"Մուշեղ Շուշանյանը ընդդեմ Հայաստանի՝ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կայացրած վճիռը" Վահե Գրիգորյանի քննարկմամբ
Աղբյուրը՝ այստեղ
Իմ գործընկեր եւ ընկեր Մուշեղ Շուշանյանի կողմից ՄԻԵԴ ներկայացրած այս գործով վճիռը ամենաարժեքավորներից է, որ մինչ այսօր կայացվել է Հայաստանի վերաբերյալ այս ատյանի կողմից:
Այս գործը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության մեջ ստացված մարմնական վնասվածքներից մահացած մի զինծառայողի հոր բողոքին, որը ՄԻԵԴ-ը բավարարել էր՝ ճանաչելով, որ պետությունը խախտել էր այդ զինծառայողի կյանքի իրավունքը: Դատարանի ճշգրիտ եւ ծայր աստիճան համոզիչ վերլուծությունները կասկածի տեղ չեն թողնում առ այն, որ (ցավոք ոչ միայն) այս գործով զինվորական դատախազությունը եւ իրավապահ համակարգի այլ օղակները վեր էին ածվել այս մի շարքային զինծառայողի սպանության հանգամանքները կոծկող եւ ապացույցները կեղծող մի ամբողջական եւ միասնական կենտրոնից կառավարվող համակարգի՝ ունենալով դրա ամենաբարձր հովանավորությունը:
Այս գործով ճշմարտությունը, թեկուզեւ մասնակի, ջրի երես է հանվել դիմողի՝ զոհված զինծառայողի հոր համառ եւ անկոտրում որոնումների, բողոքարկումների եւ իր որդու սպանության հանգամանքները պարզելուն ուղղված տարիների ապշեցնող կամքի գործադրման արդյունքում: Նրան այս գործում օժանդակել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը ՖԲ-ում չկա, իր այս գործով վճռի մասին էլ երեւի իմացել է այն ժամանակ, երբ նման մեկ այլ գործով է տարված եւ արդեն իսկ կայացված վճռին անդրադառնալու ժամանակ էլ չի գտնի, կարեւորելով այդ՝ մեկ այլ, ոչ պակաս ծանր գործով իր զբաղվածությունը:
Մինչեւ սույն գործին ավելի մանրմասն անդրադառնալս նշեմ, որ սա կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ առաջին վճիռն է Հայաստանի դեմ, որը, ցավոք, չի լինելու վերջինը:
Այս վճիռը ամենափաստարկված եւ հիմնավոր պատասխանն է դատախազությանը եւ մյուս իրավապահ մյուս մարմինների բարձրաստիճան ղեկավարներին եւ նրանց գործողությունները եւ որոշումները (կրկնա)կնիքող դատավորներին, որոնք հետեւողականորեն չտեսնելու են տվել կամ հանցավոր լռություն են պահպանել նույնիսկ այն ժամանակ, երբ սպանվածների հարազատները եւ փաստաբանները ժամկետային զինծառայողների կյանքի իրավունքին վերաբերող գործերով իրավապահ ողջ համակարգը հանցագործություններ կոծկող եւ ապացույցներ կեղծող մեխանիզմի վերածեվլու մասին ուղիղ ապացույցներ են ներկայացրել իրենց:
Սա տխուր մի գործ է, ավելի մանրամասն՝ այս խնդրի իրավաբանական ասպեկտներին դեռ կանդրադառնամ, եթե մինչ այդ Մուշեղը ժամանակ չգտնի դրանք բացել: Բայց իրավաբանական սեղմ լեզվի տողատակերում ուշադիր ընթերցողը կարող է տեսնել այն տարիներն ու ջանքերը, որոնք գործադրել է զոհված զինվորի հայրը, այս գործով որեւէ ճշմարտություն ջրի երես հանելու համար: Ես մի քանի անգամ տեսել եմ այդ մարդուն, նրա չարչարանքն ու ապրումները, ...
Հատկապես խորհուրդ կտամ կարդալ ՄԻԵԴ պատճառաբանությունները՝ կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ արդյունավետ քննություն կատարելու Հայաստանի պարտականության խախտման վերաբերյալ ներկայումս գործող զինվորական դատախազներին եւ զինվորական գործեր քննող քննիչներին: Եւ հատկապես կարեւոր է, որ դուք ամեն մեկդ Ձեզ պատասխանեք, թե ինչ կանեիք այն քննիչի, դատախազի եւ դատավորի հետ, որը այսպես կվարվեր Ձեր որդու գործի եւ Ձեր ընտանիքի հետ:
ՄԻԵԴ ներկայացրած վճիռը՝ այստեղ
Հեղինակ՝ Վահե Գրիգորյան