Ճակատագիր փոխողները
Ճակատագիր փոխողները կարողանում են փոխել ճակատագրով պայմանավորվող իրավիճակ-իրադարձությունները, այդպիսով՝ նաեւ բուն ճակատագիրը: Խնդիրն այն է, որ մարդկանց մի մասը սոցիալական խնդիրները նախընտրում է պայմանավորել արտաքին եւ գերբնական գործոններով: Շատերը, ծուլանալով որեւէ բան նախաձեռնել, անվերջ բողոքում են բախտից ու երկրից: Այս երեւույթը հատուկ է ծույլ եւ վախկոտ մարդկանց, որոնք վախենում, զլանում են կյանքում եւ շրջակա միջավայրում առկա խնդիրների լուծման էական ու ստեղծագործ տարբերակներ փնտրել: Ի տարբերություն ծույլերի, հաջողակները չեն զլանում, չեն համակերպվում, միշտ անհանգիստ են, չեն խնայում ժամանակը, բիզնես-սոցիալական ծրագրեր են մշակում եւ իրականացնում: Նրանք փոխում են իրենց, իրականությունը: Նրանք կոչվում են սոցիալ-ձեռներեց:
Ձեռներեց եզրույթն (entrepreneur - ֆրանսերեն նշանակում է նախաձեռնող) առաջին անգամ գործածել է ֆրանսիացի տնտեսագետ Ժան Բատիստ Սեյը, երկու դար առաջ՝ տնտեսական գործող անձի որոշակի տեսակին բնութագրելու համար, որը ոչ թե պարզապես բիզնես է բացում, այլ տնտեսական պաշարները ցածր շերտերից տեղափոխում է ավելի բարձր արտադրողականության եւ ավելի մեծ արդյունավետության շերտ:
Սոցիալ-ձեռներեցությունը քաղաքացիական շարժում է, որի գործունեության նպատակն է մարդկանց կյանքը բարեփոխելը, այսինքն՝ առկա սոցիալական եւ տնտեսական խնդիրները կոնկրետ, էական եւ լիարժեք կերպով լուծելը: Սոցիալ-ձեռներեցները քաղաքական, պետական գործիչ կամ խոշոր արդյունաբերող չեն, նրանք հիմնականում սոցիալական աշխատողներ են, բնապահպաններ, մանր ու միջին ձեռարկատերեր, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ, լրագրողներ, տարբեր ոլորտներում մասնագիտացված անհատներ, որոնք անտարբեր չեն շրջակա միջավայրի եւ իրական սոցիալական խնդիրների նկատմամբ:
Սոցիալ-ձեռներեցությունը գոյություն ունի դարեր շարունակ, այն զարգանում է երկրների անկախացման եւ ժողովրդավարության հաստատման գործընթացին զուգահեռ: Սոցիալ-ձեռներեցներն ըմբոստանում են աշխարհում տիրող սոցիալական եւ տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված պետությունների ոչ բավարար քայլերի դեմ, առաջարկում իրատեսական լուծումներ, սակայն հաճախ բախվում են լուրջ խնդիրների եւ բռնաճնշումների: Օրինակ՝ կոմունիստական Ռուսաստանում եւ դրա ազդեցության տակ գտնվող երկրներում սոցիալ-ձեռներեցությունը հալածվում ու ճնշվում էր: Ներկայում հետխորհրդային երկրներում սոցիալ-ձեռներեցությունը կայուն աճ է գրանցում՝ միաժամանակ լուծելով որոշ սոցիալական եւ տեղային տնտեսական խնդիրներ:
Սոցիալ-ձեռներեցների դերը մեծ է զարգացող երկրներում: Սոցիալ-ձեռներեցությունը հաճախ բացահայտում է եւ արագ լուծումներ գտնում այնպիսի սոցիալական խնդիրների համար, որոնք կառավարության ռազմավարական ծրագրից դուրս են, բայց, միաժամանակ, օբյեկտիվ եւ օրակարգային: Չնայած կառավարությունը պատասխանատու է քաղաքացիների կամքը պետական քաղաքականություն դարձնելու հարցում, սակայն սոցիալական բարիքների իրական բաշխման ամենաարդյունավետ կառույցը չէ եւ պակաս նորարար, քան ձեռներեցը, նորարար անհատը, կրթօջախը, ՀԿ-ն կամ ԶԼՄ-ն:
Այս պատճառով սոցիալ-ձեռներեցության եւ կառավարության համագործակցության դերը տնտեսության զարգացման հարցում կարեւոր նշանակություն ունի: Սոցիալ-ձեռներեցներին ազատություն է հարկավոր, ինչպես նաեւ՝ փող: Կառավարությունը (եթե իսկապես կառավարություն է), սոցիալ-ձեռներեցների աշխատանքը խթանելու համար պարտավոր է ոչ միայն որոշակի հարկային արտոնություններ շնորհել նրանց, այլեւ բյուջեից ուղղակի գումար հատկացնել:
Հակոբ ՄԿՐՏՉՅԱՆ
շուկայագետ, բիզնես վերլուծաբան
Նյութի աղբյուրը ` hraparak.am