տեսության համաձայն՝ վանդալիզմի և հանցագործությունների առկա նշանները նպաստում են նոր հանցագործությունների։ Փաստորեն, միջավայրն ազդում է մարդկանց վարքի վրա։
Հետազոտության մեթոդաբանությունը հստակ սահմանված գործընթաց է, և ցանկացած մոտեցում ունի իր սկզբունքները։ Ընտրելով մեթոդաբանական մոտեցումը՝ հետազոտողն ինչ-որ առումով սահմանում է, թե որ տեսանկյունից է մոտենալու հետազոտվող հարցին։ Մեթոդաբանական տարբեր մոտեցումներ կան բոլոր գիտություններում, ինչն ամենևին չի նշանակում, որ հետազոտողն առաջնորդվում է իր սուբյեկտիվ կարծիքով։ Հետազոտության ընթացքը պետք է ուղղորդված չլինի արժեքային նախատրամադրվածությամբ, իսկ հետազոտության եզրակացությունը պետք է արդար կերպով արտացոլի այն, ինչ բացահայտվել է տվյալ հետազոտության արդյունքում։
--
Հոլովակը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով՝ "Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար" (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում։ Նյութի բովանդակությունը միմիայն Բուն հիմնադրամինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները: