Դատարանն անվավեր ճանաչեց կենսաթոշակի նշանակումը մերժելու մասին որոշումը
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ շահառու Արարատ Գևորգյանի գործով վարչական դատարանը վճռեց անվավեր ճանաչել և վերացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Սիսիանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի 11.06.2014թ. թիվ 222 և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի 05.02.2015թ. թիվ ԱՊ/ԼԼ-1/707-15 մերժումները։
Բացի այդ, դատարանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը պարտավորեցրել է հայցվորին նշանակել մասնակի կենսաթոշակ՝ 11.06.2014 թվականից սկսած։
Նշենք, որ սոցիալական ծառայության տարածքային բաժինը մերժել էր քաղաքացուն նշանակել մասնակի կենսաթոշակ, քանի որ նա ուսումնարանում աշխատել էր որպես արտադրական ուսուցման վարպետ, իսկ այդ ստաժը, ըստ տարածքային բաժնի, մանկավարժական ստաժ չէր:
Հայցվորի և որպես նրա ներկայացուցիչ հանդես եկող ԸԻԿ փաստաբան` Քրիստինա Գևորկյանի կողմից ներկայացրած իրավական և փաստական հիմքերի հիման վրա դատարանը հաստատված համարեց, որ արտադրական ուսուցման վարպետը ևս մանկավարժ է, իսկ ստաժը՝ մանկավարժական, ուստի այն պետք է հիմք ընդունվի մասնակի կենսաթոշակի նշանակման ժամանակ:
Դատարանի կողմից նման եզրահանգման հիմք են հանդիսացել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 05-ի թիվ 665-Ն որոշման համատեղ վերլուծությունը, ՀՀ Կրթության և գիտության նախարարության գրությունը, որի համաձայն արտադրական ուսուցման վարպետները օգտվում են մասնակի կենսաթոշակի իրավունքից, ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետի գրությունը, որով հայտնել է, որ «… Ըստ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի մանկավարժ բառն ունի հետևյալ բացատրությունները` 1. մանկավարժության մասնագետ, 2. մանկավարժական աշխատանքով զբաղվող մարդ, դասատվությամբ ու դաստիարակությամբ զբաղվող մարդ։ Իսկ մանկավարժական աշխատանք բառակապակցությունը մատնանշում է այն աշխատանքը, որը հատուկ է մանկավարժությանը։»։
Այսպիսով, դատարանի միջոցով վերականգնվեց արդարությունը, և փաստացի մանկավարժական աշխատանք կատարած անձը վարչական մարմնի կողմից իրավական ակտերի սահմանափակ մեկնաբանման հետևանքով չզրկվեց կենսաթոշակի իր իրավունքից:
Աղբյուրը՝ ԸԻԿ