ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին
Հունվարի 25-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ կից մի շարք ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը :
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ փաթեթով հստակեցվում է հասարակական կազմակերպությունների դերը երկրի պետական եւ հասարակական կյանքում: Ըստ փոխնախարարի՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում առկա են դրույթներ, որոնք խոչընդոտում են ՀԿ-ների գործունեությունը, եւ անհրաժեշտ է հստակեցնել այն: Սուրեն Քրմոյանն անդրադարձել է փաթեթով կարգավորվող մի շարք հիմնախնդիրների:
Օրենսդրական փաթեթով ՀԿ-ներին ընձեռվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք՝ նրանց տրամադրելով ֆինանսական կայունությունն ապահովող արդյունավետ գործիք, պարզեցվում եւ հստակեցվում է ՀԿ-ների պետական գրանցման վարչարարությունը? գրանցվող կազմակերպություններին ազատելով ավելորդ գործընթացներից:
Փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առավել թափանցիկ են դարձնելու ՀԿ-ների գործունեությունը՝ ապահովելով հասարակության անդամների տեղեկացվածությունը գործող ՀԿ-ների, նրանց կողմից իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ պետության կողմից տրամադրվող աջակցության մասին: Ստեղծվելու են նաեւ ՀԿ-ների կամավորների օրինական աշխատանքի, ինչպես նաեւ նրանց եւ ՀԿ-ների շահառուների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ:
Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, որպես հարակից զեկուցող, նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ մասնավորապես հասարակական կազմակերպությունների՝ գտնելու լուծման ընդունելի տարբերակ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է նաեւ, որ եւս մեկ անգամ կքննարկվեն առաջարկվող փոփոխությունները, կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ: Ուստի Էլինար Վարդանյանն առաջարկել է օրենքների նախագծերի փաթեթը ընդգրկել միայն մեծ օրակարգում:
Փաթեթն ստացել է դրական եզրակացություն՝ ընդգրկվելու համար ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովի նիստում որոշվել է փետրվարի 17-ին՝ ժամը 11.00-ին, «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ կից փաթեթի վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ:
Աղբյուր՝ ԱԺ կայք: