Վահրամ Մարտիրոսյան․ Քաղհասարակությունը որպես նոր «պետության նախագծի» հեղինակ և… մեդիա
Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է www.media.am կայքում
Հայաստանում քաղհասարակության զգալի մասի գործունեությունը բավական ներփակ է, հերմետիկ։ Երբեմն այն թվում է մի «զուգահեռ աշխարհ», որտեղ դրամաշնորհներ են շրջանառում, և հայտադիմումների հմուտ ձևակերպումով սկսվում ու օրինակելի հաշվետվություններով ավարտվում է ամեն ինչ, այդ թվում՝ բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ։ Դա թերևս պատճառներից մեկն է, որ երբ հասարակական կազմակերպությունների դեմ՝ ՌԴ-ում պետական քաղաքականության վերաճած պայքարը Հայաստանում «տեղայնացրեց» նաև «թավշյա հեղափոխությունից» հետո ընդդիմություն դարձած նախկին իշխանությունը, այն կարողացավ որոշակի լսարան գրավել։
Հեղինակի դժվարությունները
«44-օրյա պատերազմից» հետո բարդացել է ասելիք ձևակերպելը։ Պարտությունը առաջինն էր Հայաստանում ապրող մի քանի սերնդի համար։ Ավելին՝ վերջին հարյուր տարում։ ԱԺ ընտրություններից անմիջապես առաջ՝ հունիսի 15-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես չկարողացավ մատնացույց անել որևէ ելք։ Խորհրդանշական է, որ հենց նա՝ 1988-ի համազգային շարժման առաջնորդներից մեկը արտահայտեց անկեղծ հուսահատություն, հոգեվիճակ, որը բնական է պատերազմում պարտվածների համար՝ Vae victis, «Վայ պարտվածներին» [1]։ Շարժումը ձգտում էր Հայաստանի ժողովրդին մղել գիտակցության, որ պատմական ձախողումները առանձին դավաճաններով չեն պայմանավորված։ Հետագայում՝ ՀՀ հաջորդ նախագահների օրոք այդ միտումը չպահպանվեց, փոխարինվեց զանազան չափազանցություններով, ինչը մեզ գլորեց ցած, դեպի ռոմանտիկ պատմավեպերի պարզունակ մտածողությունը։ Եվ զարմանալի չէ, որ այսօր դավաճանների փնտրտուքը համազգային չափերի է հասել, փոխադարձ մահացու մեղադրանքներ է հնչեցնում հասարակության ահռելի մասը։
Ի՞նչ և ինչպե՞ս խոսել «իրենց» դավաճանին գտած մարդկանց հետ, որոնց համար արդեն երկրի ներսում Ուրիշը վերածվել է Թշնամու. նայում են միայն՝ «իրենց» դավաճանի հե՞տ ես, թե՞ դեմ։ Իրավիճակ, որը, ըստ նախընտրական հարցումներից մեկի, լուսանցք է մղել հասարակության գրեթե կեսին՝ 42 տոկոսին, իմ պատկերացմամբ՝ կուսակցական էգոիզմով չտառապող քաղաքացիներին, «մենատնտես», իլֆ-պետրովյան բառապաշարով ասած, մտավորականներին, ինչպիսին համարում եմ նաև ինձ, շատ ՀԿ-ների, որոնց գործունեությունը էական աջակցություն էր նախքան 2018-ի հեղափոխությունը՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի օրոք կատարվող ապօրինությունների հանդեպ ընդհանուր դիմադրությանը։
Քաղհասարակության մեկուսացման պատճառները
Կարծում եմ՝ երկու հիմնական գործոն կա։
Սարգսյանի ու Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող մեծաքանակ մեդիան, որը մինչև հեղափոխությունը ինչ-որ չափով հետևում էր անաչառ լրագրության կանոններին, նույնիսկ ընդդիմադիր ձևանում, նոր իրավիճակում անցավ ատելությամբ ու ստով լի, պատերազմական իրավիճակին բնորոշ ծայրահեղ-պրոպագանդիստական ոճին, որին 2013-ի ուկրաինական «մայդանից» սկսած ռուսական ԶԼՄ-ներն են անցել։ Նրանցից փոխառվեց «սորոսական» պիտակը, դավադիր մղումների «բացահայտումը» Արևմուտքի ցուցաբերած ցանկացած օժանդակության մեջ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին։ «Քովիդ-19»-ի տարածման առաջին շաբաթներից «նախկինների» մեդիան համալրեց իր զինանոցը համավարակի ժխտման դավադրության տեսություններով, որոնց ակունքները նույնպես մեծ մասամբ ռուսական էին [2]։
Ազգային ժողովի 2018-ի ընտրություններից հետո իշխանության օրենսդիր ու գործադիր մարմիններին տիրած ՔՊ-ական խմբի հակազդեցության գլխավոր միջոցը վարչապետի՝ նույնպես բավական կոշտ, բայց մեծ լսարան հավաքող «լայվերն» էին։
Յուրօրինակ այս հավասարակշռության պայմաններում քաղհասարակությունը շարունակում էր դատապարտել քոչարյանա-սարգսյանական քրեապետական համակարգը, որը քսան տարի իշխել էր աղաղակող ընտրակեղծիքների միջոցով, բայց նաև սկսեց զգուշորեն քննադատել փաշինյանական իշխանությանը՝ անհետևողական ու դանդաղկոտ բարեփոխումների համար… Բայց անտեսվեց կամ բավարար արձագանք չստացավ։
Հատկանշական է Քաղաքացու որոշում կուսակցության հայտնի դեմքերից Գարեգին Միսկարյանի բերած օրինակը.
«Ես հիշում եմ, «հեղափոխությունից» հետո մասնակցում էի ԵՄ-ի կողմից կազմակերպված մի պրեզենտացիայի, որտեղ երկու տարվա ուսումնասիրությունից հետո խոսվում էր Հայաստանի կառավարման համակարգի բացերի մասին և դրա արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունների ու ուղիների մասին։ Կառավարող ուժից ոչ ոք չկար։ Հետազոտությունը ֆինանսավորել էր Հայաստանի կառավարությունը, դա ամենաշատը պետք էր կառավարությանը և կառավարությունից ոչ ոք չկար»։
Հեղափոխական իշխանության կողմից ցուցաբերած անվճռականության, հնարամիտ լուծումները մերժելու առումով դասագրքերում հիշատակվելու է արժանի Սահմանադրական դատարանից սպասվող վտանգները չեզոքացնելուն ուղղված պայքարը, որն ավարտվեց ՍԴ-ի կողմից Ռ. Քոչարյանի մարտիմեկյան «բացահայտված» գործի տապալումով։
Խզում հեղափոխական իշխանության ու հեղափոխական քաղհասարակության միջև
«Քովիդ-19»-ի պայմաններում Փաշինյանի «լայվերը» աստիճանաբար կորցրին իրենց «մոգական» ազդեցությունը՝ երևի թե համավարակի ճգնաժամը չափից դուրս մասնագիտական էր «պինցետով հանելու ու արաղով ախտահանելու», այլ կերպ ասած՝ «ձեռքով կառավարելու» համար։ Քաղհասարակության զգալի մասն էլ, թերագնահատելով ներքին և արտաքին իրական վտանգները, սկսեց ավելի հաճախ մեղադրել կառավարությանը «կարմիր գծերն անցնելու» համար, եթե նույնիսկ խոսքը զարգացած շատ երկրներում կիրառվող՝ վարակակիրների շփումների շրջանակը պարզող հեռախոսային տվյալների մասին էր։
Ինչ խոսք, համավարակային մեկուսացման պայմաններում, «ոչ պատերազմ – ոչ խաղաղություն» 26-ամյա թմրեցումից հետո հեշտ չէր կանխագուշակել… կանխազգալ՝ անհամեմատ մեծ աղետի շեմին ենք։ Պատերազմը սրեց առկա պառակտումը՝ եղած-չեղած հանրային ինքնառեֆլեքսիան, համագործակցության մշակույթը ոչնչացնելու աստիճան։ Դա թերևս նշան էր, որ «44-օրյա պատերազմի» արդյունքը մեր երկրի ոչ թե հետհեղափոխական երեք, այլ քսան, երեսուն, հարյուր տարվա պարտությունն էր։
Արդյոք ուշ, անիմաստ, անհնար չէ՞ վերլուծել հարյուրամյա պարտության պատճառները
«Չի կարելի հավատալ անհնար բանին», ասում է Ալիսը։ «Ուղղակի քո փորձն է քիչ… Քո տարիքում ես դրան հատկացնում էի օրական կես ժամ։ Որոշ օրերի հասցնում էի տասնյակ անհնարինությունների հավատալ մինչև նախաճաշ», պատասխանում է Թագուհին [3]։
Ուշ չէ, անիմաստ չէ՝ մենք միևնույն է կարիքը զգալու ենք [4]։
Անհնար էլ չէ, քանի որ «Հարյուրամյա պարտության» վերլուծությունը զրոյից չի սկսվելու՝ այնուամենայնիվ, սթափ գնահատականներ տրվել են տարբեր գործիչների կողմից։ Գուցե ոլորտին անտեղյակ մարդկանց զարմացնի, բայց թարմ, բազմազան, խորքային շատ հետազոտությունների կարելի է հանդիպել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կայքում, որը Հայաստանում ամենահայտնի հասարակական կազմակերպություններից է։ Փորձեմ ԵՀՀ օրինակով պարզել՝ որքանո՞վ են իրատեսական նպատակները, որոնք հռչակում է քաղհասարակությունը, ինչպե՞ս են դրանք իրականացվում, արդյոք հանրությունը բավարար չափով իրազե՞կ է ՀԿ-ի գործունեությանը՝ հռչակած նպատակներին ու ձեռքբերումներին… կորուստներին։
Ամփոփելով 20-րդ դարը
Վերը նշածս հարյուր տարուց առնվազն ութսունը ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն ընդգրկել է իր «Արմենիա 3.0. հասկանալ 20-րդ դարի Հայաստանը» գրքում («ԵՀՀ համալսարան» շարքից, անգլերեն) [5]: Այն նախատեսված է Սփյուռքի համար, բայց Հայաստանում էլ այսպիսի վերլուծությունները առատ չեն, և ժամանակաշրջանի մասին քիչ թե շատ ընդհանրական պատկերացում չկա։
«Ցեղասպանությունը և Առաջին հանրապետությունը ցույց են տալիս երկու տարբեր դինամիկա, որոնք գոյատևման այդ րոպեին տեղի էին ունենում միաժամանակ»՝ գիրքը սկսվում է մի լարված վիճակից, որ նույնիսկ հետահայաց, «հետին խելքով» խնդիրները պարզ լուծումներ չունեն։ Այն շարադրված է բավական անկաշկանդ՝ դասախոսությունից, զրույցից անցում կատարելով գրավոր տեքստին (հիմնված է ինը տեսադասախոսության վրա, թողարկված՝ XII.2016-III.2017)։
Կարևոր բաղկացուցիչները անձնական հիշողությունները, հիմնաբառերն են, որոնցից մեկը, «կեղծ մատնությունն» է, донос-ը։ Հեղինակը մատնանշում է, որ երևույթը ծագում է Ռուսաստանի պատմական առանձնահատկություններից։ Ռուս գյուղացիները մինչև «1861 թ. ունեին ճորտի կարգավիճակ: Եվ դա, ըստ գիտնականների, պատճառներից, աղբյուրներից մեկն էր։ Գյուղացիները անկախ մարդկանց նման ապրել չէին սովորել, հատկապես որովհետև գույք գրեթե չունեին։ Նրանք սովորություն ունեին «տիրոջը» զեկուցելու իրենց անհանգստացնող խնդիրների մասին, որ վերջինս դրանք լուծեր։ Դրա պատճառով նախանձի վրա հիմնված շատ որոշակի վարքագծի տեսակ ձևավորվեց։ Եթե որևէ մեկը ուներ «ավելի շատ», քան մյուսը, այդ մյուսի մասին կարող է զեկուցեին, և նրան պատժեին, իսկ ունեցածը բաժանեին իրար միջև»։
Ավաղ, «կոմունիստական լուսավոր ապագա կառուցող» ՍՍՀՄ-ում 1920-ականների կեսերից մատնությունը դարձավ զուտ քաղաքական, և Կրեմլից ուղղորդվող լրագրային, հրապարակային ծանր մեղադրանքների հիստերիան նաև նամակների տեսք ընդունեց՝ ստորագիր ու անստորագիր։ Ուրախալի է, որ ըստ գրքում հղված հետազոտությունների, մատնագրերը Հայաստանում համեմատաբար քիչ են եղել, չեկիստ քննիչները իրենց կանանց են գրել տվել, որ պատրվակ ունենան նորանոր մարդկանց ձերբակալելու, որից հետո արդեն կտտանքներն էին ինքնախոստովանական ցուցմունք կորզում։ Բայց քանի որ Գուլագը «երբեք հանրայնորեն չի դատապարտվել, մինչև հիմա լյուստրացիա չի եղել» (թեև «Սոլժենիցինն է ասում իր գրքում՝ «Նրանք մեղավոր էին» արտահայտությունը արտասանվել է» նյուրնբերգյան դատարանում 10.000 անգամ), անստորագիր նամակների հոսքը շարունակվեց նաև Բրեժնևի օրոք [6]։
Ոճրագործությունների կոծկումը անհետևանք չի անցնում, արդունքն այն է, որ «Ռուսաստանում հիմա… ստալինացումը կրկին գլուխ է բարձրացնում»։ Ու թեև Հայաստանում Ստալինի պաշտամունքի բացահայտ վերազարթոնք չկա, մեր օրերի բազմաթիվ սոցցանցային գրառումներ, հոդվածներ, ելույթներ հետպատերազմյան ծանրագույն վիճակում ոչ այնքան քննադատություն են կամ ահազանգ, այլ մատնագիր են հիշեցնում՝ ուղղված միևնույն «կենտրոնին»։ Նշանային մակարդակում, արդեն 2021-ի նախընտրական շրջանում, սոցցանցերը նկատեցին «պողպատի» (ի դեպ, ռուսերեն՝ сталь, որից ծագել է Сталин մականունը), մուրճի-մանգաղի-կարմիր աստղի հարությունը։
Գևորգ Տեր-Գաբրիելյանը հանգամանալից վերլուծում է նաև «գողական» բարքերի դերը XX դարում։ Քաղաքական ընդդիմության, այլախոհության դաժան հետապնդումների պայմաններում ստալինյան վարչակարգը ստեղծում է իրավիճակ, երբ «գողը քաղաքական թշնամուց ավելի նախընտրելի էր»։ Այդպիսով «ցածրակարգ կայսրության» վերածված ՍՍՀՄ-ի (Իոսիֆ Բրոդսկին գրում է՝ я – один из глухих, облысевших, угрюмых послов второсортной державы [7]) գործելակերպը ևս վերակենդանացավ անկախ Հայաստանում, երբ թաղի խուժանը ընտրությունները կեղծելու գործիք դարձավ։
«Յուրաքանչյուր նոր սերնդում գոյատևողները հաճախ կամ իշխանություններին ծառայող, կամ կյանքին ակտիվ մասնակցություն չդրսևորող մարդիկ էին»՝ սա տասնամյակների «բացասական ընտրության» արդյունքն էր։
Մեկ այլ սովետական երևույթ՝ ռաբիսը, որը մի կողմից, ծնվելով ժողովրդական ակունքներից, ունի ստեղծագործ լիցք և ստեղծել ու ստեղծում է առանձին փայլուն գործեր, մյուս կողմից իր հոսքը, «որպես «ցածրաճաշակ» երաժշտություն, ասոցացվում է մուղամի հետ» և սիրված է «գողականների», գյուղացիական, բանվորական միջավայրերում, նույնիսկ մտավորական որոշ շրջանակներում։
Դիպուկ է գնահատում հեղինակը, որ այս ենթամշակույթը գռեկացնում է «հիմնական հիերարխիկ արժեքները» [8], բայց ցավալի է, որ առանց որևէ վերլուծության նույն շարքին է դասում նաև հիպիական ենթամշակույթը։ Մինչդեռ այն ընդվզում էր սպառողականության, քաղքենիության դեմ, որը հալածվում էր իշխող քրեապետական համակարգի, նույն քաղքենիության ու գողականների կողմից։ Բողոքի երաժշտություն էր նաև հիպիների նախընտրած ռոքը։ Բարձրարվեստ երաժշտություն։
Տեր-Գաբրիելյանը սովետական շրջանի հիմնաբառերի շարքին է դասում նաև ցեխավիկությունը՝ «արտադրամասը սկսում էր արտադրել նշանակված պետական պլանից ավելի ապրանք, արտադրամասի պետը նպաստում էր սև շուկայում այդ ավելցուկի վաճառքին»։ Այո, «ցեխավիկներ» կային, և նրանք կուսակցական նոմենկլատուրայի, մանր ու մեծ պաշտոնյաների, առևտրի ցանցի հետ միասին խաթարում էին հավասար աղքատության խախուտ երջանկությունը, բայց իմ անձնական հիշողությունները համընկնում են Վիքիպեդիայի և այնտեղ նշված աղբյուրների նկարագրությանը, թե ցեխավիկները սովետական «ստվերային տնտեսության» մաս էին և ոչ օրինական ձևով արտադրում էին «դեֆիցի՛տ» ապրանքներ՝ արտասահմանյան «գրավիչ» պատկերներով ցելոֆանե տոպրակներ, ջինսեր և այլն։
«Արմենիա 3.0. հասկանալ 20-րդ դարի Հայաստանը» գիրքը շուտով հասանելի կլինի նաև հայերեն։ Չգիտեմ՝ ինչ արձագանքներ են եղել անգլերենի ընթերցողներից, բայց կարծում եմ, անկախ իմ հակաճառություններից, այն առաջին հերթին Հայաստանին է պետք՝ ուսանողներին ու դպրոցականներին, որոնց մեծահասակները հեքիաթներ են պատմել կաթի ու մեղրի գետերի մասին, որ հոսում էին ՍՍՀՄ-ում… չնայած շատերի կյանքն անցնում էր հերթերում՝ ամենապարզ ապրանքներ ձեռք բերելու համար, և նույն կաթը խանութում վերջանում էր առավոտ ութն անց կես՝ ձեռնունայն թողնելով ուշացած հաճախորդներին։
Գևորգի անձնական հիշողությունները բազմակողմ են դարձնում պատումը։ Ոչ միայն հարթությունների, մակարդակների ավելացման առումով, այլև «բարեկամների» ու «թշնամիների» դիրքերի խճճման։ Նրա հոր ընկերն է հրշեջ փողրակներով ջրել Օպերայի դռները ջարդող ցուցարարներին՝ «առաջ ընկնելով» իր ժամանակից։ «Հետո մինչև կյանքի վերջ զղջում էր արածի համար»։ Իսկ բանախոսությանը ներկա Ռոբերտ անունով մի մասնակից էլ հիշում է, որ իր պապը «Երևանի միլիցիայի պետն էր այդ ժամանակ և կազմակերպում էր ոստիկանության աշխատանքը, երբ ցուցարարները հավաքվում էին Օպերայի հրապարակում։ Նա պատմում էր, որ հայ միլիցիոներները չգիտեին ինչ անել»։ Խոսքը 1965-66 թթ. Եղեռնին նվիրված հայտնի ցույցերի մասին է, որոնց մասնակիցն է եղել, ձերբակալվել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Մոսկվայի խորհրդային իշխանությունները չէին վստահում հայ միլիցիոներներին։ Նրանք ռուս բարձրաստիճան միլիցիոներ են նշանակում, որ գա ու կազմակերպի ամեն ինչ»։
Գիրքը պարունակում է նաև ընդհանրացումներ, որոնք գծում են մեծ ու փոքր ճնշումների պատճառով առաջացած զարհուրելի պատկերը.
«Հետևյալ երեք եզրը տալիս է Յոհան Գալթունգը՝ ատոմիա, անոմիա և անեմիա։ Ահա թե ինչպես է աշխատել տրոհման (ատոմացման), «անոմիացման» միտումը․ եթե մարդիկ տրոհված են, նրանք չեն խոսում, չեն շփվում, համրանում են։ Բառերը կորցնում են իմաստը, իրենց «անունները», հետևաբար անոմիան նշանակում է անունների բացակայություն և նաև (աշխատող հանրային) օրենքների բացակայություն։ Անեմիան նշանակում է էներգիայի բացակայություն՝ և՛ անհատական, և՛ հասարակական մակարդակներում։ Դա սոցիալական կապիտալի բացակայությունն է, քայլ առաջ դնելու, գործելու, ինչ-որ բան անելու ունակության բացակայությունը։
Ահա թե ինչ էր Գուլագի մշակույթը ներմուծում հայ հասարակություն»։
Բնական է թվում հեղինակի զգացմունքային-գործնական եզրահանգումը՝ «Ահա թե ինչ է պետք հասկանալ՝ կռիվ էր և է՝ երեկ և այսօր»…
Բոլորովին վերջերս, Բռնադատվածների հիշատակի օրը՝ հունիսի 14-ին, հանրությանը ներկայացվեց ԵՀՀ կողմից ստեղծված «Բռնության մշակույթը Հայաստանում» վերնագրով գիրքը, որի չորս հետազոտությունից երեքը նվիրված են քրեական բարքերին, այդ թվում՝ դրանց ծագման աղբյուրներին։
ԵՀՀ կայքում կան մի քանի տասնյակ դասախոսություններ՝ տարբեր արդիական թեմաներով, որոնք արժանի են ծավալուն անդրադարձի, բայց մինչև այդ նյութին անցնելը…
Միջանկյալ. իմ մեկնակետը
1990-ականների մի զվարճալի պատմություն եմ հիշում։ «Գիտելիք» ընկերության (Երևան, Աբովյան փ., Պուշկինի խաչմերուկից քիչ ներքև) սենյակներից մեկն են մտնում «Կալաշնիկով» ավտոմատով զինված երիտասարդներ և դուրս քշում աշխատակիցներին. սա մեր գրասենյակն է լինելու՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից ենք։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին սահմանների պաշտպանությանը մասնակցող կամավորական ջոկատներից շատերը կուսակցություններն էին կազմավորում, զինում, պարենավորում, այդ թվում և՝ ՔԴՄ-ը՝, բայց դա չի փոխում դրվագի խորհրդանշական բնույթը։
2018-ի հեղափոխությունից, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո, նախկին կաշառապետությանը սպասարկող որոշ իրավապաշտպաններ սկսեցին ատելության խոսք տարածել, իսկ քաղաքական գործիչներն ու լրագրողները՝ արդարացնել կոռուպցիան, սպանության կոչեր անել (ունեմ դա վկայող բազմաթիվ էջահատույթներ, մասնավորապես՝ Չաուշեսկուների հանդեպ հաշվեհարդարը Հայաստանում կրկնելու վերաբերյալ)։ Կարծում եմ, երկակի չափանիշները մեր հանրության լուրջ խնդիրներից են։ Հանրային դեմքերից մինչև սոցցանցային օգտատերեր հազվադեպ են ինքնատեղորոշվում՝ ո՞վ է ես-ը (մենք-ը), որի անունից հանդես են գալիս, ինչ գաղափարների է դավանում։ Որոնք, ի դեպ, տարիների ընթացքում կարող են փոխվել, բայց դա հաճախ չի գիտակցվում ու արձանագրվում։
Հուրախություն ինձ, նույնական մոտեցում ունի Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ «Նախ՝ ամենադժվարներից ու անհամոզիչներից մեկը, սակայն մի բան, որը պարտադիր է դառնում, իմ համոզմամբ, մեր «նոր ջրհեղեղի դարում». մարդ պիտի ունենա անկեղծ ու ազնիվ արժեք և նպատակ՝ կոմունիկացիա իրագործելիս… Դա նշանակում է՝ մարդ պիտի ունենա քիչ թե շատ հստակ փիլիսոփայություն, որը պիտի գունավորի իր վարքը, գործունեությունը՝ նաև կոմունիկացիոն, նույնիսկ «մանր» դեպքերում» [9]։
Ուրեմն, տեղին կլինի, որ ես էլ համառոտ ձևակերպեմ աշխարհայացքս։
Քաղաքականության մեջ դավանում եմ ազատական ժողովրդավարություն՝ ձախ, ազգային թեքումով։
Ինչո՞ւ՝ ձախ։ Երիտասարդ տարիներին ես ավելի աջակողմյան էի՝ ենթադրելով, որ կապիտալիզմն ինքնին կբերի որոշակի կարգավորումների, բայց դա տեղի չունեցավ. աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մեր երկրում պատշաճ մակարդակի չէ, պետք է պայքարել հանուն դրանց։ Ընդ որում, հարկ եմ համարում շեշտել, որ այս անմխիթար վիճակը միայն մասամբ է «վայրի կապիտալիզմի» ու օլիգարխիայի արդյունք, ոչ պակաս չափով «աշխատավորների պետության» ցուցանակի տակ ՍՍՀՄ-ում տիրող իրավազրկության շարունակությունն է։
Ինչո՞ւ՝ ազգային։ Հայերս (հայաստանցիներս) գաղութային ճնշման տակ ենք եղել դարեր և կարիք ունենք վերագտնելու մեր ինքնությունը։ Ընդ որում, մեր պատմության մեջ բազմաթիվ են ազատականության ու ժողովրդավարության հպարտանալիք դրսևորումներ, որ երբևէ չեն ներկայացվել համակարգված։ Հատկապես պետականությա՛ն տեսանկյունից ելնելով, ինչպես ասվում է իմ «600 տարի անց» ֆիլմաշարում (1996, մաս I, 1։55՛)։
Այստեղ ևս համախոհություն կա իմ ու Գևորգի միջև (որի հետ, ի դեպ, այս թեմայով հաճախ ենք զրուցել, երբեմն բանավիճել). «Եթե հայոց պատմությունը դիտարկվեր պետականության կերտման փորձերի և փորձի տեսակետից, հատկապես՝ արդար և ռացիոնալ պետականության, էթնոպիզմն այդպիսի խարիսխ չէր գցի ժողովրդի ուղեղներում» [10]:
Ճիշտ է, այսօր ազգայինի ու էթնոպիզմի սահմանը Հայաստանում շատ երերուն է։ Ընդ որում, «ազգայինը», մասնավորապես՝ ռազմա-հայրենասիրական հռետորաբանության դրսևորմամբ, հարմարավետության, նույնիսկ ագրեսիվության գոտում է։ Բայց զարգացած երկրները, որոնցից շատ բան ունենք ընդօրինակելու ժամանակակից կենսունակ պետություն ստեղծելու առումով, ժամանակին անցել են այդ ճանապարհը՝ համամարդկային արժեքներին գումարելով իրենց ինքնության «ներդրումը», ֆրանսիացու, լեհի, ֆիննի, սինգապուրցու «բրենդը»։ Անկախ խոսույթի ապահովությունից կամ վտանգավորությունից, ոչ՝ ի հեճուկս աներևույթ կամ բացահայտ թշնամիների, այլ հանունՍովետում խստորեն «գրաքննված» մեր ինքնության «տեքստի» ամբողջականության վերականգնման, Հայաստանում ևս դա պետք է արվի՝ վերագտնվի այսօրվա քաղաքացուն սրտամոտ դիցարանը, հանրայնացվեն մի քանի հազարամյակի անտեսված մարդկային պատումները։
Մի բանախոսության առթիվ պատասխանել եմ հարցին, թե արդյոք Սովետը չունե՞ր դրական կողմեր։ Ուներ։ Իհարկե։ Ինչպես և՝ ֆաշիստական Գերմանիան.
(Նկարում ողջագուրվում են ուկրաինացի գյուղացին ու սովետական զինվորը։ Վրան ուկրաիներեն մակագրված է՝ «Մեր բանակը աշխատավորների ազատագրության բանակ է։ Ի. Ստալին»։ Իրականում Կարմիր բանակը գրավում է Լեհաստանի արևելյան հատվածը՝ 1939 թ. օգոստոսի 23-ի Հիտլեր-Ստալին գաղտնի պայմանագրի արդյունքում)։
Ավելացնեմ՝ անվճար բժշկությունը։ Բայց բացասական երևույթներն անհամեմատ շատ էին։ Նախ առավելությունների զգալի մասը ձևական էր։ Նույն՝ բժշկությունը։ Իսկ կրթությունը նույն Բժշկական ինստիտուտում ահռելի կաշառքի կամ ամենաբարձր ղեկավարության հովանավորչությամբ էր հասանելի։
(Նկարում ներառված է հատված Հովհ. Շիրազի՝ Ստալինին ձոնված բանաստեղծությունից)
Այս երկու ամբողջատիրական համակարգի հրահրած պատերազմների, կիրառած բռնությունների զոհերի թիվը մոտ է 100 միլիոնին։ Որքանի հասել է աշխարհի բնակչությունը անհիշելի ժամանակներից մինչև 5-րդ դար…
Գրական իմ ուղենիշներն են ոչ-հարմարվողականությունը (նոն-կոմֆորմիզմ) և հետարդիականությունը (պոստմոդեռնիզմ)։
Ոչ-հարմարվողականության կարիքը Օսիպ Մանդելշտամը «Չորրորդ արձակ»-ում դաժան է ձևակերպել, բայց՝ արդարացի. «Համաշխարհային գրականության բոլոր գործերը ես բաժանում եմ թույլատրվածների և առանց թույլտվության գրածների: Առաջինները աղբ են, երկրորդները՝ գողացած օդ» [11]։ Որպես «Բնագիր» հանդեսի համահիմնադիր, համախմբագիր (2001-2006 թթ.)՝ ես էլ մեր հանդեսի էությունը հայտարարել եմ նոնկոմֆորմիզմը: Հետարդիականությունը անցյալի վերարժևորում է, որը ժխտողական չէ արդիականության (մոդեռնիզմի) նման, այլ վերախաղարկում է այն, հաճախ՝ հեգնանքի միջոցով։ Որի առանցքային գործիքը երևակայությունն է, սրամտությունը (սուր միտքը), քննադատական մտածողությունը՝ զարգացման կարևոր նախապայմաններ հետարդյունաբերական աշխարհում։
ԵՀՀ դիրքավորումը. «հարցերի լուծում, հայտնություն, ապագա»
ԵՀՀ կայքում նավարկելիս ուշադրություն դարձրի, թե որքան շատ են հավակնոտ ծրագրերը՝ «հարցերի լուծում, հայտնություն, ապագա»։ Բացի իր հայեցակարգը, հասարակական առաքելությունը ձևակերպելուց՝ «հզորացնել մարդկանց` սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը», ԵՀՀ-ը հազվադեպ կազմակերպություն է, երևի թե՝ ոչ միայն Հայաստանում, որը նույնիսկ մշակել ու առաջարկում է իր փիլիսոփայությունը։ Այն կոչվում է մտագործունեության մեթոդաբանություն, և ինչպես ԵՀՀ արտադրանքների ճնշող մեծամասնության դեպքում պատկերավորված է՝ աղյուսակի տեսքով։
Առաջին սյունակի առաջին հինգ փիլիսոփայական հոսանքը ԵՀՀ հեղինակած մեկ այլ աղյուսակում համարվում են միջին ու մեծ, ինչից կարելի է ենթադրել, որ մտագործունեության մեթոդաբանությունն էլ նույն դասից է։ Հարց է ծագում՝ մեթոդաբանությունը, որը անվանմամբ իսկ վերլուծական գործիքակազմ է, ունա՞կ է փոխարինել փիլիսոփայությանը։ Անուղղակի պատասխանը տալիս է ԵՀՀ կայուն գործընկեր, արևելագետ, դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանը «Ցանցապետություն» բանախոսության մեջ.
«Ես միշտ, որ ասում եմ «փիլիսոփայությունը մեռել է», իմ հետ կռիվ են անում: Հա, բայց փիլիսոփայությունը մեռել է: Ինչի՞ է մեռել: Որովհետև գրավոր ինֆորմացիան մեռավ: Փիլիսոփայությունը ծնվել է գրավոր ինֆորմացիայի (հետ – Վ.Մ.) ու մեռնում է գրավոր ինֆորմացիայի հետ: Այսինքն՝ հիմա ուրիշ բանում ա, ուրիշ սիստեմ է աշխարհի պատկեր կազմելու»:
Այսինքն, երբ այլևս չկա, գործունակ չէ փիլիսոփայությունը, որը, ի վերջո, տարբեր մշակումներով դրվում է քաղաքականության հիմքում, վերլուծական մեթոդն ինքը «արտադրում» է նոր գաղափարաբանություն.
«…այլ տիպի տեքստային կենտրոն է ստեղծվում, որն ինքնակառավարման մեխանիզմներ ա ծնում»…
Դա էլ հենց պետք է լինի, ըստ Հովհաննիսյանի, հայկական ցանցապետության հիմքը, ի տարբերություն ԱՄՆ, Չինաստան ցանց-պետությունների՝ իրենց ֆիզիկական առկայությամբ ամենուրեք, և ի տարբերություն Իսրայելի՝ մտասևեռման աստիճան հաճախակի տարվող զուգահեռի.
«Հրեական ցանցապետությունը ցանցապետություն չի: Հրեաները երկու հազար տարուց ավել է կառուցում են իրենց սփյուռքը, ու ինքը հենց որպես սփյուռք էլ կայացել է, ու այդպես էլ շարունակում է, իսկ մենք այն պահից, երբ որ կա Հայաստանի անկախ հանրապետությունը՝ այլևս սփյուռք չունենք: Մենք ունենք… Մենք սփռված ենք, մենք հայրենիք ունենք, հա՞՝ վերականգնած հայրենիք ունենք, ուստի մենք ունենք համայնքներ, որոնք ապրում են Հայաստանից դուրս»։
Մտագործունեության մեթոդաբանության դերի վերաբերյալ մեկ այլ կարևոր հարց։ Տեսությունը այլ «կենտրոններում» մշակելիս նույն արդյո՞ւնքն է տալու, արդյոք «գործիքակազմը» ունի՞ ներուժ, որպեսզի գտնի, դիցուք, «համաշխարհային ճգնաժամի հնարավոր պատասխանը»։
Իսկ մասնագիտությամբ փիլիսոփաների հետ քննարկվել-փորձարկվե՞լ է գաղափարը, թե՝ միայն «յուրայինների» շրջապատում, որը համերաշխ ստեղծարար թիմին սպառնացող վտանգներից է նաև ԵՀՀ-ի դեպքում։
Այս տարակույսները չհաշված, XXI դարի քաղաքացու իմ ակնկալիքներին համապատասխանում է, որ նոր տեսության «խնդիրը» լինի (ինքնա)ռեֆլեքսիան, որը ներքին բախումների հաղթահարման, քավության, կատարսիսի հիմքն է, «Աշխարհի տեսակը»՝ մերիտոկրատիան, արժանիների իշխանությունը, «Հատկանիշը»՝ ցանցը։
Ընդ որում, եթե ցանցայնությունը գոյաձև է դարձել վերջին տասնամյակների աշխարհում և, բնական է, որ նոր կանոններ թելադրի իրականությանը, հայերս եզակի ժողովուրդներից ենք, որ կարող ենք «դեժա վյու» ունենալ՝ մեր թիկունքում XVI- XVIII դարերի փորձն է։ Հայկական համաշխարհային վաճառականական ցանցը առաջիններից մեկը խրախուսեց ժամանակի նոր տեխնոլոգիան՝ գրատպությունը, որը տեսաբաններից շատերը արդիականության սկիզբն են համարում։ Վենետիկում, Ամստերդամում, Հռոմում, Մարսելում նրա աջակցությամբ տպագրված գրքերը հասնում էին տարբեր երկրների հայկական համայնքներ և, իհարկե, հայրենի հողում, բայց Պարսկական ու Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ, համատարած անգրագիտության պայմաններում ապրող մեր ազգակիցներին։ Երկրագնդի տարբեր ծայրերում կառուցելով եկեղեցիներ և այնտեղ հրավիրելով գրագետ մարդկանց՝ հոգևորականների, այս ցանցը ստեղծեց ու զարգացրեց նաև իր նամակագրական մեդիան։
Ինչ վերաբերում է մտագործունեության մեթոդաբանությանը, ԵՀՀ-ի իսկ տեղեկատվությունից օգտվելով, մանրամասնեմ, որ այս տեսությունը զուտ հայկական չէ, այն հազարամյակների մշակման արդյունք է, որը «արկղից դուրս» է բերում խնդիրները, միտքը ազատագրում «կրիայի քայլերով շարժվելուց» և «թունելային տեսլականի» մտածելակերպից»։ Նրա ժամանակակից հայեցակարգի հեղինակը ռուս փիլիսոփա Գեորգի Շչեդրովիցկին է (1929-94)։ Տեսության հիման վրա, ուշադրությո՛ւն, նաև «կազմակերպա-գործունեական խաղ» է ստեղծվել (ԿԳԽ):
«Այս մեխանիզմերի կիրառումը կոլեկտիվ մտածողության էկրան է կառուցում (Տե՛ս նկար 1-ը) և զարգացնում խմբային լեզու, որը թույլ է տալիս մասնակիցներին լինել միևնույն հարթության մեջ՝ այս կամ այն հասկացության կամ գործընթացի մասին խոսելիս»։
Հայաստանում ինչպես մեթոդաբանությունը, այնպես էլ խաղը զարգացրել է Դավիթ Հովհաննիսյանը։
Ի դեպ, ինքս մի քանի անգամ մասնակցել եմ այս խաղերին։ Ինչ-որ պահերի ուղեղիցդ ճռճռոց է գալիս, որովհետև մտքերը պետք է նկարել, հիշողության փոխարեն երևակայությունը գործի գցել, մաղել «տափակ մոդելները» (ԵՀՀ), կարծրատիպերը։ Ավելացնեմ նաև՝ ասոցիացիաները… որոնք հատուկ են պոետների ու լրագրողների մտագործունեությանը՝ կարծում եմ, հենց դա էր պատճառը, որ ես դժվարանում էի լիարժեքորեն ներգրավվել խաղին։) Այսուհանդերձ, սիրով եմ հիշում իմ փորձը, քանի որ առկա էր «կոլեկտիվ բանականության» աշխատանքին մասնակից լինելու հաճույքի զգացողությունը։ Դա խաղի հեղինակների ծրագրած արդյունքն էր. «վերջին փուլում տեղի են ունենում «մաքուր մտածողություն» կամ «ստեղծագործական շատրվան» գործընթացները, երբ մարդիկ խիստ ինտենսիվ գործընթացի արդյունքում ստեղծում են նոր գաղափարներ և տարբեր դիտանկյուններից դիտարկված պրոբլեմների լուծումներ»:
Տարիներ առաջ, երբ Գևորգ Տեր-Գաբրիելյանը դեռ ԵՀՀ տնօրենը չէր, ես առաջարկեցի հեռուստատեսային ձևաչափ տալ այս ստեղծարար խաղին, բայց գաղափարը չիրագործվեց։ Բայց հավատում եմ, որ ոչ հեռու ապագայում այսպիսի խաղը տեղ կգտնի տեսալսողական մեդիայում, որոշակի պահանջարկ կունենա և իր զարգացողական դերը կկատարի։ Առաջին նշաններից մեկը Ջորդան Փիթերսոնի և Սլավոյ Ժիժեկի «Երջանկությունը՝ ըստ կապիտալիզմի և մարքսիզմի» թեմայով բանավեճն էր 2019 թվականի ապրիլի 19-ին Տորոնտոյի «Մերիդիան» սրահում, որի տոմսերի գինը 300 դոլարից բարձր էր, իսկ ներկաների թիվը գերազանցեց հոկեյի նույն օրվա վճռական հանդիպման մասնակիցներին։
«Պետության նախագիծ»
Առհասարակ մտածողության զարգացումը կարևորում են ԵՀՀ-ում։ «Արխայիկ մտածողություն. Տեսլականը և նպատակը՝ քննադատական մտածողության անհրաժեշտ մաս», «Դավադրության տեսություն», «Երևակայական հանրույթներ, ռասիզմ, ազգայնականություն և կոնստրուկտիվիզմ» (Գևորգ Տեր-Գաբրիելյանի և Իզաբելլա Սարգսյանի դասախոսությունը ԵՀՀ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցում), «Կենսաքաղաքականություն»՝ ահա այդպիսի գործունեությունը արտացոլող թեմաներից մի քանիսը։
Ընդ որում, քանի որ ԵՀՀ թեմաների զգալի մասը թրենդային են քաղհասարակության «աշխարհում», առկա է գիտակցումը, որ «գլոբալիզացիան և տեխնոլոգիական նոր հնարավորություններն առաջ են բերում նոր մարտահրավերներ՝ վերադարձ արխայիկ մտածելակերպին ի պատասխան աշխարհի բարդությանը»։ Շատ կառուցակարգեր մենք ընդօրինակում ենք զարգացած երկրներից, բայց երբ «Մարդու իրավունքների գաղափարը փոխարինվում է «արևմտյան արժեքներ» գաղափարով, այն անմիջապես դառնում է անարդյունավետ»։ Վերապահումների հիմքերից մեկը, եթե շատ հեռուն չգնանք, գլոբալացման տեղայնացումն է։ Այդ երևույթի տեսական լուծում է տվել է ամերիկյան սոցիոլոգ Ռոբերթսոնը, որի ստեղծած գլոկալիզացիա եզրույթին իր «Երեք ծովերի տեսությունը» բանախոսությունում հղում է անում Դավիթ Հովհաննիսյանը. «Գլոբալը… պիտի չվնասի ինքնությանը: Այսինքն՝ պիտի գլոկալիզացիա իրականացվի, ոչ թե գլոբալիզացիա»:
Էդուարդ Սաիդի «Օրիենտալիզմը» ևս լավ օրինակ է, որ առանց քննադատական մոտեցման ընդունելով տարբեր առաջադեմ խոսույթներ, կարող ես բառացիորեն հայտնվել ինքդ քեզնից արևելք, «քո թիկունքում».
«Միևնույն ժամանակ, գենդերային ուսումասիրությունները, ֆեմինիզմը կամ հակագաղութային դիսկուրսը դարձել են այդչափ կարևոր, քանի որ «արևմտյան սպիտակ տղամարդու» թելադրած «ճշմարիտ պարադիգմի» (հարացույցի) գերիշխումը թերի և անարդար էր։ Միևնույն ժամանակ ինքնության չափազանցման քաղաքականությունը հանգեցնում է այլ «տափակ մոդելի» մոտեցման, ինչը խորացնում է մեգա-արժեքային համակարգերի միջև կոնֆլիկտը` այն լուծելու փոխարեն» (Գ. Տեր-Գաբրիելյան)։
Այս բոլոր տեսական որոնումներին ու ճշգրտումներին զուգահեռ ԵՀՀ գործունեության մեջ թերևս գերակշռող է պետական կյանքի որոշակի ոլորտների ռազմավարությունների մշակումը՝ «Հայաստանի կառավարման համակարգը և տնտեսությունը», «Հայաստան․ արտաքին հարաբերություններ և անվտանգության ռազմավարություն», «Հայաստանը և տարածաշրջանը», «Եվրոպական միություն և Հայաստան», «Կոնֆլիկտների տրանսֆորմացիա. գաղափարների պատմություն», «Կոնտեքստի ընդլայնում», «Բիզնեսից մինչև սոցիալական ձեռնարկատիրություն», «Նոր կառավարություն, հիմնարկների ռեֆորմ» (13.12.18), «Կրթության խնդիրները 21-րդ դարում», «Ազգ-բանակ», «Ինչին է ծառայում լրագրությունը. հակամարտություն լուսաբանող լրագրողների համար», «Կրոնի ազատությունը և ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները և երիտասարդները (փաստաթղթային հետազոտություն)», «Առողջության իրավունք»՝ Գեղարքունիքի մարզի փորձը, «Բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքը Հայաստանում․ կենտրոնանալով Գյումրի քաղաքում 1988թ․ երկրաշարժի հետևանքով անօթևանություն ձեռք բերած քաղաքացիների վրա»… և այլն։
Ինձ համար՝ որպես գրողի, ուրախալի է, որ «Պետության նախագիծը» չի շրջանցել գրական ոլորտը, որը սովորաբար արտասահմանյան դոնորների դրամաշնորհներին չի արժանանում՝ գուցեև իրավացիորեն համարում են, որ ինքներս պետք է մեր գրականության մասին հոգանք։ Շատ ողջունելի է նաև, որ «Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» ուսումնասիրության (իրականացվել է Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, 2011) չորս հեղինակի հոդվածներն ունեն հինգերորդ հեղինակի կողմից գրված ամփոփում (տարածված բացթողում է՝ բազմաթիվ հետազոտություններ, մշտադիտարկումներ մնում են առանց անդրադարձի, միտումների գիտակցման, վերլուծության)։ Այսուհանդերձ, որքան էլ որ «Բոհեմ. Փարիզ և Երևան. զուգահեռներ» էսսեի հեղինակ Վարդան Ջալոյանը կարևորել է իմ «Սողանք» վեպի նշանակությունը։)) կարծում եմ ժամանակակից հայ գրականության պատկերը չափազանց հպանցիկ է, բազմաթիվ անուններ, ստեղծագործություններ, հոսանքներ չեն շոշափվել, համադրվել, հակադրվել։
ԵՀՀ-ը պարբերաբար նաև գրքեր է հրատարակում, որոնցից մեկի վերնագիրն ու նյութերի ցանկը կներկայացնեմ, քանի որ ինքնին տպավորիչ են.
ԵՀՀ շատ ծրագրեր իրականացվել են միջազգային գործընկերների մասնակցությամբ, հրապարակումները միայն անգլերեն են՝ թվարկեմ նաև դրանցից երկուսը.
Hybrid Threats in EaP Countries
COVID-19 Related Vulnerabilities among Migrants in Armenia
ԵՀՀ-ը կարծես իրեն ընկալում է ավելին, քան քաղաքացիական հասարակության մի համայնք՝ ձգտելով պետության ինքնաբավության, սպասարկելով պահանջներ, որոնք այլ կերպ չեն բավարարվում, քան սեփական ուժերով, ինչպես հուշում է «ԵՀՀ օվկիանոսի տասներեք օգնականները» որոշ ինքնագորովանք պարունակող վերնագրով հանձնարարականը։ Բայց՝ կարևորը, որ այն նաև «դրսի» ընթերցողին է անհրաժեշտ՝ ոչ պակաս անհրաժեշտ։ Ճիշտ այդպես «ներսի» ու «դրսի» լսարանին հավասարապես օգտակար են «Հրատարակչական գործընթացի ուղեցույց», «Տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ», «Ֆասիլիտացիոն հմտություններ» նյութերը («ֆասիլիտացիոնի» փոխարեն կառաջարկեի «դյուրարարական» բառը)։
ԵՀՀ կայքում զետեղված է նաև «Ազատության զրույցներ» գրավիչ անունով մի հեռուստաշարք։ Ցավոք, վառ գաղափարների, հետադիմության ոգեշունչ հակադարձության իմ ակնկալիքները այս դեպքում չարդարացան։ ԵՀՀ-ի շատ զրույցներին պակասում է հակաճառությունը՝ հյուրերը համախոհ են, ակտիվ ձայնը, կիրքը, բայց եթե մտավախություն կա, որ վերջին երկուսը կարող են պաթոսի հանգեցնել, ապա բանավեճը, տվյալ դեպքում՝ ինտելեկտուալ բանավեճը, խիստ կարևոր ձևաչափ է։ Ընդ որում, ոչ միայն ԵՀՀ-ին՝ մեր ամբողջ մեդիային անհրաժեշտ։
Տրամաբանական է, որ հարցնեմ՝ լայն շրջանառություն ունի՞ «պետության նախագիծը» մեր երկրում։ Դատելով գրքերի, բանախոսությունների, քննարկումների, «դպրոցների» քանակից, «Հոդված 27» հաղորդաշարի (2009 – 2013) դիտումներից, «Մարդամեջ» սոցիալ նորարարության ճամբարներից, տասնյակի չափ «Ինֆոտներից»՝ բավական։ Բայց եթե ելնենք տեսանյութերի յութուբյան այցելություններից՝ ցանկալի է, որ ավելին լիներ։ Մյուս կողմից՝ մարտավարության ակնհայտ ընտրություն չկա. շատ հնարավոր է, որ մի շարք զգայուն թեմաների հանրային ավելի լայն իրազեկումը մանիպուլյացիաների ալիք հարուցի, ինչը կարող էր/է փակել քննարկումների, առարկայական բանավեճերի տվյալ պահին բաց նեղ դուռը։
Իհարկե, գիտելիքի, ռազմավարությունների, փորձառության՝ «Պետություն» նախագծի» կիրառումը, ավելի մեծ օգտավետությունը մեծապես կախված է պետությունից՝ ՀՀ իշխանությունից։ Կառավարությունից։ ՀԿ-ը՝ ինքը, չունի որոշումներ, փոփոխություններ իրագործելու հնարավորություն՝ միշտ և միայն խորհրդատուի դերում պետք է լինի։ Նկատի ունենալով բարեփոխումների հարցում քաղհասարակության և հետհեղափոխական իշխանությունների համախոհությունը՝ նրանց միջև համագործակցությունը պետք է որ սերտանար։ Բայց դա տեղի չունեցավ։ Հունիսի 20-ի ընտրություններից հետո նոր փորձի հնարավորություն է բացվել՝ որքան էլ որ պատերազմից հետո մեծացել է երկրի կախվածությունը քաղաքացիական հասարակության ակտիվ հակառակորդից՝ ՌԴ ներկա իշխանությունից, իսկ ԱԺ անցած երկրորդ ուժի ղեկավարը խոստացել է արգելել անցանկալի հասարակական կազմակերպությունները, եթե չընդունեն, որ «օտարերկրյա գործակալ են»։
«ԵՀՀ-ն որպես մեդիա և նոր սերնդի մեդիա մոդել»
Սա ԵՀՀ ինքնագնահատականն է։ Վերևում ես ընդդիմախոսեցի մի շարք դրույթների, քննադատեցի որոշ կողմեր, որ իմ կարծիքով թերի են, բայց ինձ դուր են գալիս մեծ նպատակներ հետապնդող անձինք ու հաստատությունները, «երազողները» և, այո, համաձայն եմ, որ ԵՀՀ-ը նոր սերնդի մեդիա մոդել է։ Տեղեկատվական պղտոր ջրերում՝ մի օազիս, որտեղ կարելի է նոր գաղափարների հանդիպել, փակուղիների մերժման, քաղաքացու հանդեպ սրտացավության ու քաղաքացիական դիրքորոշման քաջալերման, մտքի ազատագրման քաջալերման՝ մասնակցության եղանակով։
Թեև ենթադրում եմ, որ բուն օազիսում «օազիս» չկա, ինչպես դրախտում՝ դրախտ. նրա բնակիչները երազում են ավելի կատարյալ վայրի մասին։ Եվ դա հետագա զարգացման երաշխիքն է։
Վահրամ Մարտիրոսյան
գրող, թարգմանիչ, մեդիահետազոտող
[1] Արտահայտության հեղինակը գաղիացիների առաջնորդ Բրենուսն է, որը Հռոմը գրավելով Ք.ա 390 թվականին մեծ ռազմատուգանք նշանակեց՝ 329 կգ ոսկի, բայց «բարբարոսները» նաև իրենց օգտին էին թերակշռում թանկարժեք մետաղը։ Երբ հռոմեացիները բողոքեցին, Բրենուսը կշռաքարերի վրա գցեց նաև իր թուրը։
[2] Այս թեմային է նվիրված իմ «Թագաժահրանգները» հոդվածաշարը։ Իրականության կազմակերպված նենգափոխման շվարեցնող պատկեր է ցույց տալիս նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի անցկացրած հետազոտությունը։
[3] – You can’t believe the impossible!
– You just have little experience,” said the Queen. – At your age, I devoted half an hour to this every day! On some days I managed to believe in a dozen impossibilities before breakfast!
Alice’s Adventures in Wonderland
[4] Զուգահեռների ի՜նչ ահազդու շարք է պարունակում, դիցուք, 20-րդ դարի մեծագույն պատմաբաններից մեկի՝ Մարկ Բլոկի «Տարօրինակ պարտություն» գիրքը 1940 թ. ֆրանս-գերմանական 44-օրյա պատերազմի մասին, որից քաղվածքներ եմ հրապարակել ֆեյսբուքյան իմ էջում, մինչդեռ բավական է Գուգլի որոնումը, որ պարզ դառնա՝ հայ գիտնականները, որ պետք է նրան, ֆրանսիական «աննալների դպրոցը» առհասարակ ներկայացնեին հանրությունը, գրեթե ծանոթ չեն այս հեղինակին։
[5] https://epfarmenia.am/hy/document/Armenia-3-0-Understanding-20th-Century-Armenia
[6] 1992-ին «Կրեմլի կամ Կռատան արխիվներից» («Գթություն», Երևան) վերնագրով նամակների ու դիմումների մի յուրօրինակ հավաքածու հրատարակել է Վարազդատ Ավագյանը, որը 1970-80-ական թթ. աշխատել է ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նամակների բաժնում։
[7] Ես երկրորդ կարգի տերության խուլ, ճաղատացած, մռայլ դեսպաններից մեկն եմ։
[8] Վերապահումով, որ «գռեհիկ» (վուլգար) տերմինը հեղինակը չի օգտագործում միայն բացասական իմաստով, այլ՝ չեզոք:
[9] Տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ, ԵՀՀ, էջ 6
[10] Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Էթնոպիա» անտիպ ակնարկից
[11] Все произведения мировой литературы я делю на разрешенные и написанные без разрешения. Первые – это мразь, вторые – ворованный воздух. Осип Мандельштам, Четвертая проза