ՓԵՆ-Հայաստանի տարեկան ժողովի մասին անդրադարձ
Նյութն առաջին անգամ հրապարակվել է Փեն-Հայաստանի կայքում։ Հասանելի է այստեղ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցութամբ հունիսի 8-ին տեղի ունեցավ «Փեն»-ի բեկումնային ժողովը, որի արդյունքում ձևավորվեցին «Գրողներ հանուն խաղաղության», «Թարգմանչաց և լեզվական իրավունքների» և «Կին գրողների» կոմիտեները։
Տարեկան ժողովին մասնակցեցին «Փեն»-ի հիսուներկու անդամներից երեսունվեցը, ինչպես նաև հրավիրյալ գործընկերներ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից Նաիրա Սուլթանյանը, «Մարդու իրավունքի տուն Երևան»-ի ներկայացուցիչներ, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
Ժողովը մեկնարկեց Հռչակագրի ավանդական դարձած ընթերցմամբ։ Ետպատերազմական իրավիճակում ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրվեց Հռչակագրի երրորդ հոդվածի վրա, որի համաձայն «PEN-ի անդամը պետք է գործի դնի իր ողջ ազդեցությունը՝ ի նպաստ ժողովուրդների և ազգերի միջև փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի, ջանք չխնայի ատելության բոլոր դրսևորումների վերացման գործում, պայքարի հանուն՝ «մի աշխարհ, մի մարդկություն՝ խաղաղության և հավասարության պայմաններում» իդեալի»։ Այնուհետև «Փեն»-ի նախագահ Արմեն Օհանյանը ներկայացրեց Միջազգային PEN-ի կոմիտեների առաքելությունը, դրանց հիմնարար փաստաթղթերը և անցած ուղին։
Ձևավորվեցին կոմիտեներ՝ հետևյալ կազմերով․
Գրողներ հանուն խաղաղության
Նախագահ ընտրվեց Կարեն Ղարսլյանը, որ առցանց մասնակցեց ժողովին
Անդամներ՝ Աղասի Թադևոսյան, Անահիտ Քեշիշյան, Արամ Պաչյան, Արմինե Դանիելյան, Արմեն Օհանյան, Լուսինե Խառատյան, Հասմիկ Հակոբյան, Մարիամ Պետրոսյան, Սուսաննա Հարությունյան, Վահրամ Մարտիրոսյան
Թարգմանչաց և լեզվական իրավունքների կոմիտե
Նախագահ ընտրվեց Շուշան Ավագյանը
Անդամներ՝ Ասյա Դարբինյան, Արմեն Օհանյան, Արմինե Դանիելյան, Արքմենիկ Նիկողոսյան, Գրիգ, Դավիթ Իսաջանյան, Զավեն Բոյաջյան, Էդիկ Պողոսյան, Թագուհ Հակոբյան, Լուսինե Խառատյան, Հասմիկ Սիմոնյան, Հերմինե Նավասարդյան, Մարիամ Պետրոսյան, Մարինե Պետրոսյան, Սուսաննա Հարությունյան, Վահրամ Մարտիրոսյան, Քրիստիան Գինոսյան։
Որոշում կայացվեց «Փեն»-ի անդամ բոլոր կանանց ներգրավել Կին գրողների կոմիտեում, որի նախագահը առաջիկայում կընտրվի առցանց։
Նաիրա Սուլթանյանը ողջունեց ժողովը։ Հրավիրելով ներկաներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ նա մասնավորապես նշեց, որ ՄԱԿ-ը բոլորի կառույցն է, բնականաբար իրենց դռները բաց են նաև գրական շրջանակի առջև, և ուրախ են նման կարևոր նախաձեռնությանը սատար կանգնելու համար։ Արմեն Օհանյանն իր շնորհակալական խոսքում ընդգծեց ՄԱԿ-ի և Միջազգային PEN-ի տասնամյակների պատմություն ունեցող արդյունավետ համագործակցությունը (Միջազգային PEN-ը ՄԱԿ-ում հատուկ կարգավիճակ ունեցող հասարակական կազմակերպություն է), ինչը ոգևորիչ է նաև հայաստանյան կենտրոնի համար, ապա հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական։
Հավաքի ընթացքում ներայացվեց կազմակերպության ընթացիկ դրամաշնորհային ծրագիրը՝ «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն», որի շնորհիվ արդեն իսկ ստեղծվել և գործում է penarmenia.org կայքը։ Ներկաները ծանոթացան ծրագրի ընթացքին և տեղեկատվություն ստացան նախատեսվող այլ միջոցառումների մասին։
Վարսեր Կարապետյանը ներկայացրեց «Մարդու Իրավունքների Տուն Երևան»-ի գործունեությունը, ողջունեց «Փեն»-ի անդամակցությունը կառույցին։ Նա հավաստիացրեց, որ թե' լրագրողներ, թե' գրողները կարող են վստահ լինել, որ հարկ եղած դեպքում «Մարդու Իրավունքների Տուն Երևան»-ը պատրաստ է նրանց տրամադրել իրավախորհրդատվական, հոգեբանական, և իրավունքների պաշտպանություն ենթադրող այլ աջակցություն։
Համառոտ ներկայացվեց փորձառու լրագրող Թագուհի Հակոբյանի դեպքը, որը քաղաքական դրդապատճառներով հեռացել է «Հրապարակ» թերթից և ներկայումս գործազուրկ է, թեև ստացել է «Փեն»-ից աջակցություն վերոնշյալ ծրագրի շրջանակներում, բայց մշտական աշխատանք դեռևս չունի։ Նա վարում է «Փեն»-ի ֆեյսբուքյան էջը, ինչպես նաև կայքի «Ետպատերազմական հարցախույց» շարքը։
«Գրողներ հանուն խաղաղության» կոմիտեի շուրջ քննարկման ընթացքում Արմեն Օհանյանը ընթերցեց 44-օրյա պատերազմի ընթացքում Միջազգային PEN-ի համապատասխան կոմիտեի հրապարակած ուղերձը, որի վերջին պարբերությամբ Կովկասի գրողներին կոչ էր արվում «միավորվել համերաշխության շուրջ, իրենց գրվածքներով ոգեկոչել միմյանց և օգնել իրենց համայնքների ցավն ամոքելուն»։ Կոչին արձագանքելու շուրջ ծավալվեց քննարկում։ Ադրբեջանում չկա PEN կենտրոն կամ գրական որևէ կառույց, որ ուղերձին պատրաստ է պատասխանել, ուստի համատեղ արձագանքի հնարավորությունները նվազում են, թեև կան Աքրամ Այլիսլիի նման առանձին անհատ գրողներ և մտավորականներ, որոնք համարձակորեն հանդես են եկել որպես հայերի հետ հաշտեցման ջատագովներ։ Մյուս կողմից Վրաստանի PEN կենտրոնի հետ արդեն իսկ մեկնարկել է երկխոսություն և նախատեսվում է առաջիկայում իրականացնել համատեղ ծրագրեր, որոնց կարող են միանալ նաև կովկասցի այլ հեղինակներ։ Քննարկվեցին տարածաշրջանային գրական երկխոսության հնարավոր այլ ձևաչափեր, մասնավորապես Արմեն Օհանյանը նկատվեց, որ առայսօր չի եղել մի երկխոսական ձևաչափ, որտեղ միաժամանակ ներկա կլինեն Հայաստանի չորս հարևանները՝ Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Տարածաշրջանային նման ձևաչափի նախաձեռնությամբ կարող են հանդես գալ առաջին հերթին արվեստի մարդիկ՝ հատկապես պոետները և գրողները։
Արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը կարևորեց նորաստեղծ «Գրողներ հանուն խաղաղության» կոմիտեի աշխատանքները, որպես ԵՀՀ գլխավոր տնօրեն հավելեց, որ իրենք հետևողականորեն իրականացրել են տարածաշրջանային խաղաղասիրական ծրագրեր, որոնցում մեծապես ներգրավել են նաև արվեստագետների՝ ներառյալ գրողների և գրի մարդկանց։ Նա նաև համագործակցության առաջարկ արեց՝ հրավիրեով նորաստեղծ կոմիտեներին ԵՀՀ գրասենյակում կազմակերպել հանդիպումներ և օգտվել իրենց կուտակած փորձից։
Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց հայ-թուրքական գրական երկխոսության մասին, ներկայացրեց հիմնականում հայաստանյան գրաշուկայում թուրք գրականության թարգմանության հետ կապված հարցեր։
Անահիտ Արամունի Քեշիշյանը բարձրացրեց հայ գրականության մոռացված կամ անտեսված էջերի վերհանման խնդիրը, խոսեց ընդհանուր գրական ժառանությանը տեր կանգնելու ժամանակի հրամայականից։ Արծարծվեցին հիշողության քաղաքականության հետ կապված խնդիրներ։
Վիգեն Գալստյանը իր ելույթում նշեց, որ գրական խոսքը մեզանում դիսկուրսիվ չէ, նրա պնդմամբ «կան երևացող գրողներ, բայց չկա գրական դիսկուրս»։ Մարինե Պետրոսյանը հակադարձեց, որ ժամանակին եղել է նման դիրկուրս՝ հենց իր սերնդակիցների շնորհիվ, և որ դիսկուրսի բացակայության մեղավորությունը նոր սերնդի ձախողման արդյունք է։
Վահրամ Մարտիրոսյանը կիսվեց իր նախաձեռնած գրական-խաղաղաշինական ծրագրերի փորձառությամբ, կոչ արեց շարունակել ինչպես սերունդների միջև, այնպես էլ հարևանների հետ երկխոսությունը։
Հարցադրումներով և առաջարկներով հանդես եկան նաև Նարինե Կռոյանը և Թագուհի Հակոբյանը։
Ժողովը հաստատեց տարբեր կենտրոնների հետ կապերի մի շարք պատասխանատուների՝ այդ թվում․
Վրացական կենտրոնի հետ կապերի պատասխանատու՝ Ասյա Դարբինյան , Ռուսական կենտրոնի հետ կապերի պատասխանատու՝ Հովհաննես Ազնաուրյան , Գերմանախոս կենտրոնների հետ կապերի պատասխանատու՝ Հերմինե Նավասարդյան , Իսպանախոս կենտրոնների հետ կապերի պատասխանատու՝ Ալիս Տեր-Ղևոնդյան
Օրակարգային հարցերի քննարկումից հետո ներկաները երեկոն անցկացրեցին ջերմ մթնոլորտում՝ նշելով Հայաստանի «Փեն» կենտրոնի հիմնադրման երեսունամյակը։ 2021-ը հոբելյանական է նաև միջազգային PEN-ի համար, որ տոնում է իր ստեղծման հարյուրամյակը։