ՀՀ կառավարություն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով առաջարկություններ
2016թ. մայիսի 12-ին, ՀՀ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել առավել արդյունավետ կառավարում իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարության պատրաստակամության և բավարար քաղաքական կամք ցուցաբերելու մասին հայտարարությամբ:
Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ նախագահի և կառավարության կողմից հնչեցրած հայտարարությունները մինչ օրս չեն վերածվել արդյունավետ գործողությունների, իսկ ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունները որևէ արդյունք չեն տվել, ուստի հանրության շրջանում առկա է խորն անվստահություն այդ պայքարի անկեղծ և իրական լինելու նկատմամբ: Ապրիլյան պատերազմը բացահայտեց կոռուպցիայի բազմաթիվ հետևանքներ և ցույց տվեց, թե որքան է այն խոցելի դարձնում ազգային անվտանգությունը և վտանգում մարդու կյանքի իրավունքը:
Ազգային անվտանգության մարտահրավերներին համարժեք արձագանքելու և հակակոռուպցիոն նախաձեռնության նկատմամբ հանրության վստահությունը ձեռք բերելու նպատակով պետք է ձեռնարկել անհետաձգելի, կոնկրետ ու բեկումնային լուծումներ: Ակնհայտ է, որ իրավիճակը ճգնաժամային է, չկա հապաղելու ժամանակ ու ռեսուրս:
Կոռուպցիան Հայաստանում ունի համակարգային բնույթ և տարածված է հանրային կյանքի բոլոր ոլորտներում, որոնք առանձին ու մանրամասն անդրադարձի կարիք ունեն: Այդուհանդերձ, որոշ խնդիրներ ընդհանրական են, և դրանց լուծմանն ուղղված քայլերը կարող են էապես նպաստել միաժամանակ տարբեր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ուստի, ճգնաժամային իրավիճակում կոռուպցիայի դեմ պայքարը տրամաբանական է սկսել հենց այդ խնդիրներից:
Այս առնչությամբ գտնում ենք, որ առաջիկա մեկ ամսում ՀՀ կառավարությունը պետք է.
- Օրենսդրորեն վերացնի հանրային ծառայողների շահերի բախման ռիսկերը՝ մշակելով «Շահերի բախման մասին» ՀՀ օրենք, որում առնվազն անհրաժեշտ է`
- սահմանել շահերի բախումը որպես հանրային ծառայության հետ անհամատեղելի իրավիճակ` արգելելով շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, ինչպես նաև ամրագրել շահերի բախման կարգավորման և կառավարման հստակ մեխանիզմներ.
- ընդհանրացնել շահերի բախումը կանխարգելող, սահմանափակող և կարգավորող նորմերը հանրային գործառույթներով օժտված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր մակարդակների պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և/կամ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների ղեկավար բոլոր պաշտոնյաների համար.
- շահերի բախման և էթիկայի նորմերի նկատմամբ վերահսկողությունն ու համակարգումը վերապահել միասնական և անկախ մարմնի (օրինակ՝ Օրինավորության/էթիկայի հանձնաժողովին), որը կիրականացնի շահերի բախման և էթիկայի նորմերի խախտումների մասին ահազանգերի քննություն, կունենա վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորություն, իսկ բավարար հիմքերի դեպքում` հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու պարտականություն:
- Ընդլայնի գույքի և եկամուտների հայտարարագրերի բովանդակությունը և սուբյեկտների շրջանակը, որում մասնավորապես անհրաժեշտ է`
- ապահովել շահերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումը, իսկ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պահանջը տարածել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծնողների, անչափահաս և չափահաս զավակների վրա` անկախ ամուսնացած լինելու և համատեղ ապրելու հանգամանքից.
- հայտարարագրել և հրապարակել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց արտերկրում գրանցված ընկերությունները և դրանցից ստացված եկամուտները, ինչպես նաև վերջիններիս ողջ գույքը և դրամական միջոցները` անկախ գնային շեմից.
- հրապարակել եկամուտ վճարող կամ նվիրատվություն կատարող անձանց (ֆիզիկական կամ իրավաբանական) անունները/անվանումները, նվիրատուի ազգակցական կամ այլ կապը, անշարժ գույքի գտնվելու վայրը (երկիր, բնակավայր).
- գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման պարտավորություն դնել 30.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներիի և նրանց տեղակալների վրա.
- Օրինավորության/էթիկայի հանձնաժողովին օժտել նաև գույքի և եկամուտների հայտարարագրերի հրապարակման, դրանց իսկության ստուգման և հետաքննության, առնչվող բոլոր ահազանգերի քննության իրականացման և վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ, իսկ բավարար հիմքերի դեպքում` սահմանել հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու պարտականություն:
- Բարձրացնի հանրային միջոցների օգտագործման արդյունավետությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, այդ թվում`
- օրենսդրորեն արգելել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց մասնակցությամբ ընկերություններին՝ մասնակցել հանրային գնումներին, հրապարակային սակարկություններին, աճուրդներին և հանրային միջոցների օգտագործման պայմանագրերին.
- սահմանել հանրային գնումներին, հրապարակային սակարկություններին, աճուրդներին և հանրային միջոցների օգտագործման պայմանագրերին մասնակցող ընկերությունների, այդ թվում՝ ԶԼՄ-ների, իրական տերերի (շահառու սեփականատերերի) անունները հրապարակելու պահանջ.
- սահմանել «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական գնումների կատարման կարգը` ապահովելու պետական ապարատի կողմից մեծաքանակ սպառման ապրանքների (օրինակ` վառելիք, սննդամթերք) գնումները ապրանքահումքային բորսաներից և/կամ ցուցահանդեսներից` նվազեցնելու միջնորդավորված գնումների ծավալը.
- ստեղծել ԵՏՄ գնումների միասնական պորտալ` ըստ գնումների դասակարգչի հրապարակային դարձնելով ապրանքների գները և հաղթողների վերաբերյալ տեղեկությունները` երաշխավորելու պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը.
- օրենսդրորեն հստակեցնել հարկային արտոնություններ տալու չափորոշիչները՝ կամայական և կասկածելի որոշումներից խուսափելու նպատակով.
- քրեականացնել ապօրինի հարստացումը:
Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել համատարած անպատժելիության մթնոլորտում: Օրվա հրամայականն է քաղաքական իշխանության կողմից գործուն քայլերի ձեռնարկումը պետական իրավասու մարմիների և, հատկապես, իրավապահ մարմինների կողմից իրենց օրենսդրական լիազորությունների ամբողջ ծավալով իրականացումը: Ակնկալվում է, որ դրանք, մասնավորապես, պետք է հետամուտ լինեն լրագրողական հետաքննության հրապարակումներին և, առանց երրորդ անձի դիմումի, սեփական նախաձեռնությամբ վարույթներ հարուցեն և նյութեր նախապատրաստեն էթիկայի նորմերի խախտումների, շահերի բախման ու անօրինական հարստացման դեպքերի, գույքի և եկամուտների կասկածելի աղբյուրներ ունեցող և հակամրցակցային գործողություններում ներգրավված անձանց նկատմամբ:
Կոռուպցիայի դեմ պայքարի իրական լինելու նկատմամբ հանրության վստահության համար կարևորագույն գործոն է նրա վստահությունը այդ պայքարը համակարգող մարմնի՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նկատմամբ: Այս առնչությամբ անհրաժեշտ է վերանայել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը՝ այն համալրելով օրինավոր պաշտոնավարմամբ և անբասիր վարքագծով հանրությանը հայտնի անձանցով:
Կոռուպցիայի դեմ պայքարի իրական քաղաքական կամքի վկայությունը կարող է դառնալ հանրային հեռուստատեսությամբ բազմակարծության, քննադատական կարծիքների ներկայացման ապահովումը, առանց որի անհնար է երաշխավորել պետական մարմինների գործունեության թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը:
Հարկ է հիշեցնել, որ ցանկացած պետության հակակոռուպցիոն նախաձեռնության հաջողության գրավականն, անառարկելիորեն, ազատ և արդար ընտրությունների միջոցով ձևավորված լեգիտիմ իշխանությունն է: Հաշվի առնելով, որ լեգիտիմ ընտրություններ հնարավոր է անցկացնել միայն հանրային վերահսկողության գործուն մեխանիզմների առկայության պարագայում, առանձնահատուկ կարևորվում է այդ առումով ընտրական գործընթացների մասնակիցներին բավարարող ընտրական օրենսդրությունը: Ուստի, որպես կոռուպցիայի դեմ հռչակված պայքարի և համապատասխան քաղաքական կամքի հիմնական ցուցանիշ պետք է համարվի հանրային պահանջի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի անհապաղ փոփոխությունը` առնվազն սահմանելով ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջ և վերականգնելով ու, միջազգային կազմակերպությունների խորհրդով, նաև ընդարձակելով հանրային հսկիչների` դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքները:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» հիմնադրամ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ