Գիտաֆանտաստիկ գրականության շուրջ. Արմեն Գրիգորյան | Գևորգ Տեր-Գաբրիելյան
Բուն TV–ն ավարտելով գիտական ֆանտաստիակայի գրականության շուրջ բանախոսությունների շարքը, այն եզրափակում է Արմեն Գրիգորյանի և Գեևորգ Տեր Գաբրիելյանի երկխոսությամբ, մաս 11։
Գիտական ֆանտաստիկան գիտության և ֆանտաստիկայի համակեցություն է ստեղծում, և ընթերցողներին հնարավորություն է ընձեռվում գնալ մի այնպիսի ուղղությամբ, որը սովորաբար չի հետաքրքրում նրանց: Ոմանց գիտական ֆանտաստիկան չի հետաքրքրում միայն այն պատճառով, որ նրանք անլուրջ են համարում «ֆանտաստիկա» հասկացությունը:
Ինչո՞ւ հայ գրողները չեն ստեղծագործել գիտական ֆանտաստիկայի ժանրում: Ինչպես նշել էր ճարտարապետ Միսակ Խոստիկյանը, հայ գրականության մեջ ընդհանրապես քիչ է «ոչ ողբային» երանգը, որը պատմում է ուրախ գործով զբաղվող հաջողակ մարդկանց մասին և որն ուղղված է դեպի ապագա, այլ ոչ թե դեպի անցյալ: Գրականությունն արտացոլում է աշխարհն ու կյանքը, որը տեսնում է գրողը, և Հայաստանում գրողներն ապրել են այն վիճակում, որում կարևոր էր արտահայտել ցավը, դաժանությունը:
Գիտական ֆանտաստիկան ապագայի, պրոյեկտային մտածողության մասին է, իսկ դժվարությունների միջով անցած ժողովուրդը չի կարող ուրախ, ժպտերես և հաջողակ լինել, աշխարհը գրավել մտքով, ստեղծագործությամբ, և այլն:
Գրականությունը կամ արվեստը միայն դաժան, ծանր խնդիրներ վերհանելու համար չեն: Սա, իհարկե, շատ կարևոր դեր է, բայց այն պիտի ինչ-որ չափով բալանսավորված լինի. աշխարհը լավն է, մեծ է, մարդիկ հաջողակ են, սակայն նաև մեծ խնդիրներ կան: Ստրուգացկի եղբայրները շատ լավ են պահպանել այս բալանսն իրենց ստեղծագործություններում:
Ստեղծագործության բնագրի լեզվին տիրապետելու դեպքում պետք է կարդալ բնագիրը, սակայն լավ թարգմանության առկայության դեպքում հաճույքի համար արժե կարդալ նաև թարգմանությունը:
Գիտական ֆանտաստիկան չի կարող լինել լոկալ, էթնիկ. այն կարող է խոսել մի առանձին լեզվով, սակայն արդյունքում այն խոսում է համամարդկային լեզվով:
Այս ժանրի հերոսները, օրինակ, չեն կարող ներփակված լինել նեղ հայկական միջավայրի մեջ, բայց նույնիսկ այս դեպքում պետք է համամարդկային լեզվով համամարդկային նշանակության պատմություն քննարկվի: Եթե գիտական ֆանտաստիկան թարգմանվի հայերեն կամ գրվի հայերեն, հայոց լեզուն անպայման կհարստանա:
Այսպես է, օրինակ, Ստրուգացկի եղբայրների հորինած հասկացությունների դեպքում. «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները» շարքի բանախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը թարգմանեց «ведьмин студень» արտահայտությունը որպես «վհուկի դոնդող», «чёрные брызги» արտահայտությունը՝ «սև ցայտ», և այլն: Հաճախ պետք է ամբողջությամբ անհայտ հասկացություն գտնել տվյալ լեզվի մեջ, լինի դա ստեղծագործելիս, թե թարգմանելիս: Այս ամենը հարստացնում է լեզուն և, համապատասխանաբար, մտածողությունը: