Հրապարակվել է «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում» ժողովածուն
«Հա, ընտանիքի մասին որ խոսում էի, ասեմ, որ օրինակ, շատ տարածված էր, օրինակ, մեր տանը, քանի որ մենք էդ ամբողջ մեծ բարեկամությամբ, ազգուտակի մեջ միակն էինք, որ սեփական տուն ունեինք, գրեթե ամեն շաբաթ մեր տանը ինչ-որ հավաք կար, մենք բոլորը, ասենք, օրինակ, թութը հասնում էր, բոլորը գալիս էին մեր տուն թութ ուտելու, որը վերածվում էր, ասենք, ինչ-որ կերուխումի, տենց, ուրախության, նվագող, երգողներ էին գալիս, բարեկամության մեջից մարդիկ էին։ Շատ հայտնի մարդ կար, հին երևանցի, որը մահացավ վերջերս, Սիրուն Աբո էին ասում, նու ազգական չէր, բայց բարեկամ էր, էդ մարդն էր գալիս իրա խմբով, իրա կլառնետակարդիոն, ինչ-որ բան էր, սենց, ինչ-որ մարդիկ, հավաքվում էին, էդ թամադա, խոսք ասելու բանը կար, էլի։ Դա էլ ա հետաքրքիր էն իմաստով, որ էս հիմա որ գնում ես, ասենք, հարսանիք, էդ վարձու թամադաները, տենց բան չկար։ Ասենք, մրցակցություն կար էդ ազգուտակի բարեկամության մեջ, թե ով պետք ա լինի թամադա, էլի։ Ու մարդիկ բան էին անում, նեղանալ, որ ինչի իրան թամադա չընտրեցին։ Բոլորը խոսում էին, բոլորը ինչ-որ, ես հիշում եմ բովանդակալի բաներ էին ասում։ Չեմ հիշում ինչ որ ռաբիզ բաներ ասեին, ինչ-որ «ատ դուշի» բաներ էին խոսում, երգում»։
Տիգրան Պասկևիչյանի հետ հարցազրույցից, էջ 478
ՀՀ Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2019 թ. «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը և Եվրասիա համագործակցության հիմնադրամը սկսեցին ««20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագիրը»՝ խնդիր ունենալով մի կողմից գրանցել Խորհրդային Հայաստանի մասին Խորհրդային Հայաստանում ապրած մարդկանց մասնավոր հիշողություններն իրենց ապրած կյանքի մասին, մյուս կողմից գրանցել և հանրայնացնել 20-րդ դարի Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Սույն էլեկտրոնային գրքում հրատարակվում են գրանցված պատմություններից միայն 24-ը, որից 15-ը՝ երևանաբնակների, 9-ը՝ Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների: Հիմքում դրված են անհատների կենսագրական պատումները: Պատմություններում խորհրդային անցյալով հետաքրքրվողները և վերլուծաբանները նյութեր կգտնեն ընտանեկան, ազգակցական, համայնքային, հասարակական հարաբերությունների, աշխատանքի, աշխատավճարի, ժամանցի, ծեսերի, տոների, կրոնական մշակույթի, ուտեստի, ամուսնությունների, հարսանիքի, Խորհրդային Հայաստանում հասարակության մշակութային հաղորդակցման, Երևանի կենտրոնի կառուցապատման և առհասարակ «կենտրոն» հասկացության և այլն, ինչպես նաև «Երևանի քաղաքային մշակույթ» հասկացության ընկալումների մասին: Մասնավոր կենսագրություններում հաճախ են երևում ստալինյան շրջանի քաղաքական բռնությունների ենթարկվածների մասին հիշողություններ, ինչպես նաև բռնությունների զոհերի սեփական կենսագրություններ:
Գրքին կարող եք ծանոթանալ այստեղ։