Վեթինգ․ Ալբանիայի փորձից
Աղբյուրը՝ www.civilnet.am
Ռոբերտ Ղազինյան, Մագդեբուրգի համալսարան
Ռոբերտ Ղազինյանը Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի Խաղաղության և կոնֆլիկտների ուսումնասիրության բաժնի մագիստրոս է: Աշխատել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի խաղաղարարական բաժնում՝ որպես ծրագրերի օգնական-համակարգող:
Նախապատմություն
2014թ. հունիսին Եվրոպական խորհուրդը Ալբանիային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, որը պետք է ավարտին հասցվեր երկրում կատարվելիք բարեփոխումների արդյունքում: Նույն թվականի հոկտեմբերին Ալբանիայի վերաբերյալ հրապարակված Եվրոպական հանձնաժողովի զեկույցում հատուկ ուշադրություն էր դարձվում երկրի դատաիրավական համակարգի բարեփոխման անհրաժեշտությանը՝ հստակ նշելով, որ անհրաժեշտ են կոնկրետ միջամտություններ իրականացնել դատական համակարգում՝ որպես կոռուպցիայի բարձր մակարդակի դեմ պայքարի անփոխարինելի միջոց: Այս առաջարկությունների հիման վրա Ալբանիայի խորհրդարանը մշակեց և 2016թ. ընդունեց դատաիրավական համակարգում բարեփոխումների փաթեթ, որը մի շարք այլ փոփոխությունների՝ սահմանադրական բարեփոխումների հետ մեկտեղ ներառում էր նաև «Ալբանիայում դատավորների և դատախազների վերագնահատման մասին» օրենքի ընդունումը, ինչը այլ կերպ հայտնի դարձավ որպես Վեթինգի մասին օրենք:
Այս օրենքը նպատակ էր հետապնդում բարձրացնել դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակական վստահությունը, քանզի ըստ սոցոլոիգիական հարցումների՝ Ալբանիայի բնակչության 76% տոկոսը չէր վստահում երկրի դատաիրավական համակարգին: Նախատեսված էր վերագնահատման ենթարկել 380 դատավորների և 320 դատախազների:
«Վեթինգ» կամ վերագնահատում իրականացնող մարմինները Ալբանիայում
Համաձայն Վեթինգի մասին օրենքի՝ դատավորների և դատախազների վերագնահատումը իրականացնում են երեք մարմիններ՝ անկախ որակավորման հանձնաժողովը (Independent Qualification Commission), որը վերագնահատում իրականացնող առաջին ատյանն է; բողոքարկման հատուկ պալատը (Special Appeal Chamber) որակավորման հանձնաժողովի որոշումների վերաբերյալ բողոքներ ընդունելու լիազորություններով, և Ալբանիայի սահմանադարկան դատարանի յոթ դատավորներից բաղկացած պալատը: Վեթինգ իրականացնող կառույցները ձևավորվում են հատուկ ընթացակարգով, որը ներառում է Ալբանիայի նախագահի կողմից մրցույթի հայտարարում և Խորհրդարանի կողմից թեկնածությունների հաստատում: Թեկնածուները պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտների, որոնք մշակվել են ԵՄ մասնագետների աջակցությամբ և խորհրդատվությամբ:
Անկախ որակավորման հանձնաժողովը և բողոքարկման հատուկ պալատը պետք է համագործակցեն և մշտադիտարկման ենթարկվեն միջազգային մոնիթորինգային մարմնի կողմից (International Monitoring Operation), որը կազմված է ԵՄ անդամ պետությունները ներկայացնող դատավորներից և դատախազներից: Համաձայն ընդունված օրենքի՝ միջազգային այս կառույցը չունի վեթինգի գործընթացում որոշում կայացնելու լիազորություն և միայն հանդես է գալիս խորհրդատուի դիրքերից՝ աջակցելով ալբանական վեթինգային մարմինների գործունեությունը:
Վերագնահատման սկզբունքներն ու գործընթացը
Դատավորների ու դատախազների վերագնահատման գործընթացը Ալբանիայում, համաձայն Վեթինգի մասին օրենքի, պետք է իրականացվեր երեք ուղղություններով․
- նյութական միջոցների գնահատում (asset assessment),
- անձնական կապերի և նախկին գործունեության գնահատում (background assessment),
- մասնագիտական պատրաստվածության գնահատում (proficiency assessment)։
Նյութական միջոցների գնահատումը կատարվում է գնահատվողի և նրա ազգականների ունեցած միջոցների վերաբերյալ հայտարարագրի և աուդիտի հիման վրա: Ստուգվում է դրանց գոյացման աղբյուրների օրինականության, գնահատվողի և նրա ազգականների կողմից ֆինանսական պարտավորությունների կատարումը: Գնահատվողը պետք է ֆինանսական հայտարարագրի հետ միասին ներկայացնի փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն նյութական միջոցների գոյացման օրինականությունը: Նման փաստաթղթեր չտրամադրելու դեպքում գնահատող մարմինները պետք է որոշեն չտրամադրման պատճառների հարգելիությունը և կայացնեն վերջնական որոշում գնահատվողի վերաբերյալ:
Անձնական կապերի և նախկին գործունեության գնահատումը նպատակ է հետապնդում վերհանել գնահատվող անձի ունեցած անպատշաճ կապերը այլ անձանց հետ, որոնք առնչվում են կազմակերպված հանցավորության հետ: Գնահատվող անձը պետք է լրացնի հատուկ հարցաթերթիկ իր անձնական կապերի և ծանոթությունների վերաբերյալ և այն ուղարկի Ալբանիայի ազգային անվտանգության գերատեսչություն՝ ստուգման նպատակով: Ըստ Վեթինգի մասին օրենքի՝ գնահատվողի կապերի և գործունեության ստուգումը պետք է իրականացվի վստահելի փաստերի առկայության, գաղտնի տեղեկատվության և հասանելի այլ տեղեկատվության հիման վրա: Գնահատումը պետք է իրականացվի օբյեկտիվորեն, անկախ գահատվողի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:
Պայմանները, որոնք կարող են փաստել գնահատվողի ունեցած ոչ պատշաճ կապերի մասին, հետևյալն են. գնահատվողը նկարահանվել է կամ մեկ այլ անձ նրան տեսել է կազմակերպված հանցավորության հետ կապ ունեցող անձանց հետ, գնահատվողը կամ նրա ազգականը ոչ պատահական շփում են ունեցել կազմակերպված հանցավորության հետ կապ ունեցող անձանց հետ, գնահատվողը կամ նրա ազգականը գումարներ, նվերներ կամ ծառայություններ են փոխանակել կազմակերպված հանցավորության հետ կապ ունեցող անձանց հետ, գնահատվողը մոտ ազգակցական կապ ունի կազմակերպված հանցավորության հետ կապ ունեցող անձանց հետ, գնահատվողը ներկա է գտնվում միջոցառումներին, որոնց մասնակցում են նաև կազմակերպված հանցավորության հետ կապ ունեցող անձ կամ անձիք:
Եթե գնահատվողի կապը կազմակերպված հանցավորության հետ հաստատվում է, ապա վերջինս չի կարող շարունակել իր աշխատանքը Ալբանիայի դատաիրավական համակարգում: Այս ամենով հանդերձ, պետք է նշել, որ օրենքում առկա են նաև մեղմացուցիչ հանգամանքներ, որոնք կարող են հաշվի առնվել գնահատող մարմինների կողմից ի շահ գնահատվողի:
Մասնագիտական պատրաստվածության գնահատումը նպատակ է հետապնդում ուսումնասիրել գնահատվողի բարոյական կերպարն ու մասնագիտական նախկին գործունեությունը: Դրանք պետք է համապատասխանեն Վեթինգի մասին օրենքի, ինչպես նաև Ալբանիայի դատավորների և դատախազների գործունեությունը կարգավորող այլ օրենքների չափանիշներին: Գնահատում իրականացնող մարմինը ուսումնասիրության է ենթարկում գնահատվող անձի կողմից որոշակի ժամանակահատվածում կազմված իրավական փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում կազմվում է զեկույց արդյունքերի վերաբերյալ: Գնահատվողին կարող է տրվել երեք տեսակի գնահատկան․ ա) կոմպետենտ, երբ գնահատվողը ցուցադրել է աշխատանքի ընդունելի որակ, արդար դատողություն, հաշվի է առել զոհերի և տուժողների իրավունքները, բ) թերի, երբ գնահատվողը աշխատանքի բավարար որակ չի ցուցաբերել, հազվադեպ է հաշվի առել տուժողների և զոհերի իրավունքները և գործել է ոչ արդյունավետ (այս դեպքում գնահատող մարմինը թերությունները վերացնելու համար կարող է առաջարկել վերապատրաստման ծրագիր) 3) անհամապատասխան, երբ գնահատողը ցուցադրել է աշխատանքի անբավարար որակ, թերի դատողություն, հաշվի չի առել զոհերի և տուժողների իրավունքները և թույլ է տվել այնպիսի անարդյունավետություն, որը հնարավոր չի լինի վերացնել վերապատրաստման միջոցով: Այս պարագայում գնահատվողը համարվում է իր զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան:
Ի՞նչ է ցույց տալիս ալբանական փորձը
Ալբանիայի հելսինկյան կոմիտեն հրապարակել է զեկույց, որտեղ ամփոփել և գնահատել է երկրում 2017թ. հունվարից մինչը 2018թ. հունիս ընկած ժամանակահատվածում իրականացվող վեթինգի գործընթացը և վերլուծել առաջ եկած խնդրներն ու մարտահրավերները: Մասնավորապես, կոմիտեն առանձնացրել է մի շարք խնդիրներ: Դրանցից հիմնականն ու ամենամտահոգիչը վեթինգ իրականացնող մարմինների ձևավորման ձգձգումն է և դրանից բխող բացաասական հետևանքները: Զեկույցում առանձնացվել է ձգձգման հիմնական հինգ պատճառ․
- Քաղաքական ծայրահեղ բևեռացված իրավիճակը, երբ խորհրդարանում չի հաստատվում վեթինգ իրականացնող մարմինների ձևավորումը, ինչը իր հերթին բերում էր դրանց գործունեությունից բխող այլ վերջնաժամկետների չպահպանմանը:
- Հայցերը Ալբանիայի սահմանադրական դատարան՝ ստուգելու Վեթինգի մասին օրենքի սահամանադրականությունը: Սրա արդյունքում օրենքի կիրառումը որոշ ժամանակով դադարեցվել էր:
- Խորհրդարանական բոյկոտը, որն ուղղված էր վեթինգի մարմինների ձևավորումը տապալելուն:
- Տեխնիկական խնդիրների պատճառով վեթինգ իրականացնող անձանց աշխատանքային պայմանների անորոշությունը և բյուջեի չհաստատելը:
Վերոնշյալ բոլոր պատճառները իրենց հերթին հարուցեցին շղթայական խնդիրներ վեթինգային մարմինների սահամանդրական և օրինական գործառույթների իրականացման առումով, խաթարելով այլ մարմինների՝ մասնավոևապես Ալբանիայի բարձրագույն դատական խորհրդի և բարձրագույն դատախազական խորհրդի ձևավորումն ու գործունեությունը: Այս երկու կառույցների անդամների վեթինգը հանդիսանում է առաջնահերթություն և օրենքի հիմնարար պահանջ:
Նման ձգձգումները լրջագույն խնդիրներ են առաջացրել Ալբանիայի դատաիրավական համակարգում: Առաջնային վեթինգի ենթարկված սահմանադրական դատարանի ինը դատավորներից յոթը համարվել են իրենց պաշտոնին անհամապատասխան և հրաժարական են ներկայացրել: 2018թ. օգոստոսի դրությամբ Սահմանադրական դատարանի 19 դատավորից պաշտոնավարում էին ընդամենը 4-ը, ինչը անհնար էր դարձնում լսումների անցկացումը քվորում չլինելու պատճառով:
Վեթինգի գործընթացի համատեքստում հրաժարականներ են ներկայացրել նաև Ալբանիայի բարձրագույն դատական ատյանի դատավորներ, դատախազներ և առաջին ատյանի դատավորներ: Համաձայն հրապարակված զեկույցի՝ նրանց փոխարինումը ձգձգվում է և առաջացնում է լրջագույն խնդիրներ ամբողջ համակարգում: Հատկապես մտահոգիչ է Սահմանադրական դատարանի դատավորների ազատ հաստիքների պատճառով այդ կառույցի պարալիզացումը, քանզի այս պարագայում գոյություն չունի մարմին, որը կկարգավորի սահմանադրական վեճերը, կտա սահմանադրության համապատասխան օրենքների մեկնաբանություն կամ կվիճարկի պետական պաշտոնյաների կամ այլ դատարանների կողմից քաղաքացիների իրավունքերի և ազատությունների ոտնահարումը սահմանադրության տեսակյունից:
Երկրում փաստացի ստեղծվել էր իրավիճակ, երբ կարող էին տեղի ունենալ սահմանադրության անհետևանք խախտումներ: Վերոնշյալ խնդիրները, որոնք առաջացել են վեթինգի գործընթացի ձգձգման և սխալ իրականացման պատճառով խեղաթյուրել են Ալբանիայի դատական գործընթացների արդյունավետությունը և արդարադատության իրականացումը, ինչը լիովին հակասում է քաղաքացիների հիմնական պահանջներից մեկին՝ ունենալ վստահելի և թափանցիկ դատաիրավական համակարգ:
Օգտագործված աղբյուրներ
The vetting of judges and prosecutors: An Albanian experience
Ռոբերտ Ղազինյանը Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի Խաղաղության և կոնֆլիկտների ուսումնասիրության բաժնի մագիստրոս է: Աշխատել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի խաղաղարարական բաժնում՝ որպես ծրագրերի օգնական-համակարգող: