Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղեր թափանցիկության նախաձեռնության նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ 19.08.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ
Կ Ա Ր Գ
- Կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ՝ ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (այսուհետ՝ ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության (այսուհետ՝ ՔՀԽ) ձևավորման, անդամների և այլընտրանքային անդամների թեկնածուների առաջադրման, ընտրության և լիազորությունների դադարեցման հետ կապված գործընթացները և հարաբերությունները:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ՔՀԽ-ն քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներից բաղկացած խումբ է, որի նպատակն է ներկայացնել քաղաքացիական հասարակության տեսակետները և շահերը ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ում՝ կառավարության և հանքարդյունաբերության ներկայացուցիչների հետ բազմաշահառու եռակողմ ձևաչափում հավասարակշռելու հանքարդյունաբերության քաղաքականությանն ու ԱՃԹՆ-ին առնչվող որոշումների ընդունումը և ապահովելու պատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում:
- ՔՀԽ անդամները և այլընտրանքային անդամներն (համատեղ նշելիս այսուհետ՝ նաև ՔՀԽ ներկայացուցիչներ) իրենց գործունեությունն իրականացնում են միջազգային ԱՃԹՆ ստանդարտի նորմերի և ԱՃԹՆ-Հայաստանի ԲՇԽ աշխատակարգի (այսուհետ նաև՝ ԲՇԽ աշխատակարգ) հիման վրա:
- ՔՀԽ ներկայացուցիչների գործունեության սկզբունքներն են՝ անկախությունը, օրինականությունը, հրապարակայնությունը, անդամների իրավահավասարությունը, ինքնակառավարումը, կոլեգիալությունը և հաշվետվողականությունը:
- ՔՀԽ ներկայացուցիչները պետք է ունենան կարողություններ՝ իրականացնելու իրենց պարտականությունները:
- ՔՀԽ ներկայացուցիչները հաշվետու են իրենց ընտրողների, ինչպես նաև հասարակության առջև և պատասխանատու են լիարժեք, արժանահավատ, պատեհաժամ տեղեկություն տրամադրելու համար՝ պարբերաբար կազմակերպվող հանրային հանդիպումների, քննարկումների, գրավոր և բանավոր հաշվետվությունների միջոցով:
- ՔՀԽ ներկայացուցիչներն ԱՃԹՆ-ի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
ՔՀԽ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՔՀԽ-ն բաղկացած է քաղաքացիական հասարակության հինգ անդամից և առավելագույնը՝ նույն քանակով այլընտրանքային անդամից:
- ՔՀԽ անդամներից մեկն ընտրվում է գիտական համայնքի հաստատությունների, մեկը՝ մարզային քաղաքացիական հասարակության կառույցների և երեքը՝ քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակի կառույցներից՝ բացառությամբ Կարգով սահմանված դեպքերի: Ընտրությունների ժամանակ գիտական համայնքի ներկայացուցչի և/կամ մարզային ներկայացուցչի թեկնածուների բացակայության դեպքում սահմանված քվոտան անտեսվում է և ՔՀԽ անդամների կազմը համալրվում է ի հաշիվ քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակի կառույցների ներկայացուցիչների:
- ՔՀԽ այլընտրանքային անդամներն ընտրվում են ՔՀԽ անդամների նույն համամասնությամբ: Ընտրությունների ժամանակ գիտական համայնքի ներկայացուցչի և/կամ մարզային ներկայացուցչի թեկնածուների բացակայության դեպքում սահմանված քվոտան անտեսվում է և ՔՀԽ այլընտրանքային անդամների թեկնածուների կազմը համալրվում է ի հաշիվ քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակի կառույցների ներկայացուցիչների:
- ՔՀԽ այլընտրանքային անդամների թիվը չի կարող լինել երկուսից պակաս: Ընտրությունների ընթացքում անհրաժեշտ քանակով այլընտրանքային անդամներ չընտրվելու դեպքում այլընտրանքային անդամների թափուր տեղերը համալրվում են ՔՀԽ ընտրված անդամների ձայների պարզ մեծամասնությամբ նշանակված անձանցով:
- Հերթական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում այլընտրանքային անդամների թիվը նվազելու դեպքում նրանց տեղը համալրվում է վերջին ընտրություններին ընտրվելու իրավունքով մասնակցող առավել ձայն ստացած թեկնածուներով: Այդպիսի թեկնածուների բացակայության պարագայում՝ այլընտրանքային անդամների թիվը մինչև երկուսը նվազելու դեպքում նախաձեռնվում են արտահերթ ընտրություններ:
- ՔՀԽ անդամը ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ աշխատակարգով սահմանված կարգով մասնակցում է ԱՃԹՆ ԲՇԽ-ի աշխատանքներին և իրականացնում է իր լիազորություններից բխող գործառույթներ:
- ՔՀԽ այլընտրանքային անդամը ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ աշխատակարգով սահմանված կարգով մասնակցում է ԲՇԽ-ի նիստերին առանց ձայնի (քվեարկելու) իրավունքի, իսկ խմբակցության անդամի բացակայության դեպքում փոխարինում է տվյալ անդամին ձայնի (քվեարկելու) իրավունքով:
- ՔՀԽ ներկայացուցիչն ընտրվում է երեք տարի ժամկետով՝ ներառյալ անդամի և/կամ այլընտրային անդամի կարգավիճակում գործելու ամբողջ ժամանակահատվածը՝ որպես ժամկետի հաշվարկի սկիզբ համարելով ԱՃԹՆ քարտուղարությանն ընտրված թեկնածուների ներկայացման օրը:
- ՔՀԽ ներկայացուցիչը չի կարող ընտրվել և/կամ լինել անդամի և/կամ այլընտրանքային անդամի կարգավիճակում անընդմեջ երկու անգամից ավել:
ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ
- ՔՀԽ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների ընտրությունների գործընթացում ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնք ընտրությունների նշանակման օրվան նախորդող առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում հրապարակային ու պարբերաբար արտահայտել են դիրքորոշում հանքարդյունաբերության պատասխանատու քաղաքականության և/կամ հնարավոր ազդեցությունների և/կամ ԱՃԹՆ-ին վերաբերելի այլ թեմաների առնչությամբ, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով հրապարակում են վերջին մեկ տարվա իրենց գործունեության մասին տվյալներ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրներն ու ստացված գումարները:
- ՔՀԽ թեկնածու կարող են առաջադրել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնք ընտրությունների նշանակման օրվան նախորդող առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հրապարակային ու պարբերաբար արտահայտել են դիրքորոշում հանքարդյունաբերության պատասխանատու քաղաքականության և/կամ հնարավոր ազդեցությունների և/կամ ԱՃԹՆ-ին վերաբերելի այլ թեմաների առնչությամբ, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով հրապարակում են վերջին հինգ տարվա իրենց գործունեության մասին տվյալներ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրներն ու ստացված գումարները և ԲՇԽ մյուս խմբակցությունների հետ ունեցած շահերը։
Գիտական համայնքի ներկայացուցիչներ
- ՔՀԽ գիտական համայնքի ներկայացուցիչների ընտրությունների գործընթացում ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված, գործող և պետության կողմից հավատարմագրված այն գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց գործունեությունն առնչվում է հանքարդյունաբերության և/կամ դրա հնարավոր ազդեցություններին, ինչպես նաև ԱՃԹՆ վերաբերելի ոլորտներին։
- ՔՀԽ գիտական համայնքի կողմից որպես թեկնածու կարող են ինքնառաջադրվել Կարգի 19-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված, գործող և պետության կողմից հավատարմագրված գիտակրթական կազմակերպությունների աշխատակիցները, որոնք ունեն գիտական աստիճան, ընտրությունների նշանակման օրվան նախորդող առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հրապարակային ու պարբերաբար արտահայտել են դիրքորոշում կամ ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ԱՃԹՆ-ին վերաբերելի ոլորտներում։
Մարզային ներկայացուցիչներ
- Մարզային քաղաքացիական հասարակության կառույց է համարվում Հայաստանի Հանրապետության որևէ մարզում առնվազն վերջին հինգ տարում գործունեություն իրականացնող կազմակերպությունը:
- Ընտրությունների գործընթացում ՔՀԽ մարզային ներկայացուցիչների ընտրելու և ընտրվելու իրավունքն ապահովվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների լայն շրջանակի համար սահմանված՝ Կարգի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգով:
- ՔՀԽ անդամի կամ այլընտրանքային անդամի բոլոր թեկնածուներն ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևաչափով հրապարակում են ընտրությունների նշանակման օրվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում ԲՇԽ մյուս խմբակցությունների հետ ունեցած իրենց և իրենց ընտանիքի անդամների (կին, ամուսին, մայր, հայր, քույր, եղբայր, երեխա) շահերի հայտարարագիր, ինչպես նաև նույն ժամանակահատվածի համար եկամուտների հայտարարագիր՝ ներկայացնելով իրենց եկամուտի աղբյուրները և հանքարդյունաբերական ընկերություններից և դրանց կողմից ստեղծված կամ մասնակցությամբ հիմնադրամներից կամ ՀՀ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գումարները։
ՔՀԽ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- ՔՀԽ-ն կազմավորվում է ՔՀԽ ներկայացուցիչների թեկնածուների ընտրության միջոցով՝ փակ գաղտնի քվեարկությամբ:
- ՔՀԽ ներկայացուցիչների ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր քաղաքացիական հասարակության կառույց ունի մեկ քվե։ Հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների անունից ընտրություններին կարող են մասնակցել դրանց ղեկավարները կամ նրանց կողմից գրավոր լիազորված անձինք։
- ՔՀԽ ներկայացուցչի թեկնածուն ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ներկայացնում է հայտարարագիր՝ հրապարակելով իր և իր ընտանիքի անդամների եկամուտի աղբյուրները և հանքարդյունաբերական ընկերությունների ու ԱՃԹՆ շրջանակում ներառված պետական կառավարման մարմինների հետ առնչվող շահերը, իսկ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների թեկնածուները՝ նաև իրենց համապատասխան կառույցների ֆինանսավորման աղբյուրները և գումարները, հանքարդյունաբերական ընկերությունների ու ԱՃԹՆ շրջանակում ներառված պետական կառավարման մարմինների հետ առնչվող շահերը:
- Հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների պարագայում միևնույն կառույցից չի կարող առաջադրվել ՔՀԽ ներկայացուցչի մեկից ավել թեկնածու, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ կազմակերպություններից ներկայացուցիչների թեկնածուներ առկա չեն: Այս պարագայում՝ միևնույն կառույցից կարող է առաջադրվել անդամի միայն մեկ և այլընտրանքային անդամի միայն մեկ թեկնածություն:
- Հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների թեկնածուն ներկայացնում է միայն իրեն առաջադրող կառույցը, ինչը սակայն չի բացառում նրա անդամակցությունն այլ կառույցներին և/կամ համագործակցությունն այլ կառույցների և/կամ նրանց ներկայացուցիչների հետ։
- ՔՀԽ ներկայացուցչի թեկնածու չի կարող դառնալ բազմաշահառու խմբի մյուս խմբակցությունների հետ վերջին մեկ տարվա մեջ շահերի բախման մեջ (այդ թվում՝ ընտանիքի անդամի կապերի միջոցով) գտնվող անձը:
- Կարգի շրջանակում շահերի բախում է համարվում ՔՀԽ ներկայացուցչի այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը մի իրավիճակում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր ընտանիքի անդամի անձնական շահերով առաջնորդվելը, այդ թվում՝ պայմանավորված ԲՇԽ մյուս խմբակցությունների հետ ունեցած հարաբերություններով։ Շահերի բախում առկա չէ, եթե անձնական շահը պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների պատշաճ իրականացման վրա ունի թվացյալ ազդեցություն, որը փաստացի բացակայում է:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄԸ
- ՔՀԽ ներկայացուցիչների հերթական ընտրությունները նախաձեռնվում են ՔՀԽ գործող անդամների կողմից՝ Կարգի համաձայն՝ ԱՃԹՆ ԲՇԽ ձևավորման նախորդող շրջափուլի ավարտից ոչ ուշ քան երեք ամիս առաջ։
- Կարգի 12-րդ կետի համաձայն ՔՀԽ կազմում թափուր տեղ առաջանալու դեպքում ՔՀԽ-ն նախաձեռնում է արտահերթ ընտրությունների գործընթաց՝ թափուր տեղի առկայության կամ հնարավորության մասին տեղեկություն ստանալուց հետո ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Արտահերթ ընտրությունների անցկացումը նախատեսվում է ոչ շուտ քան մեկ ամսվա և ոչ ուշ քան երկու ամսվա ընթացքում:
- Ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են հերթական ընտրություններից առաջ ձևավորված ընտրական հանձնաժողովի կողմից:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
- Ընտրական հանձնաժողովը ձևավորվում է ՔՀԽ գործող անդամների կողմից կազմակերպվող՝ Կարգի 17-րդ և 19-րդ կետերով սահմանված չափանիշներին առերևույթ համապատասխանող ընտրողների համաժողովի կողմից՝ ՔՀԽ ընտրությունների գործընթացի նախաձեռնության մասին հրապարակման օրվանը հաջորդող մեկ ամսում։
- Ընտրական հանձնաժողովի կազմում ընտրողների կողմից առաջադրվում են հանրության շրջանում վստահություն վայելող անձինք, որոնց գործունեությունը պարտադիր չէ, որ առնչվի հանքարդյունաբերության ոլորտին:
- Ընտրական հանձնաժողովը բաղկացած է առնվազն երեք և առավելագույնը՝ յոթ անդամից:
- Ընտրական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել ՔՀԽ անդամի կամ այլընտրանքային անդամի ընտրության համար հավակնող կառույցների ղեկավար մարմինների ներկայացուցիչներ կամ աշխատակիցներ:
- Ընտրական հանձնաժողովը
- կազմում և հրապարակում է ընտրությունների անցկացման ժամանակացույցը՝ իր ձևավորման պահից հինգ օրվա ընթացքում,
- սահմանում է ընտրողների, թեկնածու առաջադրող ՔՀԿ-ների և թեկնածուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ձևանմուշները՝ իր ձևավորման պահից տասն օրվա ընթացքում,
- հաստատում է ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացնող ընտրողների համապատասխանությունը Կարգի 17-րդ, 19-րդ և 21-րդ կետերով սահմանված չափանիշներին, իսկ թեկնածուների համապատասխանությունը Կարգի 18-րդ, 20-րդ և 23-րդ կետերով սահմանված չափանիշներին՝ իրազեկելով այդ մասին համապատասխան դիմորդ կառույցներին և թեկնածուներին,
- ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացնող ընտրողների և թեկնածուների կողմից համապատասխան հայտը ոչ ճիշտ կամ թերի լրացնելու պարագայում՝ տեղեկացնում է ընտրողներին և թեկնածուներին դիմումը ստանալուց հետո ոչ ուշ քան երեք օրվա ընթացքում,
- տալիս է եզրակացություն ՔՀԽ ներկայացուցչի թեկնածուի՝ բազմաշահառու խմբի մյուս խմբակցությունների հետ շահերի բախման մեջ գտնվելու կամ այդպիսի փաստացի ռիսկերի վերաբերյալ՝ դիմումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում,
- կազմակերպում և անցկացնում է նախընտրական առնվազն մեկ հանդիպում թեկնածուների և ընտրողների միջև,
- կազմակերպում և անցկացնում է ընտրությունները Կարգի 24-րդ կետով սահմանված ընթացակարգով,
- ամփոփում է ընտրությունների արդյունքները, կազմում է արձանագրություն, հրապարակաում է այն և ներկայացնում ՀՀ ԱՃԹՆ քարտուղարությանը,
- քննում է ընտրական գործընթացի հետ կապված՝ ոչ իր դեմ ներկայացված բողոքները:
- ՔՀԽ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ընտրողներն ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ժամանակացույցի հրապարակումից հետո ոչ ուշ քան տասնօրվա ընթացքում, լրացնելով համապատասխան ձևանմուշը, գրանցվում են ընտրական հանձնաժողովի առցանց հարթակում որպես ընտրող։ Ընտրողների հայտերի հաստատումն ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվում է հինգ օրվա ընթացքում:
- ՔՀԽ ընտրություններին ընտրվելու նպատակով քաղաքացիական հասարակության կազմակերպություններն առաջադրում են թեկնածուներ, իսկ գիտական համայնքի ներկայացուցիչներն ինքնառաջադրվում են՝ ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ժամանակացույցի հրապարակումից հետո ոչ ուշ քան քսան օրվա ընթացքում՝ լրացնելով համապատասխան ձևանմուշը և գրանցվելով ընտրական հանձնաժողովի առցանց հարթակում որպես թեկնածուներ։ Թեկնածուների հայտերի հաստատումն ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվում է հինգ օրվա ընթացքում:
- Կարգի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ընտրողների և թեկնածուների կողմից ոչ ճիշտ և թերի լրացված հայտերը լրամշակվում և կրկին ներկայացվում են ընտրական հանձնաժողովին դրանց ոչ ճիշտ և թերի լինելու մասին ծանուցում ստանալուց հետո երկու օրվա ընթացքում։
- ՔՀԽ ընտրելու և ընտրվելու իրավունք ունեցող անձանց գրանցումներն ընտրական հանձնաժողովի կողմից կարող են մերժվել Կարգով սահմանված պահանջներին չբավարարելու, ոչ լիարժեք տվյալներ տրամադրելու և այլ խմբակցությունների հետ վերջին մեկ տարվա մեջ շահերի փաստացի բախման առկայության պարագայում:
- Ընտրության արդյունքներն ամփոփվում են քվեարկության օրվանից հետո առավելագույնը հինգ օրվա ընթացքում և ներկայացվում ԱՃԹՆ-Հայաստանի քարտուղարությանն ընտրական հանձնաժողովի կողմից արձանագրությունը ստորագրելուց հետո առավելագույնը հինգ օրվա ընթացքում։
- Ընտրական հանձնաժողովի եզրակացություններն ու արձանագրությունները ստորագրվում են բոլոր անդամների կողմից՝ հատուկ կարծիքի ներկայացման հնարավորությամբ:
- ԲՇԽ ՔՀԽ գործող ներկայացուցիչները կարող են ընտրական հանձնաժողովին տրամադրել տեխնիկական օժանդակություն՝ ըստ վերջինիս դիմումի։
- Կարգով սահմանված ընթացակարգով անցկացված քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ ստացած թեկնածուները հաստատվում են որպես ՔՀԽ անդամներ կամ այլընտրանքային անդամներ՝ ըստ Կարգի 9-րդ կետով սահմանված քվոտաների և թեկնածուների արտահայտած նախապատվությունների:
- Ընտրական հանձնաժողովի որոշումների վերաբերյալ բողոքները կարող են քննվել ընտրելու իրավունք ունեցող անձանց նախաձեռնությամբ ձևավորվող անկախ արբիտրների հանձնաժողովի կողմից, որը պետք է կայացնի իր որոշումը երեք ամսվա ընթացքում։ Մինչև արբիտրների որոշման հրապարակումը շարունակում է գործել առկա ՔՀԽ կազմը։
- Ընտրական հանձնաժողովի նիստերը բաց են ընտրողների, ԲՇԽ գործող անդամների և այլընտրանքային անդամների և ԱՃԹՆ-Հայաստանի քարտուղարության առջև։ ՔՀԽ քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացը կարող է դիտարկվել նաև այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների կողմից, տեսանկարահանվել և հեռարձակվել։
ՔՀԽ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- ՔՀԽ ներկայացուցչի անդամությունը և լիազորությունները դադարեցվում են՝
- ՔՀԽ ներկայացուցչի՝ ՔՀԽ մյուս ներկայացուցիչներին ուղղված դիմումի հիման վրա,
- լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ 15-րդ կետին համապատասխան,
- ՔՀԽ կողմից սահմանված՝ ԲՇԽ անդամին առաջադրվող պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ նոր փաստերի առկայության (ի հայտ գալու) դեպքում՝ ՔՀԽ անդամների ընդհանուր թվի 4/5-ի որոշմամբ,
- ՔՀԽ կողմից տվյալ ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման ընդունման դեպքում՝ ՔՀԽ անդամների ընդհանուր թվի 4/5-ի որոշմամբ, ինչի համար հիմք կարող են հանդիսանալ անհարգելի բացակայությունները, ՔՀԽ աշխատանքների, այդ թվում՝ ընդհանուր նպատակին միտված գործունեության խոչընդոտումը,
- ԲՇԽ այլ խմբակցությունների հետ շահերի բախման առկայության դեպքում, որի վերաբերյալ որոշումն ընդունվում է ընտրական հանձնաժողովի կողմից, իսկ դրա բացակայության դեպքում՝ անկախ արբիտրների կողմից։
- ՔՀԽ ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելու և ՔՀԽ գործող ներկայացուցիչների՝ Կարգի 12-րդ կետով նախատեսված ներքին տեղափոխության պարագայում ՔՀԽ նոր ներկայացուցչի թեկնածությունը ՔՀԽ գործող անդամների համատեղ որոշմամբ ներկայացվում է ԱՃԹՆ-Հայաստանի քարտուղարությանը՝ թափուր տեղի մասին տեղեկության ստացումից հետո ոչ ուշ քան մեկ ամսվա ընթացքում:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Կարգն ուժի մեջ է մտնում ԱՃԹՆ-Հայաստան կայքում հրապարակվելուց հետո։
- Կարգով չկարգավորված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են ՔՀԽ անդամների գործող կազմի կողմից՝ ձայների ընդհանուր թվի 4/5-ով՝ ընձեռելով հնարավորություն հատուկ կարծիքի համար:
- ՔՀԽ-ն ձևավորումից հետո անմիջապես ձեռնամուխ է լինում իր ներքին կանոնակարգի մշակմանը կամ դրա առկայության դեպքում՝ լրամշակմանը, որը հաստատվում է անդամների և այլընտրանքային անդամների ձայների 4/5-ով՝ ընձեռելով հնարավորություն հատուկ կարծիքի համար: Ներքին կանոնակարգն ուժի մեջ է մտնում ընտրությունների արդյունքների ամփոփման օրվանից ոչ ուշ քան երկու ամիս հետո:
- ՔՀԽ ներկայացուցիչների աշխատանքը գնահատվում է ընտրողների կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից մշակված ցուցանիշների համաձայն։