Կայացավ «Բաց տվյալների բանալի» կրթական ծրագրի առաջին փուլը
Ապրիլի 19-22-ը կայացավ «Բաց տվյալների բանալի ՀԿ-ների համար» 4-օրյա դասընթացը, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն՝ «Ամփոփ Մեդիա» նախաձեռնության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է ՀԿ ներկայացուցիչներին ապահովել բաց տվյալներից օգտվելու այնպիսի կարողություններով, որոնք կիրառական կլինեն ՀԿ-ների ամենօրյա գործունեության ընթացքում եւ կնպաստեն տվյալների հետ աշխատանքում գրագիտության մակարդակի բարձրացմանը, ՀԿ-ների կարողությունների զարգացմանը եւ արդյունավետ աշխատանքին:
Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿԴեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի գործընկերն է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը:
Սեմինարի ընթացքում գործնական եւ տեսական աշխատանքների միջոցով մասնակիցները ծանոթացան եւ ուսումնասիրեցին մի շարք համակարգչային եւ առցանց գործիքների, ստացան համացանցում տվյալների բազաների որոնման եւ ուսումնասիրման վերաբերյալ գիտելիքներ: Մասնակիցներն ուսումնասիրեցին նաեւ դիագրամների, ինֆոգրաֆիկաների եւ տվյալների վիզուալիզացիայի տարբերությունները, գրաֆիկաներում գույնի, ծավալի, չափի եւ թվերի կարեւորությունն ու նրբությունները:
Ծրագրի մասնակից, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կետրոն»-ի ներկայացուցիչ Մարիամ Առաքելյանը նշեց, որ աշխատում է մի կազմակերպությունում, որը հավաքագրում է տվյալներ եւ ունի բաց տվյալադարաններ, սակայն կազմակերպությունը չի հասցնում վիզուալիզացնել դրանք, ուստի, այս սեմինարը լավագույն տարբերակն էր անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելու համար:
«Սեմինարի ժամանակ ձեռք բերած գիտելիքները ես կփոխանցեմ նաեւ իմ գործընկերներին, որպեսզի կազմակերպությունում աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպվի»,- ասում է Մարիամը, ավելացնելով. «Այս մի քանի օրվա ընթացքում կարողացա ձեռք բերել այն բոլոր հմտությունները, որոնք, կարելի է ասել, նախկինում դանդաղեցնում էին իմ աշխատանքը: Ճիշտ է, ես տիրապետում էի այն ամենին, ինչն այստեղ մատուցվեց, սակայն, միեւնույն ժամանակ, հասկացա, որ կարեւոր փոքր քայլերի անհրաժշետությունը կար»:
Մարիամի կարծիքով՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի մասնագետների կողմից պատրաստված գործնական աշխատանքները շատ գնահատելի են: «Հստակ երեւում է, որ հսկայական աշխատանք է տարվել եւ՛ տեսական, եւ՛ գործնական գիտելիքներ մատուցելու առումով: Դասընթացը լավ կազմակերպված էր նաեւ գրաֆիկի առումով, որպեսզի սեմինարի մասնակիցը չհոգնի եւ չձանձրանա», - նշում է նա:
«Իրավաբաններ հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամ Մարիամ Զադոյանը փաստեց, որ ծրագիրն իր բնույթով բացառիկ էր, քանի որ չէր հանդիպել նման բնույթի ծրագիր:
«Ես ունեմ որոշ հմտություններ՝ տվյալների ձեռք բերման համար, սակայն, այստեղ ես կատարելագործվեցի այդ հարցում: Այն վերլուծությունները, որոնք ես պատրաստվում եմ իրականացնել իմ աշխատանքային գործունեության, եւ, իհարկե, այս ծրագրի շրջանակներում, անշուշտ, դրանցում կիրառելու եմ այն բոլոր հմտություններն ու գործիքները, որոնք սովորել եմ այստեղ»,-նշեց Մարիամ Զադոյանը:
Ըստ նրա՝ սեմինարի օրակարգն այնպես էր կառուցված, որ հնարավոր չէր ձանձրանալ, քանի որ յուրաքանչյուր մասնակցի ցուցաբերվում էր անհատական մոտեցում, ոչ մի հարց անպատասխան չէր մնում: «Ամենակարեւորը՝ յուրաքանչյուր մասնակից կարողանում էր ստացած գիտելիքը գործնական աշխատանքի միջոցով տեղում իրացնել»:
«Հայկական ճամբար» ՀԿ-ի ներկայացուցիչ Վարդուհի Արամյանն իր հերթին կարեւորեց իր՝ այս ծրագրին մասնակցելը, քանի որ ՀԿ-ն, որտեղ աշխատում է, կարիք ունի այն գիտելիքների ու հմտությունների, որոնք մատուցվեցին սեմինարի ընթացքում:
«Այս սեմինարի ընթացքում շատ գործիքների եւ հմտությունների տիրապետեցինք: Շատ կարեւոր է, որպեսզի սեմինարի դասընթացները լինեն փոխկապակցված եւ տեղում իրացվող՝ գործնական աշխատանքի միջոցով: Այդ ամենը այստեղ ակնհայտ նկատվեց, ավելին, դասընթացը բավականին ծավալուն էր եւ սկզբում մտածում էի, որ հնարավոր չէր լինի այդ ամենը կարճ ժամանակում սովորել: Սա պարզապես դասընթաց չէր, սա շատ լուրջ մենթորինգ էր, որն ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ իրականացվեց»:
Նշենք, որ մասնակիցների հետ աշխատանքը կշարունակվի շուրջ 6 ամիս: Առաջին փուլին կհաջորդի միջանկյալ` վեբինարիների փուլը, իսկ վերջում՝ կկազմակերպվի նաև ամփոփիչ դասընթաց: Ծրագրի բոլոր փուլերում մասնակիցները կշարունակեն ստանալ տեսական եւ գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաեւ գործնական հանձնարարություններ եւ խորհրդատվություն: Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն սեփական նախագծերի վրա, որոնք կհրապարակվեն մասնակից ՀԿ-ների կայքերում եւ այլ մեդիա հարթակներում:
«Ես կարծում եմ, որ այն ճանապարհը, որը պետք է անցնենք այս ծրագրի շրջանակներում՝ կօգնի մեզ ամիսներ անց դառնալ լավ եւ հմուտ մասնագետներ, իսկ դա մեզ նաեւ հնարավորություն կտա ձեռք բերված գիտելիքներով կիսվել մեր գործընկերների հետ»,- նշեց Վարդուհի Արամյանը:
Աղբյուր` ԼՀԱ