Հանդիպում գործարարների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև
Գործարարների կարծիքով իրենք ավելի տեսանելի են, քան՝ հասարակական կազմակերպությունները
Գորիսի մամուլի ակումբը Միրհավ հյուրանոցում «Բիզնեսի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները» թեմայով գործարար ընթրիքի էր հրավիրել Գորիսի տարածաշրջանում գործող երկու տասնյակից ավելի գործարարների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։
Հետաքրքրական էր, որ հենց հանդիպման սկզբում գործարարների մեծ մասը նշեց, որ իրենք տեղեկացված չեն Գորիսում գործող հասարկակական կազմակերպությունների գործունեության մասին, անտեղյակ են, թե ինչ գործունեություն են ծավալում, ինչով են զբաղվում և նման իրավիճակում անհասկանալի է, թե որոնք կարող են լինել համագործակցության մեթոդները։ Կարծիք հնչեց, որ մինչ այժմ տպավորություն էր ստեղծվել, որ հասարակական կազմակերպություններն ուղղակի գործիքներ են՝ ընտրական, քաղաքական տարբեր գործընթացներում ձայներ ապահովելու, որոշներին սևացնելու կամ գովազդելու համար։
Գործարարների կողմից հնչած այս հարցադրումները դարձան երեք ժամից ավելի շարունակվող քննարկման առանցքը և, երբ մասնակից հասարակական կազմակերպությունները ներկայացրեցին իրենց գործունեության շրջանակները, հաջողության առանձին պատմություններ, այնուամենայնիվ բուռն բանավեճի առարկա դարձավ, թե ի վերջո, նշված գործառույթների մեջ որոնք են այն հնարավորությունները, միջոցները, որոնք կարող են համագործակցության հիմքեր ձևավորել։
Խոսելով հասարակական կազմակերպությունների նկատմամբ հանրության, նաև գործարարների վստահության հարցի մասին, քննարկման մասնակիցները, մասնավորապես, բիզնես ոլորտի ներկայացուցիչները պնդեցին, որ, եթե իրենց համար անհայտ է, թե առհասարակ ինչ առաքելություն, նպատակ ունի կազմակերպությունը, դժվար է այդ մասին խոսել; Ոմանց կարծիքով կարևոր է, թե հատկապես ում ֆինանսավորմամբ են գործում հասարակական կազմակերպությունները և որոշ դեպքերում կասկածելի, թե իրականում ինչ առաքելություն ունեն;
Անդրադառնալով հանրության կյանքի որակի բարձրացման գործում բիզնեսի և քաղհասարակության դերակատարության խնդրին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ այդ հարթակում իրենց նախաձեռնությունները վերաբերում են հիմնականում շահերի պաշտպանության, կրթական, իրավապաշտպանական, հանրային քաղաքականությունների փոփոխություններին ուղղված նախաձեռնություններին, և այդ գործում, ըստ մասնակից որոշ գործարարների, համագործակցության առաջարկ ակնկալվում է քաղհասարակությունից։
Գործարարների համար հետաքրքրական էր նաև, թե արդյոք քաղհասարակությունն իր գործունեությունը պլանավորելիս նախատեսում է համագործակցություն բիզնեսի հետ և ինչ մեթոդներով, ինչպես նաև, հասարակական կազմակերպություններն իրենց գործունեության մասին ինչպես են տեղեկացնում իրենց շահառուներին և արդյոք այդ գործիքները չեն կարող հասանելի լինել նաև իրենց համար։
Ինչպես գնահատեցին մասնակիցները, հանդիպումն, ըստ էության, ճանաչողական բնույթ էր կրում և անհրաժեշտություն կա այդօրինակ քննարկումներ հաճախակի կազմակերպել։
Գործարարների կարծիքով համագործակցության նախաձեռնությունն ակնկալում են քաղաքացիական հասարակությունից, քանի որ ըստ նրանց, վերջիններիս գործունեության, այսպես կոչված բովանդակությունը պակաս հրապարակային է, քան՝ բիզնեսինը։
Նախաձեռնությունը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում։