Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ
Աղբյուրը ՝ Helsinki Citizens’ Assembly-Vanadzor
Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ
2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:
Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրադադարի կոչը՝ պայմանավորված Կովիդ-19 համավարակով։
Արցախում (Լեռնային Ղարաբաղում) զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում արդեն հարյուրից ավելի վիրավոր և տասնյակ զոհեր կա, այդ թվում առնվազն մեկ երեխա։
Այս հարձակումն աննախադեպ է իր ծավալով և ռազմական տեխնիկայի ներգրավման տեսանկյունից։ Կան հստակ ապացույցներ, որ գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։
Մենք վստահ ենք, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին և պատշաճ կերպով չարձագանքի, ռազմական գործողությունները կարող են ընդլայնվել տարածաշրջանում հակամարտության գոտուց այն կողմ, ինչը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի, որն ավելի կսրվի կորոնավիրուսի համավարակի բռնկումների հետ կապված իրավիճակի պատճառով:
Մենք հաստատակամ ենք աջակցելու բոլոր ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության պահպանման դեմ ուղղված բոլոր մարտահրավերների դիմագրավմանը։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռեժիմի սանձազերծած ագրեսիան և դիմում է միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` շտապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռեժիմի ագրեսիան դադարեցնելու և հակամարտության խաղաղ լուծման համար ճանապարհ գտնելու ուղղությամբ բանակցությունները վերսկսելու համար:
Հայտարարությունը բաց է միանալու համար։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հայտարարությանը կարող եք միանալ այս հղումով