ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ՍՈՎՈՐԻ՛Ր ԵՎ ՎԱՍՏԱԿԻ՛Ր» ԾՐԱԳՐԻ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացմանը և կայուն տնտեսական աճին: Ծրագիրն օգնում է տարբեր կրթություն և հմտություններ ունեցող արցախցիներին՝ ստեղծել եկամտի առավել կայուն և շահավետ աղբյուրներ՝ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնման միջոցով: Այն նաև նպատակ ունի զարգացնել պետական ծառայողների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև օգնել ձևավորել առավել նպաստավոր միջավայր Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների համար:
ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրի «Ձեռնարկատիրություն» ենթաբաժինը բաղկացած է հետևյալ փուլերից.
- Նախակրթական փուլ
Բոլոր դիմորդների համար (անկախ ընտրվելու հանգամանքից) կառաջարկվի նախապատրաստական առցանց դասընթաց, որի ընթացքում դիմորդները ստանում են հիմնարար գիտելիքներ և հմտություններ, որոնք հետագայում (ընտրվելու դեպքում) օգնում են ավելի սահուն անցում կատարել կրթական փուլին։
- Կրթություն ձեռնարկատիրության ոլորտում
Տասներկուշաբաթյա առցանց դասընթացը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը, ծանոթացնում է ֆինանսների և ձեռնարկատիրության այն հիմնադրույթներին, որոնք անհրաժեշտ են բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար, օգնում է ձեռք բերել տարբերվող մտածելակերպ, բացահայտել նորարար ռազմավարություն բիզնեսը հաջողությամբ զարգացնելու համար: Դասընթացը մշակված է Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ։
- Դրամաշնորհներ
Դրամաշնորհի փուլ անցած մասնակիցները դիմում են մինչև 1 600 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի: Ընտրությունը կատարվում է առաջադիմության, բիզնեսի հետագա զարգացման հնարավորությունների, կայունության, ներկայացման հմտություների և այլ չափանիշների հիման վրա։
- Ուղղորդման փուլ
Անկախ դրամաշնորհի փուլ անցնելու հանգամանքից և դրամաշնորհի փուլի արդյունքներից, դասընթացի բոլոր մասնակիցները օգտվում են մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես խորհրդատվություն, մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություններ։
Ծրագրին կարող են դիմել անհատներ Արցախի բոլոր շրջաններից, ովքեր՝
- ունեն ՀՀ քաղաքացիություն կամ Հայաստանում մշտական կացության կարգավիճակ,
- 18 և բարձր տարիքի են,
- առաջին քայլերն են անում սեփական բիզնեսում (մինչև 1․5 տարի) կամ ունեն իրագործելի բիզնես գաղափար
- ցանկանում են իրենց բիզնեսի միջոցով ներդրում ունենալ սեփական համայնքներում,
- պատրաստ են իրենց բիզնես հմտությունները զարգացնելու համար մասնակցել 12-շաբաթյա առցանց վերապատրաստման ամբողջական դասընթացին,
- պատրաստ են մասնակցել մեկ տարի տևուղությամբ Ուղղորդման փուլին,
- պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված վերջնաժամկետներում,
- պատրաստ են ծանրաբեռնված աշխատանքային շաբաթներ ունենալ։
Չեն կարող դիմել.
- հասարակական կազմակերպությունները,
- բիզնես դասընթացավարները,
- անհատներ, ում բիզնեսները գործում են 1.5 տարուց ավել
- նույն անձինք տարբեր բիզնես ծրագրերով
- տարբեր անձինք նույն բիզնես ծրագրով
Դիմելու ընթացակարգը.
- Դասընթացները տեղի են ունենում առցանց՝ յուրաքանչյուր կիրակի՝ 10:00-16:00 (ներառյալ մեկժամյա ընդմիջումը)
- Դասընթացի լեզուն հայերենն է
- Դիմումներն անհրաժեշտ է լրացնել հայերեն և հայատառ
- Այլ լեզուներով կամ այլ տառերով (օրինակ՝ կյուրեղագիր (кириллица) և/կամ լատինատառ) լրացրած դիմումները չեն դիտարկվում
- Դիտարկվում են միայն լիարժեք լրացված դիմումները (թերի հայտերը չեն դիտարվում)
- Լրացրել դիմում-հայտն այստեղ:
Ժամանակացույց.
- Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 12, ժամը՝ 17։00
- Հարցազրույցի փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ հուլիսի 21-24, 2020թ.
- Հարցազրույցի փուլ՝ հուլիսի 27-օգոստոսի 12, 2020թ.
- Գործնական փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ օգոստոսի 14-18, 2020թ.
- Գործնական փուլ՝ օգոստոսի 19-31, 2020թ.
- Դասընթացի փուլ անցած մասնակիցների տեղեկացում՝ սեպտեմբերի 01-04, 2020թ.
- Դասընթացի փուլի սկիզբ՝ սեպտեմբերի 06, 2020թ.
- Դասընթացի փուլի ավարտ՝ նոյեմբերի 22, 2020թ.
Հետադարձ կապ՝ [email protected] | +374 60 722 234, +374 60 722 237: