«Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաք Արմավիր Ինֆոտանը
Ապրիլի 12-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ԻՆՖՈՏՈՒՆ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը: Հավաքը կազմակերպվեց «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Ինտերնյուս և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ ֆինանսավորմամբ։
Սոցիալական նորարարության հավաքի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:
Հավաքին կարող էին մասնակցել մարզում բնակվող ծրագրավորողներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ, ովքեր ցանկություն ունեն և կարողանում են առանձնացնել մարզին, իրենց բնակավայրին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա լուծման տարբերակը՝ իրենց գործունեության մեջ կիրառելով նաև համացանցի գործիքները:
«Մարդամեջ» Արմավիրին մասնակցեցին մարզում բնակվող մոտ 60 քաղաքացիներ, ովքեր դիմում-հայտ էին ներկայացրել ծրագրին: Բազմաթիվ հայտերից ընտրվեցին 5 ծրագրեր, որոնց շուրջ համախմբվեցին դիմող բոլոր մասնակիցները՝ կազմելով 5 խումբ: Ստեղծված խմբերը բուռն աշխատանքային օրակարգից հետո հանձնաժողովին ներկայացրին ծրագրի վերածած իրենց գաղափարները. աշխատանքային գործընթացում խմբերին օգնեցին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, այլ փորձագետներ: Հանձնաժողովի հավանության արժանացած երեք ծրագրերը՝ «I մասնակից»-ը՝ Տանձուտ համայնքում և «Armughi»-ն՝ Արմավիր քաղաքում, կֆինանսավորվեն 150.000-ական դրամով, իսկ «Report Line» ծրագիրը՝ Մեծամոր քաղաքից, կֆինանսավորվի 200.000 դրամով:
Մնացած գաղափարները ևս իրենց ուրույն հաղթանակներն ունեցան՝ իրենց մասին բարձրաձայնելով ու հնարավորության դեպքում այլ ծրագրերի դիմելու հնարավորությամբ: Էջմիածին քաղաքը ներկայացնող թիմի կողմից առաջարկված «Անտի Կաֆե»-ի ծրագիրն, օրինակ, ֆինանսական ռեսուրսի փոխարեն մարդկային մեծ ռեսուրս ձեռք բերեց. շատերը համագործակցության առաջարկով հանդես եկան ու պատրաստ էին կամավոր հիմունքներով դասընթացներ վարել արդեն իսկ գործող «Անտի Կաֆե» - ում. պարտվողներ չկային:
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները, այդ բարեփոխումների մի մասը դառնալու հնարավորությունը, քանի որ ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ՝ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: