ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Աղբյուրը՝ www.mediamax.am
Հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում այսուհետև ավելի շատ ուշադրություն կդարձվի մեդիագրագիտությանն ու դրա տարածմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄՆԿ-ի հետ համագործակցությունը շարունակական է և շատ արդյունավետ: «Մենք շատ ենք կարևորում կրթական համակարգում և՛ քաղաքական, և՛ լեզվական գրագիտությունը մեր մեդիադաշտում: Մեր երկիրը գտնվում է բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և կարիք կա գրագիտությունը զարգացնելու հենց մեդիա ոլորտում»,- նշեց նախարարը:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրենն էլ իր հերթին ասաց, որ այս հուշագիրը վերջին հինգ տարիներին դպրոցներում ուսուցիչների հետ անցկացրած իրենց աշխատանքների արդյունքն է: «Մեդիագրագիտությունը որպես ոլորտ սկսել է կարևորվել: Մենք արդեն մի քանի տարի աշխատում ենք ուսուցիչների հետ և անց ենք կացնում դասընթացներ` հիմնվելով մեր «Մեդիագրագիտության հիմունքներ» ձեռնարկի վրա: Արդեն ավելի քան 200 ուսուցիչ անցել է այդ դասընթացները»,- ընդգծեց Նունե Սարգսյանը: Հուշագրի համաձայն կլինեն պարբերական հանդիպումներ ե րկու կողմերի միջև:
Կկազմակերպվեն համատեղ միջոցառումներ, որոնց միջոցով կիրականացվի համապատասխան տեղեկատվության փոխանակում, մեդիագրագիտության և մեդիակրթության ոլորտի խնդիրների լուծման գործընթացում կողմերի փորձագիտական և մասնագիտական ներուժի օգտագործում: