Տեղեկատվություն ՀԱՊ 4ԱԽ հանդիպման մասին
Հոկտեմբերի 31-ին, Երեւանի մամուլի ակումբի գրասենյակում, ՀԱՊ 4-րդ աշխատանքային խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի հետ, որին մասնակցել են մշակութային գործունեություն իրականացնող, ՀԱՊ անդամ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի անդամակցությանը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անելիքներին վերաբերող հարցեր։
Հանդիպման համար առիթ է հանդիսացել այն, որ այս տարվա սեպտեմբեր ամսին ԱլԳ ՔՀ ֆորումի 4-րդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը եւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ընտրվել են Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում գործող եւ ԱլԳ երկրների տարածքում դրա համակարգումն իրականացնող «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի ղեկավար կոմիտեի անդամներ՝ Հայաստանից:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի նպատակն է աջակցել եվրոպական մշակույթին՝ տեսաձայնային եւ ցուցադրական արվեստին, հրատարակություններին, ֆիլմերին, հեռուստատեսություններին, երաժշտությանը, միջդիսցիպլինար արվեստներին, մշակութային ժառանգությանը եւ տեսախաղերի արտադրությանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 2014-2020 թվականների համար կազմում է €1.46 միլիարդ: Առավել մանրամասն՝ ծրագրին կարող եք ծանոթանալ http://ec.europa.eu/programmes/creative-europe/index_en.htm հղմամբ:
Այս կապակցությամբ, հանդիպման մասնակիցները նախանշել են ՀԱՊ առաջիկա անելիքները.
- ՀԱՊ անունից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու անհրաժեշտության հիմնավորմամբ նամակ հղել տարբեր գերատեսչություններ (ՀՀ ֆինանսների նախարարություն (ծրագրին միանալու անհրաժեշտ մուտքավճարը հատկացնելու համար), Արտաքին գործերի, Սփյուռքի, Երիտասարդության եւ սպորտի հարցերի նախարարություններ եւ այլն)։
- Մշակույթի ոլորտում գործող ՀԿ-ների համախմբում՝ դրանց մասին ինֆորմացիոն բազայի ստեղծում (ՀՀ մշակույթի նախարարությունից եւ Բրիտանական խորհրդից խնդրել այն ՀԿ-ների ցանկը, որոնց հետ իրենք համագործակցել են)։
- «Ստեղծագործ Եվրոպա» խորագրով կոնֆերանսի կազմակերպում՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։
- Սփյուռքի հայկական հիմնադրամների հետ կապերի հաստատում։
- «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով հետաքրքրված բիզնես կառույցների հետ համագործակցություն։