Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. մաս 6. Թռիչքաձև զարգացում vs գրաքննություն. Գևորգ Տեր-Գաբրիելյան
Բուն TV-ն շարունակելով «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը հրապարակել է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի մենախոսական ձևաչափով անցկացվող վեցերորդ տեսանյութը։
Ինչպես արդեն նշվել է, Արկադի և Բորիս Ստրուգացկի եղբայրների՝ դեռ 1960-ական թվականների սկզբի ստեղծագործության մեջ ամենահետաքրքիր պահերից մեկը թռիչքաձև զարգացումն էր: Այդ ժամանակահատվածում գրված նրանց գործերի մի մասը կամ հրապարակված չէր, կամ հրապարակված էր միայն մասամբ: Օրինակ, «Խխունջը սարալանջին» վեպը չկար, և դրա մասին միայն լեգենդներ էին շրջանառվում:
1963 թվականին միասին հրապարակվել են «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» և «Դժվար է աստված լինել» գրքերը, և այդ թռիչքն արդեն երևում էր՝ համեմատած նախնական շրջանի ավելի պարզունակ գործերի՝ կոմունիստական ապագայի, 22-րդ դարի մասին: «Դժվար է աստված լինել»-ը նույնպես 22-րդ դարում է տեղի ունենում, սակայն սա արդեն որակապես այլ արձակ էր:
Ասյտեղ մեծ դեր էին կատարում և՛ հումորը, և՛ ինտերտեքստուալությունը. հեղինակները շատ լրջորեն էին վերաբերվում իրենց գրականությանը և պարզապես զվարճանքի համար ստեղծագործություններ չէին գրում: Նրանց գործերում կար ինտերտեքստուալություն՝ մեկ այլ ստեղծագործության, այլ հեղինակի կամ այլ ժամանակների հետ զրույցի բռնվելը:
***
Մոտավորապես 1965 թվականին ավարտվում է «Խխունջը սարալանջին» գործը, իսկ 1967-1968 թվականներին հրապարակվում է «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» գործի շարունակությունը, որը կոչվում է «Հեքիաթ Տրոյկայի մասին»:
Այս շարունակությունը երկու տարբերակ ունի. գրաքննությունը բացարձակապես չի ընդունում մի տարբերակը, այնուհետև եղբայրները մեկ այլ՝ ավելի պարզեցված տարբերակ են գրում, որը հրապարակվում է: Այժմ ստեղծագործությունը գոյություն ունի երկու տարբերակով, որոնք մի շարք նմանություններ ունեն. սյուժեն նույնն է, բայց մեկն ավելի շատ մանրամասներ ունի, իսկ մյուսում, իր հերթին, առավելություններ կան, որոնք բացակայում են առաջինի մեջ: Չհրապարակված տարբերակն ավելի փիլիսոփայական է, իսկ հրապարակվածը՝ ոչ պակաս սրամիտ: