Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 06 նոյեմբերի, 2018
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ
Աղբյուրը հասանելի է այստեղ։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթի հիմնական խնդիրներն են`
• երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը և զարգացումը
• երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը և հնարավոր ներդրումը
• սոցիալական և հասարակական կարևոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների և կառավարման պետական մարմինների միջև բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործումը
• երիտասարդության սոցիալական գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրումը պրակտիկայում:
Մրցույթի կազմկոմիտեի (այսուհետ՝ Կազմկոմիտե) կողմից ընդունված մրցութային հայտերը գնահատելու նպատակով ստեղծված մրցույթի փորձագիտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կիրականացնի մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը։ Փորձագիտական նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտերը կանցնեն Մրցույթի եզրափակիչ փուլ:
2018 թվականի դեկտեմբերին Երևան քաղաքում կկազմակերպվի Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա Հանձնաժողովի նիստ, որտեղ տեղի կունենա նախագծերի պաշտպանություն (ներկայացման ձևով) հեղինակների (հեղինակային խմբերի) կողմից և նախագծերի վերջնական գնահատում: Սփյուռքահայ հեղինակները (հեղինակային խմբերը) իրենց նախագծերը կարող են ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Հանձնաժողովի նիստի ավարտին Հանձնաժողովը ըստ հաստատված անվանակարգերի կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները և կներկայացնի դրանք կազմկոմիտեին:
Կազմկոմիտեն կամփոփի Հանձնաժողովի գնահատականները, ինչի արդյունքում կորոշվեն մրցույթի հինգ հաղթող նախագծերը:
Մրցույթում հաղթած նախագծերը կստանան խրախուսական պարգևներ և հավաստագրեր:
2018 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
• Տեխնիկական գիտություններ
• Մանկավարժական գիտություններ
• Ռազմական գիտություններ
• Սոցիոլոգիական գիտություններ
• Գիտություններ Երկրի մասին:
Նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային և էլեկտրոնային կրիչով (Word Document (մինչև 10 էջ) և Power Point Presentation (մինչև 25 սլայդ)): Չեն բացառվում էլեկտրոնային ներկայացման այլ հավելյալ միջոցներ՝ վիդեո, աուդիո նյութեր, գրաֆիկական սխեմաներ, համակարգչային ծրագրեր և այլն:
Կիրառվելու են նախագծի գնահատման հետևյալ չափանիշները՝
• ներկայացված թեմայի արդիականությունը և նախագծի գործնական նշանակությունը
• մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականությունը
• գաղափարի նորույթը կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականությունը
• նորարարական նախագծի (հետազոտության) նպատակների, խնդիրների հստակությունը և տրամաբանական հիմնավորվածությունը և դրանց հասնելու ուղիների հստակությունը
• թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի և գործնական հանձնարարականների յուրօրինակությունը:
Լրացուցիչ առավելություն են ստանում ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները:
Մրցութային հայտերն ընդունվում են 2018 թվականի նոյեմբերի 5-26-ը:
Հայտերն (ձևը կցվում է) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Կից ներկայացվում է մրցույթի անցկացման կարգը:
Դրամաշնորհ