Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է Երևանի քաղաքապետի կին թեկնածուի և նրա դստեր հանդեպ բիրտ ուժի կիրառման փաստը
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է Երևանի քաղաքապետի կին թեկնածուի և նրա դստեր հանդեպ բիրտ ուժի կիրառման փաստը
Մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, ՀՀԿ շտաբում տեղի է ունեցել բռնություն, բիրտ ուժի ապօրինի և անթույլատրելի կիրառում՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:
Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ էր եկել ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով, որտեղ էլ տեղի է ունեցել Զարուհու և նրա դստեր նկատմամբ բռնություն, նախ՝ ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետև՝ ոստիկանների կողմից։ Ոստիկանության ներկայացուցիչները «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուին և նրա դստերը հրելով, քարշ տալով դուրս են բերել ՀՀԿ շտաբից, իսկ այնուհետև կարճ ժամանակով բերման ենթարկել Լիլիթ Դրամփյանին:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է Երևանի քաղաքապետի կին թեկնածուի և նրա դստեր հանդեպ ուժի կիրառման փաստը, այն համարելով ապօրինի և անընդունելի։
Կոալիցիան կոչ է անում բոլոր իրավապաշտպան կառույցներին հետամուտ լինել դեպքի քննությանը։
Իրավապահ համակարգից պահանջում ենք համակողմանի քննություն անցկացնել ու պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին՝ թե՛ ՀՀԿ շտաբի, թե՛ ոստիկանության ներկայացուցիչներին։
Նաև` հայտարարում ենք, որ պետության կողմից անբավարար միջոցառումների և նման բռնության կիրառման փաստի անտեսման պարագայում, որը հակասում է Հայաստանի կողմից վավերացված մի շարք կոնվենցիաներին, այդ թվում ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային» (CEDAW), մենք հետամուտ ենք լինելու բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնելու և ի ցույց դնելու այս միջադեպը, որպես պետության պարտավորությունների կատարման թերացում և կանանց քաղաքական մասնակցության հնարավորությունների սահմանափակման ու խոչընդոտման վառ օրինակ։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
15․05․2017