Ստորագրվեց ԱԺ –ՓՄՁ խորհուրդ ստեղծելու մասին հուշագիր
Սույն թվականի ապրիլի 6-ին, թվով 11 բիզնես շահերը ներկայացնող կառույցներ, ստորագրեցին Հուշագիր՝ ՀՀ-ում առաջին անգամ ԱԺ - ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին:
Ընտրվել են այն հասարակական կառույցները և առևտրաարդյունաբերական պալատները, ովքեր ցանկություն են հայտնել միանալու այս նախաձեռնությանը և բավարարել են հետևյալ նվազագույն չափորոշիչներին՝
- ՀՀ-ում գործունեություն ծավալող ձեռնարկատերերի կամ ձեռնարկությունների անդամության վրա հիմնված կազմակերպություններ են,
- Վերջին երեք տարիներին ծավալել են ակտիվ գործունեություն, հրավիրել են տարեկան համագումարներ, ժողովներ իրենց անդամ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների մասնակցությամբ,
- Կազմակերպությունների անդամների առնվազն 1/3-ը ՓՄՁ ներկայացուցիչներ են,
- Սույն Հուշագրի ստորագրման պահին կազմակերպությանն անդամագրված է առնվազն 20 ձեռնարկություն կամ դրանց ներկայացուցիչներ:
Խորհրդի նպատակն է բարելավել երկխոսությունը ՓՄՁ-ների և օրենսդիր մարմնի միջև՝ արդյունքում ունենալով ավելի լավ մշակված օրենսդրություն ՓՄՁ-ների համար:
Խորհրդի հիմնադրումից հետո, անդամները կհաստատեն խորհրդի կանոնադրությունն ու աշխատակարգը, որից հետո խորհրդի կազմ կհրավիրվի ԱԺ խմբակցություններից առնվազն մեկ տնտեսական բլոկի պատգամավոր:
Խորհրդի նիստերը գումարվելու են ըստ նախապես հաստատված օրակարգի, որտեղ ընդգրկվելու են խորհրդի անդամների շահառուներին մտահոգող օրենսդրական խնդիրները:
Խորհուրդը չի ունենալու նախագահ, հաշվետու չի լինելու ոչ մի պետական մարմնի, որոշումները կընդունվեն պարզ քվեարկություններով: Խորհուրդի իրավատերերը բիզնես շահերը ներկայացնող հասարակական կառույցներն են:
Հուշագիրը ստորագրեցին՝
- «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ
- «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»
- «Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն»
- Շիրակի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ
- Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ
- Լոռու մարզի Առևտրաարդյունաբերական պալատ
- Հայաստանի Երիտասարդ կանանց Ասոցիացիա
- Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինք
- Հայ-Բրիտանական Գործարարության պալատ
- Վայոց Ձորի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ
- Եվրոպական բիզնես ասոցիացիա
ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը բացման խոսքում նշեց նախաձեռնության մանրամասները խորհրդի հետագա անելիքներն ու գործառույթները:
Մասնակիցներից, Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը ողջունեց այս նախաձեռնությունը կարևորելով այս նոր երկխոսության հարթակը ԱԺ-ի և ՓՄՁ-ների միջև:
Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինքի համանախագահ Մերի Նիկողոսյանը կարևորեց կոալիցիաների դերակատարումը քաղաքականությունների մշակման փուլում վկայակոչելով իրենց Դաշինքի փորձը: Դաշինքը սույն հարթակում կներկայացնի գյուղատնտեսական ոլորտի ՓՄՁ-ների օրենսդրական հիմանխնդիրները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Արկադի
Սահակյանը նշեց, որ վղուց ժամանակն էր ունենալու ԱԺ պատգամավորների հետ երկխոսության հարթակ բացի գործադիր մարմիններին կից գործող խորհուրդներից:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչ Գարեգին Գալուստովը կարևորեց նման նախաձեռնությունը մեր երկրի զարգացման հենց այս փուլում, հաշվի առնելով, որ հիմա անցում ենք կատարում պառլամենտական կառավարման մոդելի և մեզ բոլորիս օր առաջ անհրաժեշտ է ունենալ ավելի ուժեղ և բանիմաց պառլամենտ:
Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն ենթադրամաշնորհառուի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: