«Ես եմ մեդիան» վիդեո բլոգինգի դպրոց
Աղբյուրը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Եթե 16-25 տարեկան եք, հետաքրքրվում եք օնլայն տեսահարթակներով, սիրում եք ինտերնետային վիդեոներ դիտել, տեսախցիկի առջև զգում եք ինչպես ձուկը ջրում, ունեք կարևոր ու հետաքրքիր ասելիք, երազում եք մրցանակակիր ֆիլմեր նկարել, պատմություններ գրել ու բեմադրել, շրջապատում հայտնի եք որպես բնածին երգիչ, խոհարար կամ նկարիչ, կամ պարզապես ուզում եք ձեր աշխարհը ցույց տալ հազարավոր այլ երիտասարդների և համոզված եք, որ կարող եք հայաստանյան ինտերնետի նոր աստղը դառնալ, ուրեմն «Ես եմ մեդիան» վիդեո բլոգինգի դպրոցը ձեզ համար է:
Տասը օրերի ընթացքում դուք կստանաք ձեր երազած տեսաալիքը ստեղծելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ գաղափարի մշակում, սթորիթելինգ, նկարահանում, մոնտաժ, նաև օնլայն անվտանգություն, լսարանին ներգրավելու միջոցներ և մոնետիզացիա։ Այս ամենի մասին կպատմեն արտասահմանյան ու հայաստանցի լավագույն մասնագետներն ու փորձառու վլոգերները:
Եթե ընտրվեք և դառնաք դպրոցի ուսանող, ապա նաև հաջողությամբ ավարտեք դասընթացները, կստանաք տեխնիկական և մասնագիտական աջակցություն ՝ ստացած գիտելիքը կիրառելու ու օնլայն լսարանը գրավելու համար:
Բայց սա դեռ ամբողջը չէ։ Դպրոցի պատվիրակները կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու օնլայն վիդեոյի բնագավառում տարվա ամենահետաքրքիր իրադարձությանը՝ VidCon կոնֆերանսին, հանդիպելու YouTube-ի մասնագետներին ու ամենահաջողակ վլոգերներին, մասնակցելու վարպետության դասերի ու քննարկումների:
Եթե կարծում եք, որ սա հենց ձեր մասին է, լրացրե՛ք հայտադիմումը մինչև փետրվարի 10-ը: Հարցերի դեպքում կարող եք գրել Լուսինե Գրիգորյանին՝ [email protected] էլ փոստի հասցեով:
Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: