Բազմաֆունկցիոնալ և տարանջատված ֆունկցիաներով հակակոռուպցիոն մարմիններ Նկատառումներ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի առնչությամբ
Թարգմանություն
Հանրային քաղաքականության սույն համառոտագրում ուսումնասիրվում են հակակոռուպցիոն մարմինների (ՀԿՄ-ներ) երկու տարբեր մոդելների զարգացման միտումները, ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև արդյունավետ ՀԿՄ-ների գործունեության սկզբունքները՝ նպատակ ունենալով ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն համակարգի «ճարտարապետության» կերտման ապագա աշխատանքների շուրջ ընթացող քննարկումներին։
1. Ներկա իրավիճակը Հայաստանում
Միջազգային չափանիշների համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով պետությունները պարտավոր են երաշխավորել մասնագիտացված հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմինների և մասնագիտացված իրավապահ մարմինների կամ անձանց առկայությունը։
Հայաստանում գործում են հակակոռուպցիոն լիազորություններով օժտված մի շարք մարմիններ, մասնավորապես, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը (որը 2017 թվականի հունիսին ընդունված օրենքի ուժով պետք է փոխարինվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով), Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, Պետական եկամուտների կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը։
Օրենքի համաձայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովովը լինելու է կոռուպցիան կանխարգելող անկախ մարմին, որն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, ներառյալ՝ գույքի հայտարարագրման համակարգի կիրարկումը, շահերի բախման և էթիկայի կանոնների պահպանման ապահովումը, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման աջակցությունը, իրազեկության բարձրացումը, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը և այլն։
Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիտորինգի չորրորդ փուլի շրջանակում 2018 թվականին կազմված զեկույցում տեղ են գտել Հայաստանին ուղղված հանձնարարականներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության և նշանակման, Հանձնաժողովի և Քաղաքացիական ծառայության գրասենյակի լիարժեք գործունեությունն ապահովելու և փոփոխություններից հետո «ինստիտուցիոնալ հիշողությունը» պահպանելու վերաբերյալ։ Մի քանի հանձնարարականներ վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը և նրանց անկախության երաշխավորմանը (ՏՀԶԿ, 2018 թ.)։
Այնուհանդերձ, 2019 թվականի ապրիլի դրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներն ընտրված չէին, և շարունակվում են բանավեճերը Հայաստանի ապագա հակակոռուպցիոն մարմինների օպտիմալ համակարգի շուրջ։ Առավել թեժ քննարկումների տեղիք տված հարցերից է բազմաֆունկցիոնալ («ունիվերսալ») մեկ հակակոռուպցիոն մարմնի և կոռուպցիայի կանխարգելման և իրավապահ գործառույթներ իրականացնող առանձին մարմինների տարբերակների միջև ընտրությունը։ Սրան առնչվող քննարկումների մեկ այլ թեմա է հակակոռուպցիոն քննության գործառույթները գոյություն ունեցող մարմիններից մեկում կենտրոնացնելու կամ նոր ստեղծվելիք մարմնին վերապահելու հնարավորությունը։
2.Միտումները Եվրոպայում
Վերջին 10 տարիներին Եվրոպայի մի շարք պետություններ ստեղծել են հակակոռուպցիոն նոր մարմիններ կամ վերակազմավորել են արդեն գոյություն ունեցողները։
Օրինակ, կանխարգելման լիազորություններով օժտված հակակոռուպցիոն մարմիններ են ստեղծվել Իտալիայում (Ազգային հակակոռուպցիոն մարմին, 2014 թ.), Ֆրանսիայում (Հակակոռուպցիոն գործակալություն, 2016 թ.) և Բուլղարիայում (Կոռուպցիային հակազդման և անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավման հանձնաժողով, 2018 թ.)։
Իրավապահ կամ դատախազական մասնագիտացած մարմիններ են ստեղծվել Ավստրիայում (Կոռուպցիայի կանխարգելման և պայքարի դաշնային գրասենյակ, 2010 թ., Տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի դատախազություն, 2011 թ.), Հունաստանում (մասնագիտացած դատախազություններ, 2011 թ.) և Իռլանդիայում (ոստիկանության համակարգում գործող՝ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի «Գարդա» ազգային բյուրոյի հակակոռուպցիոն ստորաբաժանում, 2017 թ.)։ Ալբանիայում 2019 թվականից սկսել են գործել Հակակոռուպցիոն և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ կառույցը, ինչպես նաև Հակակոռուպցիոն և կազմակերպված հանցավորության գործերով դատարանները։
Տարբեր ֆունկցիաներ իրականացնող մեկից ավելի հակակոռուպցիոն մարմիններ ներառող համակարգը վերափոխվել է Մոլդովայում (Ազգային հակակոռուպցիոն կենտրոն, որը քննում է հանցագործությունները, իրականացնում է իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննությունը, օժանդակություն է ցուցաբերում կոռուպցիոն ռիսկերի գնահատումների իրականացմանը և բարեվարքության/օրինավորության (integrity) ծրագրերի մշակմանը և ներդրմանը և այլն, 2012 թ., Բարեվարքության/օրինավորության ազգային մարմին, որը ստուգում է պետական պաշտոնյաների գույքային և անձնական շահերը, վերահսկում է շահերի բախման վերաբերյալ կանոնների պահպանումը և այլն, 2016 թ.)։ Նման համակարգ է ստեղծվել Ուկրաինայում (Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալություն, որը մշակում, մոնիտորինգի ենթարկում, համակարգում և գնահատում է պետական հակակոռուպցիոն քաղաքականությունը, ստուգում է պետական պաշտոնյաների հայտարարագրերը, մոնիտորինգի է ենթարկում շահերի բախման կարգավորումների պահպանումը և այլն, Ազգային հակակոռուպցիոն բյուրո, որը զբաղվում է հանցագործությունների հայտնաբերմամբ և քննությամբ, Մասնագիտացած հակակոռուպցիոն դատախազություն, 2015 թ., Ուկրաինայի բարձր հակակոռուպցիոն դատարան, 2019 թ.)։
Պետություններն առերևույթ բավարարում են Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) պահանջները՝ կապված հակակոռուպցիոն մարմինների գոյության հետ։ Հարկ է նշել, որ նախկինում մեծ հարգանք վայելած՝ բազմաֆունկցիոնալ («ունիվերսալ») հակակոռուպցիոն մարմնի մոդելը, երբ մեկ մարմին իրականացնում է և’ կանխարգելման, և’ իրավապահ գործառույթների մեծ մասը, կարծես թե վերջին տասնամյակում պակաս գրավիչ է դարձել։ Փոխարենը՝ սովորաբար ստեղծվում են առանձին մարմիններ` կանխարգելման, իրավապահ և դատախազական գործառույթներով։
Կանխարգելող մարմինները կարող են ունենալ լիազորությունների լայն շրջանակ։ Բուլղարիայի հակակոռուպցիոն մարմինը, օրինակ, պատասխանատու է շահերի և գույքի հայտարարագրերի ստուգման, ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ բողոքների վարչական քննություն իրականացնելու (այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցով), անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի առգրավման և բռնագրավման ընթացակարգերի իրականացման և այլ գործառույթների համար (Եվրոպական հանձնաժողով, 2018 թ.)։
Իրավապահ մարմինների վրա, իրենց պատժիչ գործառույթներից բացի, կարող են դրվել նաև կանխարգելման գործառույթներ, ինչպես արվել է, օրինակ, Ավստրիայի ներքին գործերի նախարարության կազմում գործող՝ Կոռուպցիայի կանխարգելման և պայքարի դաշնային գրասենյակի պարագայում։
3.Մոդելների ուժեղ և թույլ կողմերը
Կանխարգելման և իրավապահ գործառույթների իրականացման համար բազմաֆունկցիոնալ («ունիվերսալ») մեկ հակակոռուպցիոն մարմին ունենալու տարբերակը կամ կոռուպցիայի կանխարգելման և իրավապահ գործառույթների իրականացման առանձին մարմիններ ունենալու տարբերակը հավասարապես ընդունելի են միջազգային չափանիշների տեսանկյունից։
Բազմաֆունկցիոնալ մարմնի հնարավոր ուժեղ կողմերը.
- Հստակ և լայն պատասխանատվություն հակակոռուպցիոն քաղաքականության առումով
- Ուժեղ մանդատ և կոռուպցիային հակազդելու տարբեր մոտեցումներ կիրառելու կարողություն
- Տարաբնույթ գործառույթների ավելի դյուրին համակարգում
- Փոխգործակցություն և փոխադարձ աջակցություն կանխարգելման և իրավապահ գործառույթների միջև
- Միասնական կառավարման շնորհիվ նվազում է բյուրոկրատիան, համակարգը դառնում է ավելի պարզ
- Համակարգային կոռուպցիայի միջավայրում «բարեվարքության/օրինավորության կղզյակ» (integrity island) ձևավորելու հույս
- Հաջողված օրինակներն են Հոնգ Կոնգը և Սինգապուրը:
Օրինակ
Լիտվայի Հատուկ քննչական ծառայությունը լուրջ հաջողության է հասել միաժամանակ մի քանի գործառույթներ իրականացնելու հարցում: ՏՀԶԿ-ի 2017 թվականի գնահատման շրջանակում բարձր գնահատվեցին կաշառակերության հանցագործությունների հետաքննություններ հարուցելու հարցում Ծառայության նախաձեռնողականությունը և առանց անհարկի քաղաքական ճնշումների կոռուպցիայի քննության իրականացումը երաշխավորելու ուղղությամբ Լիտվայի գործադրած ջանքերը: Զեկույցում նաև ի գիտություն ընդունվեց Ծառայության հանրային գովազդի ռազմավարությունը և առաջատար դերն իրազեկության բարձրացման աշխատանքներում, մասնակցությունը հակակոռուպցիոն բազմաթիվ հետազոտություններում, կանոնավոր շփումները կառավարական այլ մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Ազգային հակակոռուպցիոն ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության պատասխանատվության ստանձնումը: Արձանագրված սակավաթիվ մտահոգիչ խնդիրներից էր նրա լայն լիազորություններն իրականացնելու համար նախատեսված բյուջեի հնարավոր անբավարարությունը (ՏՀԶԿ, 2017 թ.):
Միևնույն ժամանակ, Հատուկ քննչական ծառայության լիազորությունները համընդգրկուն չեն, և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող գործառույթներ իրականացնում են նաև այլ կառույցներ: Մասնավորապես, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերահսկում է շահերի բախման վերաբերյալ կանոնների, «Լոբբինգային գործունեության մասին» օրենքի պահանջների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության մեջ գտնվող անձանց պաշտոնեական էթիկային առնչվող այլ իրավական նորմերի կատարումը, որոնք վերապահված են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:
Բազմաֆունկցիոնալ մարմին ունենալու հնարավոր թույլ կողմերը.
- Երբ այդպիսի հակակոռուպցիոն մարմինը ձախողվում է (օրինակ՝ հայտնվում է քաղաքական ճնշումների տակ), ձախողվում է կոռուպցիայի դեմ ողջ պայքարը
- Բազմաֆունկցիոնալ հակակոռուպցիոն մարմինը ներքնապես բարդ կառույց է, և նրա համար կարող է դժվար լինել բոլոր գործառույթների վրա հավասարապես կենտրոնանալը
- Կարող է ձևավորվել ներքին մրցակցություն վարչությունների միջև, որը վնասի կառույցի ընդհանուր գործունությանը
- Հակակոռուպցիոն մարմնի ռեսուրսները կարող են չբավականացնել՝ հատկապես եթե հաշվի առնվի, որ հակակոռուպցիոն մարմնի մեծաթիվ գործառույթները կատարելու համար անհրաժեշտ են տարբեր մասնագիտության տեր՝ որակավորված և հուսալի մեծաթիվ կադրեր
- Ուժեղ բազմանպատակ հակակոռուպցիոն մարմինը հաճախ քաղաքական դաշտում չի հանդուրժվում, և կոռումպացված քաղաքական գործիչների համար այն դառնում է միակ թիրախը, որի վրա նրանք հարձակվում են` չխնայելով ոչ մի միջոց
- Հակակոռուպցիոն մարմինը կարող է ծնել ուռճացված ակնկալիքներ և հետագա հիասթափություն
- Անգամ ուժեղ բազմաֆունկցիոնալ հակակոռուպցիոն մարմինը չի կարող մեկտեղել հակակոռուպցիոն բոլոր գործառույթները, քանի որ դատախազությունը, օրինակ, սովորաբար առանձին կառույց է և գործում է հակակոռուպցիոն մարմնից դուրս:
Օրինակ
Լեհաստանի Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոն ունի և՜ կանխարգելման, և՜ բացահայտման գործառույթներ: Բյուրոյի բազմաթիվ գործառույթները ներառում են հանրային գործառույթներ կատարող անձանց գույքի հայտարարագրերի ստուգումը և իրազեկության բարձրացման և կրթական աշխատանքների իրականացումը: Այդուհանդերձ, Բյուրոն քննադատության է արժանացել կոռուպցիայի դեմ պայքարում «ճնշող» գործառույթներին չափից ավելի տեղ տալու համար (Makowski, 2016 թ.): Ավելի կարևոր է թերևս այն, որ տարբեր աղբյուրներ մտահոգություններ են բարձրաձայնել կառույցի ոչ բավարար անկախության վերաբերյալ: Բյուրոյի ղեկավարը նշանակվում և ազատվում է վարչապետի կողմից, ով վերահսկում է բյուրոյի աշխատանքն այդ նպատակով լիազորված նախարարի միջոցով (GRECO, 2018): 2014 թվականին Եվրոպական հանձնաժողովը եզրակացրեց, որ Բյուրոն բավարար երաշխիքներ չունի, որպեսզի չօգտագործվի որպես քաղաքական գործիք: Վարչապետը կարող է հանձնարարականներ և ցուցումներ տալ Բյուրոյին՝ կապված վերջինիս աշխատանքի տարբեր ուղղությունների հետ (Եվրոպական հանձնաժողով, 2014 թ.): Հաշվի առնելով Բյուրոյի բավական մեծ թվով տարաբնույթ գործառույթները` այս կառույցի աշխատանքին միջամտելու կարողությունը հավասարազոր է կոռուպցիայի դեմ պայքարը մեծապես մանիպուլացնելու կարողությանը:
Տարանջատված ֆունկցիաներով (գործառույթներով) մարմինների ուժեղ կողմերը.
- Մարմիններից յուրաքանչյուրը կարող է կենտրոնանալ բացառապես իրեն վերապահված կոնկրետ առաքելության ուղղությամբ
- Եթե մարմիններից մեկը ձախողվի, կարելի է հուսալ, որ մյուսը կշարունակի գործել
- Լիազորությունների ավելի նեղ շրջանակ ունեցող մարմնին ավելի քիչ ռեսուրսներ են անհրաժեշտ
- Հանրային հատվածում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկները մեկից ավելի են
- Առկա է փոխադարձ զսպում, այսինքն՝ մարմիններից մեկը հակակոռուպցիոն գործառույթներ է իրականացնում մյուս մարմնի պաշտոնատար անձանց նկատմամբ
- Հնարավոր է արգասաբեր մրցակցություն տարբեր մարմինների միջև՝ թույլ տալով հասնել լավագույն արդյունքների
- Կանխարգելող մարմինները նվազ վտանգավոր կառույցի տպավորություն են թողնում, ուստի քաղաքական գործիչներն ավելի քիչ ագրեսիվ են լինում նրանց նկատմամբ
- Կանխարգելող մարմինը կարող է բավարար լինել այն դեպքում, երբ իրավապահ մարմինների աշխատանքը հուսալի է:
Օրինակներ
Ռումինիայի հետաքննող և քրեական հետապնդում իրականացնող մարմինը՝ Ազգային հակակոռուպցիոն դիրեկտորատը (վարչությունը), քաղաքական ճնշումների թիրախ է եղել: 2018 թվականին Ազգային հակակոռուպցիոն վարչության գլխավոր դատախազի հեռացումը լուրջ մտահոգությունների տեղիք տվեց՝ կապված կառույցի անկախության սահմանափակման հետ: Կարելի է պնդել, որ կառավարության կողմից ձեռնարկված քայլերի հետևանքով նվազեց պետական այլ մարմինների պատրաստակամությունը՝ Ազգային հակակոռուպցիոն վարչությանը հայտնել խարդախության և կոռուպցիայի դեպքերի մասին: Միևնույն ժամանակ, հիմնականում կանխարգելիչ գործառույթ իրականացնող Ազգային հակակոռուպցիոն վարչությունը, լուրջ ֆինանսական ճնշումների ներքո գտնվելով, կարողացավ հաջողությամբ վերահսկել շահերի բախման կանխարգելման համակարգի գործունեությունը պետական գնումների բնագավառում և, ընդհանուր առմամբ, շարունակեց անխափան կերպով իրականացնել վարչական քննությունները (Եվրոպական հանձնաժողով, 2018b):
Ուկրաինայում Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը կասկածվում է իր հանձնաժողովի անդամների քաղաքական կապերի և իր որոշ գործառույթները չկատարելու մեջ: Այս ընթացքում ամրապնդվել են քննող մարմնի՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կարողությունները: Աճել է նախաքննությունների թիվը (OECD ACN, 2018):
Բերված երկու օրինակները ցույց են տալիս, որ մեկից ավելի մարմիններ ունենալու դեպքում համակարգը կարող է, ընդհանուր առմամբ, ավելի լավ դիմակայել ապակառուցողական քաղաքական միջամտություններին:
Տարբեր գործառույթներով մարմինների հնարավոր թույլ կողմերը.
- Հակակոռուպցիոն պայքարում պատասխանատվության ապակենտրոնացում
- Բարդ համակարգ` մի քանի բյուրոկրատական ենթահամակարգերով
- Համակարգման հետ կապված դժվարություններ
- Ձախողումների մեջ միմյանց մեղադրելու ռիսկ
- «Թունելային տեսադաշտի» վտանգ, երբ կոնկրետ մարմինը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության միայն շատ նեղ խնդիրներով
- Կանխարգելող մարմինը կարող է ընկալվել որպես թույլ կառույց:
Օրինակներ
Առկա է պնդում, որ Հարավային Կորեայում Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովին (ստեղծվել է 2002 թվականին) և դրա իրավահաջորդին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական իրավունքների հանձնաժողովին քննչական լիազորություններ չվերապահելը նպաստել է երկրում կոռուպցիայի դեմ պայքարի լճացմանը (Quah, 2017):
Ստամբուլյան գործողությունների ծրագրի մոնիտորինգի արդյունքում մարտահրավերներ են բացահայտվել այն իրավիճակներում, որոնցում իրավապահ մի քանի մարմինների են վերապահված կոռուպցիայի դեմ պայքարի լիազորությունները: Համակարգման պակասը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ որոշ գործեր այդպես էլ չեն քննվում, մինչդեռ մյուսները քննվում են միաժամանակ մի քանի կառույցների կողմից: Բացի դրանից, մարմինները, որպես կանոն, միմյանց վրա են գցում կոռուպցիայի բարձր մակարդակի կամ հետաքննությունների ձախողման մեղքը (ՏՀԶԿ, 2016 թ.):
Եզրակացություն
Եվրոպական պետություններից ընդամենը մի քանիսն են (Լատվիա, Լիտվա, Լեհաստան) ստեղծել ամբողջապես բազմաֆունկցիոնալ հակակոռուպցիոն մարմիններ: Ընդհանուր առմամբ, բազմաֆունկցիոնալ («ունիվերսալ») մոդելն ավելի ռիսկային է, քանի որ ողջ «խաղադրույքը» կատարվում է մեկ մարմնի վրա: Մի քանի մարմիններ ներառող մոդելը, կարծես, ավելի դիմադրունակ է քաղաքական հարձակումների նկատմամբ: Այնուհանդերձ, մոտեցումներից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել ինչպե՜ս հաջողության, այնպե՜ս էլ ձախողման:
4.Հակակոռուպցիոն գործառույթներ
Հակակոռուպցիոն համապարփակ քաղաքականությունները ներառում են բազմաբնույթ գործառույթներ և գործողություններ:
Հակակոռուպցիոն մարմինների գործառույթներ՝ ըստ Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC)
Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիայում (UNCAC) հակակոռուպցիոն մարմնի լիազորություններին տրված է լայն սահմանում: Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածների համաձայն, հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմինները պետք է կանխարգելեն կոռուպցիան՝
- իրականացնելով հակակոռուպցիոն քաղաքականություններ (իսկ համապատասխան դեպքերում՝ վերահսկելով և համակարգելով դրանց իրականացումը)
- ներդնելով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված գործելակերպեր
- պարբերաբար գնահատելով համապատասխան իրավական գործիքները և վարչական միջոցառումները
- ապահովելով համագործակցություն պետությունների միջև և համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ
- ավելացնելով և տարածելով գիտելիքներ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ:
Ավելին, պետք է լինեն իրավասու մարմիններ (անձինք կամ մարմին կամ մարմիններ), որոնք մասնագիտացած կլինեն իրավապահ գործունեության միջոցով կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում (հոդված 36):
Կանխարգելման այլ գործառույթներ՝ ըստ Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC)
Հակակոռուպցիոն գործառույթների ամբողջական ցանկն ավելի ընդգրկուն է: Կոռուպցիայի դեմ կոնվենցիայով նախատեսվում են կոռուպցիայի կանխարգելման պարտադիր լիազորություններ, որոնք չեն սահմանափակվում կոռուպցիան կանխարգելող մեկ մարմնի լիազորություններով.
- Ձեռնարկել միջոցներ, որոնք կբարձրացնեն հանրային հատվածում թափանցիկությունը և բարեվարքությունը/օրինավորությունը
- Ապահովել հանրային գնումների պատշաճ համակարգեր
- Բարձրացնել հանրային ֆինանսների կառավարման թափանցիկությունը և հաշվետվողականությունը
- Բարձրացնել դատական համակարգի բարեվարքությունը/օրինավորությունը և քայլեր ձեռնարկել՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, ներգրավելով մասնավոր հատվածին, ներառյալ՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների բարելավումը
- Ապահովել կարգավորման և վերահսկողության պատշաճ ռեժիմ փողերի լվացումը կանխելու և հայտնաբերելու համար
- Ներգրավել քաղաքացիական հասարակությանը հակակոռուպցիոն աշխատանքների մեջ և տարածել տեղեկություններ կոռուպցիայի վերաբերյալ (մեջբերված ցանկի աղբյուրը՝ ՏՀԶԿ, 2015 թ.):
Բացի դրանից, Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունները պետք է դիտարկեն այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են.
- Թափանցիկ և արժանիքների վրա հիմնված զբաղվածության քաղաքականություն և գործելակերպ, պատշաճ վարձատրություն հանրային հատվածում, պետական պաշտոնյաների կրթություն և վերապատրաստում
- Կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկություն
- Հանրային հատվածում շահերի բախման կանխարգելում
- Վարքագծի կանոնագրքեր կամ վարքագծի ստանդարտներ պետական պաշտոնյաների համար
- Պետական պաշտոնյաների կողմից կոռուպցիայի մասին հաղորդում ներկայացնելուն աջակցում
- Պետական պաշտոնյաների գույքի հայտարարագրում (մեջբերված ցանկի աղբյուրը՝ ՏՀԶԿ, 2015 թ.):
Եզրակացություն
Հակակոռուպցիոն գործառույթների շրջանակն ավելի լայն է, քան կարող են լինել առանձին վերցված մեկ մարմնի լիազորությունները: Հակակոռուպցիոն մարմնի լիազորություններից անկախ, երկրի հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է ուղղված լինի նաև այլ մարմինների ուժեղացմանը և ապահովի դրանց դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարում:
5.Հակակոռուպցիոն մարմնի արդյունավետ գործունեության սկզբունքները
Միջազգային պայմանագրերի պահանջները
Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (6-րդ և 36-րդ հոդվածներ) և Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի եվրոպական կոնվենցիան (20-րդ հոդված) սահմանում են նմանատիպ պահանջներ: Նախ, հակակոռուպցիոն մարմինները պետք է անհրաժեշտ չափով անկախ լինեն, որպեսզի արդյունավետորեն կատարեն իրենց գործառույթները, և պետք է զերծ լինեն անհարկի ազդեցությունից: Երկրորդ, հակակոռուպցիոն մարմինները պետք է ունենան անհրաժեշտ ռեսուրսներ (ֆինանսական և այլ) և ապահովեն կադրերի վերապատրաստումը:
Հակակոռուպցիոն մարմիններին վերաբերող սկզբունքների մասին Ջակարտայի հռչակագիրը
Ջակարտայի հռչակագիրն ընդունվել է հակակոռուպցիոն մարմինների գործող և նախկին ղեկավարների, հակակոռուպցիոն պրակտիկ գործունեություն իրականացնողների և փորձագետների 2012 թվականի հավաքի ընթացքում[1]: Փաստաթղթում ամրագրված են հետևյալ սկզբունքները՝
- հակակոռուպցիոն մարմինների մանդատ (կանխարգելելու, կրթելու, իրազեկությունը բարձրացնելու, քննելու և քրեական հետապնդում իրականացնելու հստակ լիազորություններ)
- համագործակցություն (աշխատանքային հարաբերություններ այլ մարմինների և շահառուների հետ)
- կայունություն (ստեղծված լինի պատշաճ և կայուն իրավական հիմքերի վրա)
- նշանակում (հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը նշանակվում է այնպիսի գործընթացով, որն ապահովում է ապաքաղաքական դիրքորոշում, անկողմնակալություն, չեզոքություն, բարեվարքություն/օրինավորություն և կոմպետենտություն)
- շարունակականություն (հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնավարման կասեցման, հեռացման և այլ նման դեպքերում)
- ազատում (հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի պաշտոնավարման երաշխիք և պաշտոնից ազատում իրավական գործընթացի միջոցով՝ ինչպես դա կարվեր անկախ առանցքային մարմնի դեպքում)
- էթիկական վարքագիծ (հակակոռուպցիոն մարմնի վարքագծի կանոնագիրք)
- անձեռնմխելիություն (հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների և աշխատողների պաշտպանվածություն հաշվեհարդար տեսնելու նպատակով հարուցած քաղաքացիական և քրեական վարույթներից)
- վարձատրություն (որպեսզի հնարավոր լինի աշխատանքի վերցնել բավարար թվով բարձրորակ կադրեր)
- հակակոռուպցիոն մարմնի իրավասություն՝ տնօրինելու սեփական մարդկային ռեսուրսները
- համարժեք և հուսալի ռեսուրսներ
- ֆինանսական ինքնուրույնություն
- ներքին հաշվետվողականություն
- արտաքին հաշվետվողականություն
- հանրային հաշվետվողականություն
- հանրության հետ հաղորդակցություն և նրա ներգրավվածություն:
Լրացուցիչ սկզբունքների համար տե՜ս նաև «European Partners against Corruption» (EPAC) /«European contact-point network against corruption» (EACN) կազմակերպության հակակոռուպցիոն մարմիններին վերաբերող չափանիշները («Anti-Corruption Authority Standards»)[2]:
Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի նշանակումը և ազատումը
Նշանակման և ազատման ընթացակարգերն էական նշանակություն ունեն հակակոռուպցիոն մարմնի հաջողության համար: Պաշտոնին չհամապատասխանող և/կամ կողմնակալ անձի նշանակումը և կամ հակակոռուպցիոն մարմնի այդպիսի ղեկավարին ազատելու անհնարինությունը կարող են խաթարել մարմնի գործունեությունը: Միևնույն ժամանակ, հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը պետք է պաշտպանված լինի չհիմնավորված ազատումից:
Ընտրության և նշանակման ընթացակարգերը տարբերվում են՝ կապված նրա հետ, թե պետական իշխանության որքան ճյուղեր են ներգրավված (մեկը կամ մի քանիսը), ոչ պետական շահառուների մասնակցության, ընտրող հատուկ հանձնաժողովների գոյության, ընտրության չափանիշների և այլ առումներով: «U4 Anti-Corruption Resource Centre» հակակոռուպցիոն ռեսուրսային կենտրոնի պատրաստած փաստաթղթում խորհուրդ է տրվում նշանակումը և ազատումը կատարել՝
- բաց գործընթացով՝ դրանում ներառելով տարբեր շահառուների
- լայն խորհրդակցություններով և/կամ իշխանության մեկից ավելի ճյուղերի կողմից հաստատմամբ, ինչպես նաև խորհրդակցելով քաղաքացիական հասարակության հետ
- հիմնվելով թեկնածուների ընտրության և պաշտոնից վաղաժամկետ ազատման համար սահմանված հստակ և թափանցիկ չափանիշների վրա (Schütte, 2015):
Որպես կանոն, հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին նշանակում է քաղաքական մարմինը, օրինակ, խորհրդարանը, կառավարությունը կամ երկրի նախագահը, կամ այդ մարմիններից մի քանիսը համատեղ: Որպես քաղաքական սուբյեկտներ նրանք իրենց որոշումը կայացնելիս ունեն որոշակի աստիճանի իրավաչափ հայեցողություն: Այնուհանդերձ, նրանք պետք է առաջնորդվեն թեկնածուին առնչվող որոշակի չափանիշներով, ինչպիսիք են, օրինակ, արհեստավարժությունը, հեղինակությունը, գերազանց նվաճումները և փորձը, ղեկավար պաշտոն զբաղեցնելու նախկին փորձը, ռազմավարական մտածողությունը և առաջնորդական կարողությունը (ՏՀԶԿ, 2013թ.): Մասնագիտական զտում կատարող հանձնաժողովները կամ բազմաթիվ շահառուների մասնակցությամբ իրականացվող ընթացակարգերը կարող են նպաստել, որպեսզի նշանակման համար կազմվի պահանջները բավարարող սահմանափակ թվով թեկնածուների նախնական ցանկ:
Ազատման չափանիշները և ընթացակարգերը նույնպես տարբեր են լինում: Իրավաստեղծ մարմինները պետք է հնարավորինս խուսափեն ազատման այնպիսի անորոշ հիմքեր սահմանելուց, ինչպիսիք են «վարքագծի նորմերի խախտումը» կամ «ոչ կոմպետենտ լինելը», եթե դրանք բավականաչափ հստակությամբ ամրագրված չեն իրավական ակտերում և դատական նախադեպերում: Մասնագիտական հանձնաժողովը կամ դատարանը կարող է մասնակցել ազատման հիմքերի առկայության գնահատման գործընթացում:
Ֆորմալ սկզբունքներից անդին
Կարևոր է, որպեսզի հակակոռուպցիոն մարմինը ոչ թե նոր խնդիրներ ստեղծի, այլ լուծի առկա խնդիրները: Պետք է հաշվի առնել, որ հակակոռուպցիոն մարմինը երբևէ չի ստեղծվում դատարկության մեջ, այլ ներդրվում է պետական այլ մարմինների գործող համակարգի մեջ: Հակակոռուպցիոն մարմնի և այլ մարմինների հարաբերությունները պետք է ձևավորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցվեն անարդյունավետության դրսևորումներն աշխատանքում: Այս առումով խիստ կարևոր է հստակորեն սահմանել, թե ինչով է զբաղվում կառույցը: Լատվիայի պարագայում տարիներ տևած անարդյունավետությունը կապված էր այն վեճի հետ, թե արդյոք պետական պաշտոնյաների գույքի հայտարարագրերը պետք է ստուգի հակակոռուպցիոն մարմինը թե Պետական եկամուտների ծառայությունը: Հարկ է խուսափել նման բարդ իրավիճակներից: Որոշումներ կայացնողները պետք է նաև ապահովեն, որպեսզի հակակոռուպցիոն կարևորագույն գործառույթներից յուրաքանչյուրի մասով պատասխանատվությունը վերապահված լինի կոնկրետ կառույցի:
Նոր հակակոռուպցիոն մարմինը պետք է հենվի առկա ձեռքբերումների վրա: Այն պետք է հնարավորության դեպքում ներգրավի գիտակ և վստահելի մասնագետների, որոնք նախկինում կատարել են հակակոռուպցիոն գործառույթներ: Փորձ և տեխնիկական հմտություններ ունենալուց զատ, հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը պետք է պատրաստ լինի առաջնորդական իր դերակատարմանը, ինչը ներառում է ապագայի դրական տեսլական ներկայացնելը, սեփական օրինակով առաջնորդելը, աշխատողներին շահագրգռելը և հանրային շրջանակներում որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ հանդես գալը:
Եզրակացություն
Անհրաժեշտ անկախությունը և ռեսուրսները կարևորագույն նախադրյալներ են հակակոռուպցիոն մարմնի արդյունավետ աշխատանքի համար: Հակակոռուպցիոն լուրջ ջանքերի շնորհիվ պետք է հնարավոր լինի դեմ գնալ կոռուպցիայի մեջ ներքաշված ազդեցիկ քաղաքական գործիչների և գործարարների շահերին: Իրավապահ կամ կանխարգելիչ համակարգերի միջոցով կոռումպացված սուբյեկտներին զսպող դեր կատարելու կարողությունը հակակոռուպցիոն մարմնի կարևորագույն հատկանիշն է: Հույժ կարևոր են անկախության երաշխիքները, մասնավորապես, միջամտությունը բացառող և հակակոռուպցիոն մարմնի հետ կապված գործընթացներում իշխանության տարբեր ճյուղերի և շահառուների հավասարակշված ներգրավվածության մասին կանոնները:
6.Գործոններ և ռիսկեր, որոնք հարկ է հաշվի առնել
Բովանդակային գործոններ
ՏՀԶԿ-ի ուսումնասիրությամբ առանձնացվել են վեց գործոններ, որոնք պետք է հաշվի առնել հակակոռուպցիոն մոդելը և գործառույթները որոշակի իրականության մեջ տեղայնացնելիս, մասնավորապես.
- Երկրում կոռուպցիայի մակարդակը՝ ըստ գնահատականների (համակարգային/էնդեմիկ կոռուպցիայի դեպքում կարող է արդարացված լինել ավելի ընդարձակ լիազորություններ ունեցող հակակոռուպցիոն մարմնի տարբերակը)
- Գործող կառույցների բարեվարքությունը/օրինավորությունը, լիազորությունները և կարողությունները (գործող կառույցների ցածր բարեվարքության/օրինավորության դեպքում անհրաժեշտ կլինի երաշխավորել նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմնի անկախության ավելի բարձր մակարդակ)
- Նոր հակակոռուպցիոն մարմին, թե գործող կառույցների մասնագիտացում (ստեղծել նոր մարմին, եթե գործող կառույցներին օժանդակելը և դրանց վրա հենվելը դժվար թե ապահովի հակակոռուպցիոն քաղաքականության իրագործումը)
- Սահմանադրական կարգավորումները (սահմանադրական խոչընդոտներ անկախ նոր կառույց ստեղծելու ճանապարհին)
- Գործող իրավական դաշտը և քրեական արդարադատության ազգային համակարգը (դիտարկել լիազորությունների բաշխումը ոստիկանության, դատախազության, նախաքննության մարմինների և դատարանների միջև)
- Առկա ֆինանսական ռեսուրսները (բավարար չափով և կայուն ֆինանսավորում պետական բյուջեից և այլ աղբյուրներից՝ որպես ուժեղ հակակոռուպցիոն մարմին ունենալու նախապայման) (ՏՀԶԿ, 2013թ.):
Բարեվարքության/օրինավորության ապահովման այլ կառույցների, օրինակ, դատական համակարգի կամ լրատվամիջոցների անկախությունը նույնպես վճռորոշ նշանակություն ունի հակակոռուպցիոն մարմնի հաջողության համար: Երբ անկախությունը սահմանափակված է՝ սխալ կլինի կարծել, թե գերուժեղ հակակոռուպցիոն մարմինը կարող է փոխհատուցել այդ թերությունը: Ուստի, հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը և նրա գործունեությունը պետք է ուղեկցվեն պետության այլ ոլորտներում և հանրության լայն շրջանակներում անհրաժեշտ ինստիտուտների կայացմամբ:
Ռիսկերը
Հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը և գործունեությունը հղի են բազմաթիվ ռիսկերով: Հետևյալ աղյուսակում թվարկված են մի քանի հնարավոր ռիսկեր և դրանց մեղմելու հնարավոր ռազմավարություններ: Նոր հակակոռուպցիոն մարմին նախագծողները պետք է ուշադրություն դարձնեն հնարավորինս մեծ թվով ռիսկերի և դիտարկեն դրանք մեղմելու հնարավոր երաշխիքները:
Ռիսկեր |
Ռիսկը մեղմելու ռազմավարություններ |
Քաղաքական հարձակումներ հակակոռուպցիոն մարմնի վրա |
Պաշտպանություն՝ պաշտոնատար անձանց կամայական ազատումը բացառելու առումով Համարժեք բյուջեի իրավական երաշխիքներ Հակակոռուպցիոն մարմնի հնարավորություն՝ հանրությանը իր դիրքորոշումը ներկայացնելու համար |
Ձախողում ռեսուրսների անբավարարության պատճառով |
Համարժեք բյուջեի իրավական երաշխիքներ Մարդկային ռեսուրսների և տեխնիկական միջոցների իրատեսական պլանավորում՝ հաշվի առնելով հակակոռուպցիոն մարմնի գործառույթները |
Ձախողում սեփական մոտիվացիայի պակասի պատճառով |
Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարների նշանակման պատշաճ ընթացակարգ Հակակոռուպցիոն պայքարի նկատմամբ նվիրում և հանձնառություն ունենալու ապացույցներ՝ որպես հակակոռուպցիոն մարմնի ղեկավարների ընտրության չափանիշ Կատարողականի թիրախային ցուցանիշներ հակակոռուպցիոն մարմնի համար Վերահսկող մարմիններ, օրինակ, խորհրդարանական հանձնաժողովներ, որոնց կազմում ներառված կլինեն քաղաքական տարբեր՝ իշխող և ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչներ |
Անիրատեսական ակնկալիքները չկատարելու դեպքում հակակոռուպցիոն մարմնի դիրքերի թուլացում |
Հստակորեն ձևակերպված լիազորություններ և խնդիրներ Հանրության տեղեկացում հակակոռուպցիոն ընդհանուր քաղաքականության մեջ հակակոռուպցիոն մարմնի դերի և կշռի մասին |
Հակակոռուպցիոն մարմնի գործունեության համար ոչ ադեկվատ լիազորություններ և ընթացակարգեր |
Տեղեկատվության և տվյալների հասանելիության իրավական երաշխիքներ Խուսափել գործառնական ընթացակարգերում հնարավոր խոչընդոտներից Քննելու լիարժեք իրավասություններ՝ որքանով դա պահանջվում է մարմնի առաջ դրված խնդիրները լուծելու համար |
Ոչ բավարար համագործակցություն կամ անհարկի պայքար այլ կառույցների հետ |
Հակակոռուպցիոն մարմնի և այլ մարմինների լիազորությունների հստակ սահմանազատում Համագործակցության պայմանների ամրագրում փոխըմբռնման հուշագրերում Հնարավորության դեպքում՝ այլ մարմիններից հակակոռուպցիոն մարմնի կախվածության բացառում |
Մեկուսացվածություն հանրությունից |
Քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցելու մեխանիզմներ Կատարողականի մասին կանոնավոր հաշվետվություններ հանրությանը Հաղորդակցության արդյունավետ ռազմավարություն |
Լիազորությունների չարաշահում հակակոռուպցիոն մարմնի կողմից |
Հակակոռուպցիոն մարմնի որոշումների դատական վերանայում Հստակորեն սահմանված լիազորություններ Էթիկայի, մոնիտորինգի և կարգապահության ներքին մեխանիզմներ Համարժեք երաշխիքներ քրեական դատավարության մեջ (իրավապահ գործունեություն իրականացնող հակակոռուպցիոն մարմինների համար) |
Հակակոռուպցիոն մարմնի կողմնակալ դառնալը կամ կոռումպացվելը |
Հակակոռուպցիոն մարմնի պաշտոնատար անձանց կոռուպցիոն հանցագործությունները քննելու իրավասությամբ օժտված այլ մարմնի նախատեսում Գործով վարույթը կարճելու մասին որոշումների պատճառաբանում ներկայացնելու պահանջ Վերահսկող մարմիններ, օրինակ, խորհրդարանական հանձնաժողովներ, որոնց կազմում ներառված կլինեն քաղաքական տարբեր՝ իշխող և ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչներ |
Եզրակացություն
Որևէ պետություն չպետք է իր հակակոռուպցիոն համակարգի «ճարտարապետությունը» կերտի բացառապես միջազգային չափանիշների հիման վրա՝ անուշադրության մատնելով երկրի իրականությունը և ռիսկերը: Հակակոռուպցիոն մարմնի կառուցվածքը մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել հայտնի ռիսկերը և քայլեր ձեռնարկել դրանք մեղմելու ուղղությամբ: Պետությունները պետք է դիտարկեն կոռուպցիայի դեմ պայքարի իրենց նախկին ջանքերի հաջողությամբ չպսակվելու պատճառները, և թե ինչ լրացուցիչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի նոր հակակոռուպցիոն մարմինը կարողանա փոխել իրավիճակը: Այս հանգամանքները պետք է հաշվի առնվեն նոր մարմնի կառուցվածքը մշակելիս:
7.Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը
Քաղաքացիական հասարակությունը հույժ կարևոր դեր ունի հակակոռուպցիոն մարմինների հաջողության մեջ: Հակակոռուպցիոն մարմինների անկախության վերաբերյալ EPAC/EACN-ի10 առաջնորդող սկզբունքները և չափանիշները (Guiding Principles and Parameters on the Notion of Independence of AC Bodies) ներառում են հակակոռուպցիոն մարմնի կարողությունը և պատասխանատվությունը՝ սեփական հայեցողությամբ՝ առանց նախապես այն քննարկելու կամ համաձայնեցնելու, համագործակցելու քաղաքացիական հասարակության և բոլոր այլ շահառուների հետ, ինչպես նաև նրանց առաջարկները ստանալու հնարավորությունը, և այդ ամենը՝ հակակոռուպցիոն մարմնի ընդհանուր թափանցիկությունը, հաշվետվողականությունը և լեգիտիմությունը երաշխավորելու նպատակով (EPAC/EACN, 2011):
Քաղաքականությունը համակարգող խորհուրդներ
Հակակոռուպցիոն քաղաքականությունը պլանավորող, համակարգող և մոնիտորինգ իրականացնող բազմաշահառու խորհուրդները նույնպես հակակոռուպցիոն մարմնի տեսակ են: Դրանց կառուցվածքը հարմար է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լիարժեք անդամների կամ դիտորդների կարգավիճակով ներգրավելու տեսանկյունից:
Օրինակ
Վրաստանի հակակոռուպցիոն խորհուրդը մշակում է հակակոռուպցիոն քաղաքականությունը և կատարում է համակարգման, մոնիտորինգի և առաջարկությունների ներկայացման գործառույթներ: Խորհուրդը կազմված է 55 անդամներից, որոնցից 17-ը դիտորդներ են ՀԿ-ներից, միջազգային կազմակերպություններից և գործարարների միություններից (Վրաստանի արդարադատության նախարարություն):
Հակակոռուպցիոն մարմինների խորհրդակցական խորհուրդներ
Որոշ հակակոռուպցիոն մարմիններ մշտական խորհուրդներ են ստեղծում քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու համար: Այդ խորհուրդները կարող են և չլինել որոշում կայացնողներ, սակայն կարող են մշտական կապ ապահովել քաղաքացիական հասարակության և հակակոռուպցիոն մարմնի միջև:
Օրինակ
Լատվիայի կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրոն ունի հանրային խորհրդակցական խորհուրդ: Խորհրդի գործառույթները ներառում են կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի և փորձագետների կարծիքները պարզելը, կոռուպցիայի կանխարգելման քաղաքականության իրագործումը գնահատելը, կոռուպցիայի կանխարգելման ոլորտում պլանավորման փաստաթղթերի և օրենսդրության մշակմանը և իրագործմանը մասնակցելը, բյուրոյի ռազմավարության իրագործմանն աջակցելը, բյուրոյին առաջարկություններ և առաջարկներ ներկայացնելը և այլն (Korupcijas novēršanas un apkarošanasbirojs, 2016):
Մասնակցություն հակակոռուպցիոն մարմինների կառավարմանը
Հակակոռուպցիոն մարմիններից մի քանիսում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցում են բուն կառավարման գործառույթներին:
Օրինակ
Մոլդովայի Բարեվարքության/օրինավորության խորհուրդը կազմված է յոթ անդամներից, որոնցից երկուսը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են. դրանք ընտրվում են մրցութային կարգով Արդարադատության նախարարության կողմից: Խորհուրդն ընդգրկուն լիազորություններ ունի, որոնք սահմանված են օրենքով: Այդ լիազորությունները ներառում են Բարեվարքության/օրինավորության ազգային մարմնի նախագահի և նրա տեղակալի հաստիքների համար մրցույթի կազմակերպումը, մարմնի ռազմավարության և գործողությունների ծրագրի հաստատումը, նախագահի և նրա տեղակալի նշանակման, կասեցման կամ ազատման մասին առաջարկի ներկայացումը հանրապետության նախագահին, նախագահի և նրա տեղակալի, ինչպես նաև բարեվարքության/օրինավորության տեսուչների գույքի և շահերի բախման մասին հայտարարագրերի ներկայացման նկատմամբ վերահսկողությունը, նրանց գույքի և շահերի բախման առկայության ստուգումը, նախագահի և նրա տեղակալի, ինչպես նաև բարեվարքության/օրինավորության տեսուչների կողմից շահերի բախման իրավական ռեժիմի խախտումների, անհամատեղելիության, արգելքների և սահմանափակումների հայտնաբերումը, նախագահի և նրա տեղակալի կողմից հայտարարագրման իրավական ռեժիմի խախտումների հայտնաբերումը («Բարեվարքության/օրինավորության ազգային մարմնի մասին» օրենք, հոդված 12):
Համագործակցության պայմանագրեր
Հակակոռուպցիոն մարմինները և քաղաքացիական հասարակության շահառուները կարող են իրենց համագործակցության պայմաններն ամրագրել փոխըմբռնման հուշագրերում կամ համանման այլ համաձայնագրերում:
Օրինակ
Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմինը փոխըմբռնման հուշագրեր է կնքել բազմաթիվ մարմինների, այդ թվում՝ Իտալիայի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության հետ (2016 թվականին)[3]: Հուշագրի կողմերը պայմանավորվել են համագործակցել օրինականության, հանրային էթիկայի և թափանցիկության մշակույթի տարածումը խթանելու նախաձեռնություններ, այդ թվում՝ տեղեկատվական քարոզարշավներ, խորհրդաժողովներ, հանրային բանավեճեր և համագործակցային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Մասնավորապես, Իտալիայի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը պարտավորվել է Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնին տեղեկացնել Հակակոռուպցիոն ազդարարման հարթակի միջոցով քաղաքացիների կողմից ուղարկվող կարևորագույն հաղորդումների մասին:
Եզրակացություն
Հակակոռուպցիոն մարմնի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամենապատշաճ ձևը պետք է ընտրել՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից: Անկախ ընտրությունից, այդ համագործակցության թերևս կարևորագույն գործառույթը երկխոսության ապահովումն է, որի միջոցով հակակոռուպցիոն մարմինը հաշվետու կմնա հանրությանը, իսկ քաղաքացիական հասարակության սուբյեկտներն ի զորու կլինեն արտահայտելու իրենց մտահոգությունները: Կոռուպցիոն լուրջ մարտահրավերներ ունեցող պետություններում խիստ կարևոր է ստեղծել և պահպանել երկխոսության «խողովակներ» պետական իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության սուբյեկտների միջև, ինչը կնպաստի փոխզիջման ձևավորմանը:
Վալց Կալնինշը քաղաքագիտության դոկտոր է, դասախոսում է Լատվիայի համալսարանում: Նա ունի 20 տարվա դասավանդման փորձ քաղաքական կոռուպցիա, լոբբիզմ, խորհրդարանական կառավարում և քաղաքական տեսություն առարկաներով: Մոտ 14 տարի աշխատել է Պրոդիվուս հանրային քաղաքականության կենտրոնում (Ռիգա, Լատվիա) որպես ավագ գիտաշխատող: 2004թ.-ից համագործակցում է ՏՀԶԿ հետ օրինավորության (integrity) և հակակոռուպցիոն հարցերի շուրջ: Ներգրավված է եղել Հայաստանում GIZ և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող միջազգային ծրագրերում՝ տրամադրելով խորհրդատվություն հանրային ծառայողների էթիկայի և գույքի ու եկամուտների հայտարարագրերի հարցերով: 2000թ.-ից Լատվիայի Թրանփարենսի Ինթերնեշնլ մասնաճյուղի անդամ է:
Սույն քաղաքականության համառոտագիրը մշակվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորմամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ հայաստանյան շահագրգիռ կողմերի հետ ունեցած քննարկումների արդյունքում: Համառոտագրի բովանդակության համար պատասխանատու է հեղինակը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Օգտագործված գրականության ցանկ
EPAC/EACN (2011) Anti-Corruption Authority (ACA) Standards. Available at: https://www.epac-eacn.org/downloads/recommendations [Accessed 05/04/2019]
European Commission (2018a), Report from the Commission to the European Parliament and the Council on Progress in Bulgaria under the Cooperation and Verification Mechanism. Available from: https://ec.europa.eu/info/sites/info/files/progress-report-bulgaria-com-2018-850_en.pdf [Accessed 05/04/2019]
European Commission (2018b), Report from the Commission to the European Parliament and the Council on Progress in Romania under the Cooperation and Verification Mechanism. Available from: https://ec.europa.eu/info/sites/info/files/progress-report-romania-2018-com-2018-com-2018-851_en.pdf [Accessed 05/04/2019]
European Commission (2014), Annex Poland to the EU Anti-Corruption Report. Available from: https://ec.europa.eu/home-affairs/sites/homeaffairs/files/what-we-do/policies/organized-crime-and-human-trafficking/corruption/anti-corruption-report/docs/2014_acr_poland_chapter_en.pdf [Accessed 05/04/2019]
GRECO (2018), Evaluation Report Poland. Available from: https://rm.coe.int/fifth-evaluation-round-preventing-corruption-and-promoting-integrity-i/168092005c [Accessed 05/04/2019]
Korupcijasnovēršanas un apkarošanasbirojs (2016), Sabiedriskāskonsultatīvāspadomesnolikums. Available from: https://www.knab.gov.lv/upload/sabiedribas_lidzdaliba/skp_nolikums_2016_nov.pdf [Accessed 05/04/2019]
Makowski, G. (2016), Anti-corruption Agencies – Silver Bullet Against Corruption or Fifth Wheel to a Coach? Analysis from the Perspective of the Constructivist Theory of Social Problems. Available from: http://kolegia.sgh.waw.pl/pl/KES/czasopisma/kwartalnik_szpp/Documents/numer%203%202016/3%20Grzegorz%20Makowski%20SPP3_2016.pdf [Accessed 05/04/2019]
Ministry of Justice of Georgia, Anti-Corruption Council. [WWW] Available from: http://justice.gov.ge/Ministry/Index/172 [Accessed 05/04/2019]
OECD (2018), Anti-Corruption Reforms in Armenia. 4th Round of Monitoring of the Istanbul Anti-Corruption Action Plan. Available from: https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf [Accessed 05/04/2019]
OECD (2017), Lithuania Phase 2 Report. Available from: http://www.oecd.org/officialdocuments/publicdisplaydocumentpdf/?cote=DAF/WGB(2017)70/FINAL&docLanguage=En [Accessed 05/04/2019]
OECD (2016), Anti-corruption Reforms in Eastern Europe and Central Asia. Progress and Challenges, 2013-2015. Available from: http://www.oecd.org/corruption/acn/Anti-Corruption-Reforms-Eastern-Europe-Central-Asia-2013-2015-ENG.pdf [Accessed 05/04/2019]
OECD (2015), Prevention of Corruption in the Public Sector in Eastern Europe and Central Asia. Available from: https://www.oecd.org/corruption/acn/ACN-Prevention-Corruption-Report.pdf [Accessed 05/04/2019]
OECD (2013), Specialised Anti-Corruption Institutions. Review of Models. Available from: https://www.oecd.org/corruption/acn/specialisedanti-corruptioninstitutions-reviewofmodels.htm [Accessed 05/04/2019]
OECD ACN (2018), Istanbul Anti-Corruption Action Plan. Fourth Round of Monitoring. Ukraine. Progress Update. Available from: https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-4th-Round-Report-Ukraine-Progress-Update-July-2018-ENG.pdf [Accessed 05/04/2019]
Quah, J.S.T. (2017), Five Success Stories in Combating Corruption: Lessons for Policy Makers, Asian Education and Development Studies, Vol. 6 Issue 3, pp.275-289.
Schütte, S.A. (2015), The Fish’s head:Appointment and Removal Procedures for Anti-Corruption Agency Leadership, U4 Issue, May 2015 No 12. Available from: https://www.u4.no/publications/the-fish-s-head-appointment-and-removal-procedures-for-anti-corruption-agency-leadership.pdf [Accessed 05/04/2019]
[1] Հասանելի է համացանցում՝https://www.unodc.org/documents/corruption/WG-Prevention/Art_6_Preventive_anti-corruption_bodies/JAKARTA_STATEMENT_en.pdf (դիտվել է 05/04/2019 թ.)
[2] Հասանելի է համացանցում՝https://www.epac-eacn.org/downloads/recommendations (դիտվել է 05/04/2019 թ.)
[3]Հասանելի է համացանցում՝ https://www.anticorruzione.it/portal/rest/jcr/repository/collaboration/Digital%20Assets/anacdocs/Attivita/ProtocolliIntesa/Prot.ANAC.Transparency.26.01.16.pdf [դիտվել է 05/04/2019 թ.]