Կրոնական հանդուրժաղականության հարցերում առցանց լրագրողական ուղեցույցի ներկայացում ԵՀՀ գրասենյակում
Հունիսի 21-ին ժամը 14։00–ին ԵՀՀ գրասենյակում կայացավ կրոնական հանդուրժաղականության հարցերում առցանց լրագրողական ուղեցույցի՝ www.kronadaran.am և www.new.religions.am նորացված կայքերի ներկայացումը, որոնք ստեղծվել են Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Համագործակցություն հանուն ժողովրդավարության հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։
www.kronadaran.am կայքն առցանց հարթակ է, որի նպատակն է կարևոր տեսական և գործնական խորհուրդներ տրամադրել լրագրողներին, բլոգերներին և այլ շահառու խմբերին կրոնական թեմաների լուսաբանման հարցում։ Առցանց լրագրողական ուղեցույցում հատուկ բաժին է հատկացված խտրականությանն առնչվող թեմաներին և իրավական հարցերին։ Կրոնադարանը կազմված է կրոնագիտական բառարանից, կրոնի, իրավագիտության և կրոնի պատմության վերաբերյալ գրադարանից, թեմատիկ ու լրագրողական խաղերից, հարցաշարերից, որոնք գնահատում են կրոնական և լրագրողական գիտելիքները։ Կրոնադարանում առկա են նաև Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների մասին տեղեկություններ, կոնտակտային տվյալներ:
www.new.religions.am կայքը լուսաբանում է Հայաստանում կրոնական խնդիրներ՝ իրավական, կրոնագիտական, քաղաքագիտական և աստվածաբանական համատեքստում: Հատկապես մեծ տեղ է տրված պատմագիտական վերլուծություններին: Հարթակը երկլեզու է, սակայն մամուլի տեսության բաժնում առկա է երեք բաժին` հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով: Կայքը բաղկացած է «գրադարան», «տեսադարան», «Հայաստանի կրոնները» և այլ բաժիններից: Հատուկ
բաժին նվիրված է ոլորտի իրավական հարցերին. օրենսդրություն, զեկույցներ, ուսումնասիրություններ և իրավական փաստաթղթեր:
Կայքերը նորացվել են Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է խթանել կրոնական հանդուրժողականությունն ու խտրականության դեմ պայքարը Հայաստանում՝ համապարփակ օրենսդրության մշակմանը, քաղաքացիական հասարակության և Հայաստանի կառավարության շրջանում խտրականության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և անկողմնակալ լրատվական լուսաբանմանը օժանդակելու միջոցով:
Միջոցառմանը մասնակցել են կրոնական հարցերին առնչվող լրագրողական գործունեությամբ զբաղվող անձինք, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ դեսպանատան, ՀՀ արդարադատության նախարարության, Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներ և ոլորտով հետաքրքրված այլ անձինք, ինչին հաջորդել են հարցերն ու պատասխանները: